Բաժիններ՝

Ինչո՞վ է պայմանավորված ԱՎԾ-ում և ԿԸՀ-ում հաշվառված ընտրողների թվերի հակասությունը

Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հակասություն է տեսնում Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած ՀՀ-ում բնակչության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ընտրական ռեգիստրում գրանցված բնակչության թվերի միջև: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ա. Սաքունցը նշեց, որ, ըստ ԱՎԾ-ի տվյալների՝ ՀՀ-ում 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բնակվում է 3 միլիոն 10.600 մարդ: Միաժամանակ, ԱՎԾ-ն հաղորդում է, որ 18 տարեկանից բարձր անձինք պետք է կազմեն 70%-ը:

«Ընտրողների թիվը, եթե վերցնում ենք 3 միլիոն 10.600-ը՝ 70 տոկոսը, 2 միլիոն 197738-ն է, նույնիսկ կարող ենք վերցնել 75 տոկոսը, այնուամենայնիվ, չի ստացվում այն թիվը, ինչը ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ 2 552 243, տարբերությունը լինում է 358228: Ի դեպ, ԿԸՀ-ն այդ թվերը ստանում է Ոստիկանության կողմից հրապարակված թվերից»,- նշեց Ա. Սաքունցը:

Ասուլիսին ներկա մեկ այլ բանախոս՝ ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն էլ նկատեց, որ բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմինը Ոստիկանությունն է, և ԱՎԾ-ն չի կարող համարվել բնակչության պետական ռեգիստր վարող լիազոր մարմին. «ԱՎԾ-ի և Ոստիկանության կողմից բերված թվերը համադրելը զավեշտալի կլինի»:

Մ. Բիչախչյանը նշեց, որ ԱՎԾ-ն այլ մարմին է, այլ աշխատանք է կատարում, իսկ Ոստիկանությունը՝ այլ: «Ոստիկանության կողմից պաշտոնապես հրապարակվող տվյալների համաձայն՝ նոյեմբերի 4-ի դրությամբ բնակչության պետական ռեգիստրում ունենք 3317965 հաշվառված բնակիչ»,- նկատեց Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ:

Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ ընտրողների ցուցակը ձևավորվում է բնակչության պետական ռեգիստրի հիման վրա, որի լիազոր մարմինը Ոստիկանությունն է:

Ա. Սաքունցն էլ իր հերթին՝ նկատեց, որ գոյություն ունի ԱՎԾ, որը պետական մարմին է, որի տեղեկատվության աղբյուրները հանդիսանում են պետական այլ մարմինները, այդ թվում՝ նաև ժողովրդագրական տվյալներ. «Մենք կա՛մ հիմա ընդունում ենք, որ պետական ռեգիստր վարող մարմինը՝ Ոստիկանությունը, գտնում է, որ ԱՎԾ տվյալները ճիշտ չեն, կա՛մ մենք գտնում ենք, որ պետական ռեգիստրի տվյալները ճիշտ չեն: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, պետք է հասկանամ՝ ինչո՞ւ գերադասեմ այս տեղեկատվության աղբյուրը մյուսից, որովհետև երկուսն էլ պետական կառույցներ են»:

Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետը պարզաբանեց, որ ինքը չի ասում՝ ԱՎԾ-ի ցուցանիշներն իրենց համար արժանահավա՞տ են, թե՞ ոչ. «Պետական ռեգիստրը վարում է Ոստիկանությունը, որի համար հիմք չեն հանդիսանում ԱՎԾ-ի ցուցանիշները: Պետական ռեգիստրում հաշվառված բնակչության թվի հիման վրա ձևավորվում է ընտրողների ռեգիստրը: Եթե Ընտրական օրենսգրքում գրված լիներ, որ ընտրողների ցուցակները ձևավորվում են բնակչության պետական ռեգիստրի և պետական վիճակագրական ցուցանիշների հետ համադրման արդյունքում, կփորձեինք հասկանալ՝ որն է ավելի արժանահավատ, կամ արժանահավատ չէ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս