«Սերգեյի փոքր տղան 3.5 տարեկան է, երբ հեռուստացույցով ուղղաթիռ են ցույց տալիս, գոռում է՝ պապաս, պապաս». ՀԺ

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Մարտական ուղղաթիռի խոցման օրից անցել է մեկ տարի։ Ուղիղ մեկ տարի առաջ, նոյեմբերի 12-ին, Արցախի երկնքում՝ արևելյան հատվածում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ, ադրբեջանական զինված ուժերը, խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, խոցեցին պաշտպանուծյան բանակի ՄԻ-24 ուղղաթիռը։

Ուսումնավարժական ուղղաթիռի օդաչուների հրամանատար, 38-ամյա մայոր Սերգեյ Սահակյանի, 25-ամյա ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի եւ 22-ամյա լեյտենանտ Ազատ Սահակյանի ընտանիքի անդամները, ընկերներն ու ծառայակիցները, բարձրաստիճան զինվորականները երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին։ Ներկաները հարգանքի տուրք մատուցեցին զոհված հերոսների հիշատակին, հոգեհանգստի կարգ մատուցվեց։

Զոհված օդաչու, հրամանատար Սերգեյ Սահակյանի մայրը որդու գերեզման չայցելեց, պատճառը մեկն էր՝ նա չի հավատում, որ որդին այլեա չկա։ Սերգեյի քույրը՝ 36-ամյա Սիրանույշ Գրիգորյանը նույնպես չի հավատում, որ ավագ եղբայրն այլեւս իրենց կողքին չէ։

«Մենք չենք հավատում ընդհանրապես, որ ինքը չկա, որովհետեւ մենք ոչինչ չենք տեսել, ոչ մի բան չգիտենք, դեռ հույսով սպասում ենք, որ ինքը կարող է գա։ Մենք մեր աչքով իրեն չենք տեսել, ոչ իր դիակը, ոչ մասունքներ, մենք ոչինչ չենք տեսել ընդհանրապես, դրա համար հավատում ենք, որ մի գեղեցիկ օր ինքը կգա կամ մեզ կտեղեկացնի, որ այսինչ տեղն եմ, եկեք իմ հետեւից։ Մենք հավատում ենք ու ապրում ենք այդ հավատքով»,– ասաց օդաչուի քույրը։ Խոսելով դեպքի մասին՝ Սիրանույշ Գրիգորյանը նշեց, որ Սերգեյ Սահակյանը չէր կարող մոտ թռչել ադրբեջանական սահմանին, քանի որ փորձառու էր եւ իր գործը լավ գիտեր. «Ինքը շատ փորձառու էր։ Երկու ուղղաթիռ է թռել, չէր կարող մեկը սխալ գնալ, Սերգեյը աոաջին ուղղաթիռի հետեւից է գնացել, հետետղն է եղել, իրենց ինչ հրաման տվել են՝ նա էլ կատարել է, դրա համար ասում եմ, որ չէին կարող սխալ մտնել, նամանավանդ Սերգեյը, այնքան պարտաճանաչ, բանիմաց, իր գործը շատ լավ գիտեր, եւ ես հենց առաջին օրն էլ ասել եմ, որ հնարավոր չի եղբայրս սխալ մտած լիներ։ Մենք սկզբից ճիշտը չգիտեինք, գիտեինք, թե մենակով են եղել, բայց հետո, որ տեսանք զույգով են թռել, արդեն 100 տոկոս համոզվեցի, որ Սերգեյը չէր կարող սխալվել։ Մեղավորին բոլորս էլ գիտենք։ Ուղղակի չգիտեմ… սխալն այն էր, որ այդ տարածքում պետք է զորավարժություններ չկատարվեր, այդքան բան։ Երեկ կարդում ենք, որ Ադրբեջանը սկսել է զորավարժություններ անցկացնել սահմանային գծում, բա եթե զորավարժություն է անում սահմանին, մեր հակաօդային պաշտպանությունը ի՞նչ է անում, թե՞ իրենք ավելի ուժեղ են մեզնից, որ կարողացան անզեն ուղղաթիռը մի վայրկյանում խոցեն, քաշվեն մի կողմ ու մնան անպատասխան։ Ծնողներս երեկ են եկել Ոուսաստանից, բայց մայրս ոչ մի բան չի ընդունում, չի հավատում, նա գերեզմանին էլ չի մոտենում։ Ինքն ասում է՝ իմ տղեն այդտեղ չի, ես գամ ինչի վրա լացեմ, ասում է՝ իմ տղուն հետ բերեք, մեզ էլ չի թողնում մոտենալ գերեզմանին»,– պատմեց Սերգեյ Սահակյանի քույրը։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեպքից հետո հայտարարել էր, որ ադրբեջանական զինուժի կողմից հայկական ուղղաթիռի խոցմանը արդեն իսկ տրվել է «անհամաչափ պատասխան»։

Սերգեյ Սահակյանի քույրը, սակայն, պնդում է, որ համարժեք պատասխան չի եղել եւ դեռ սպասում են այդ պատասխանին. «Այդ պատասխանը… գիտե՞ք որը ճիշտ կլիներ, որ նույն վայրկյանին մտնեին ու հանեին նրանց, ոչ թե 10 օր սպասեին ու 10 օր հետո չգիտեմ ինչ բերեին։ Ահավոր էր այդ 10 օրը, մենք չգիտեինք ինչի սպասեինք, հույսով հավատով էինք»,– հավելեց Սիրանույշը։ 38-ամյա հրամանատարը ամուսնացած էր, ուներ երեք որդի։ Երկվորյակ որդիներից 12-ամյա Ալեքսանդր Սահակյանը ցանկանում է շարունակել հոր գործը՝ դառնալ ռազմական օդաչու։ «Սերգեյի փոքր տղան 3.5 տարեկան է, երբ հեռուստացույցով ուղղաթիռ են ցույց տալիս, գոռում է՝ պապաս, պապաս, դա ամենաահավոր բանն է, որ երեխան մինչեւ հիմա սպասում է, որ իր պապան պետք է գա։ Երազ է տեսնում, արթնանում, ասում է՝ մամա երազիս պապային եմ տեսել»,– եզրափակեց զոհված օդաչուի քույրը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս