«Այդ տեսակի տրանսպորտային միջոցները, որպես կանոն, ունեն «սև արկղեր»». փաստաբանը՝ Տուլայում ավտոբուսի վթարի մասին

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 03-ի սահմաններում, Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Դոն ավտոմայրուղում Հայաստան ընթանալիս «Քինգ Դելյուքս» ՍՊԸ-ին պատկանող ավտոբուսի վթարի արդյունքում մահացել է 9 մարդ, 34-ի առողջությանն անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ ՀՀ-ում: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ՝ քրեական գործ է հարուցվել երկու հոդվածով: Ըստ կոմիտեի հաղորդագրության՝ «դեպքի հետ կապված ԶԼՄ-ների հաղորդումներով ստացված տեղեկությունների վերլուծությամբ՝ ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել՝ նաև ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի համար պատասխանատու անձանց կողմից տրանսպորտային միջոցները տեխնիկական անսարքությամբ շահագործման բաց թողնելու արդյունքում»:

Պատասխանելով 168.am-ի հարցին՝ արդյոք ՀՀ իրավապահները կարո՞ղ էին քրեական գործ հարուցել, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց. «Նման քրեական գործ հարուցելու առթի կարող է հանդիսանալ միայն դեպքը, որի արդյունքում Քրեական օրենսգրքով նախատեսված հետևանքներ են առաջացել՝ մարդկանց առողջությանը պատճառվել է միջին կամ ծանր վնաս կամ երկու և ավելի անձանց մահ, այսինքն՝ պատճառական կապը պետք է առկա լինի: Պատճառական կապի առկայության վերաբերյալ քրեական գործը քննվում է նաև ՌԴ-ում: ՌԴ քննիչն այդ փաստի առթիվ քրեական գործ է հարուցել, և բնական է՝ եթե հայտնաբերեց, որ բացի վարորդից՝ այլ անձինք ևս կարող են պատասխանատվության ենթարկվել, այդ թվում այդ տվյալ ավտոմեքենան թողարկող կամ արտադրող կազմակերպությունը… որովհետև հնարավոր է՝ վնասված լինի տվյալ տրանսպորտային միջոցի մի դետալ, որն իրականում սխալ կամ անփույթ տեղադրման արդյունք է եղել, այն կարող է չինական արտադրության լինել:

Այդ դեպքում պետք է Չինաստանում էլ քրեական գործ հարուցեն, որովհետև հանկարծ կարող է պարզվել, որ իրենց սխալ տեղադրած դետալի կամ սխալ արտադրած դետալի արդյունքում է առաջացել այդ վթարը: Այդ ենթադրությունների հիման վրա բոլոր պետությունները, որոնք առնչություն են ունեցել այդ մեքենայի հետ, պետք է քրեական գործ հարուցեին, որովհետև բոլոր դեպքերում բացառված չէ, որ հնարավոր է այդ դետալի (չինական կլինի, անգլիական, թե ամերիկյան) փչանալու հետևանքով առաջանար այդ վթարը, և այդ մարդիկ մահանային»:

Կարդացեք նաև

Հարցին՝ արդյոք այդ պահին կարո՞ղ էր ՀՀ իրավապահների կողմից գործ հարուցվել, փաստաբանը պատասխանեց. «Վթարը տեղի է ունեցել Ռուսաստանում, ապրիորի ասել, որ իրենք գործը սխալ կքննեն, չի կարելի: Պետք է սպասեն, այնտեղ կատարվի նախաքննությունը, ապացույցներ ձեռք բերվեն, թե ինչի հետևանքով են առաջացել հետևանքները՝ վարորդի՞ գործողությունն է, ճանապարհի՞, տրանսպորտային միջոցի՞ խնդիրն է:

Եվ եթե պարզվեր, որ տրանսպորտային միջոցի խնդիրն է եղել, որը եղել է մինչ այդ և վթարի պատճառ է հանդիսացել, նախաքննական մարմինն այդ փաստի առթիվ գործի քննությունը կշարունակեր, ոչ թե առանձին գործ կհարուցեր, կգտներ, որ մեղադրյալներ պետք է ներգրավվեն ինչ-որ անձինք:

Եթե այդ անձը լիներ Հայաստանում, ապա կդիմեր Հայաստանի իշխանությանը, որ այդ անձին հանձնեն կամ գործը կուղարկեր Հայաստան, որտեղ կշարունակեին գործի քննությունը: Բայց 0.01 տոկոս հավանականություն չկա, որ այդ տեսակի տրանսպորտային միջոցի կայունության, կառավարման կորուստ առաջա ավտոմեքենայի անսարքության պատճառով, որովհետև լուսանկարներից երևում է, որ անիվները վնասված չեն: Եթե ուշադիր նայեք լուսանկարները, անիվների վնասի տեղ չեք գտնի: Բացի այդ՝ եթե խոշորացնեք, կտեսնեք՝ անիվները այն աստիճանի մաշվածության չեն, որ դրա արդյունքում հնարավոր էր՝ կառավարման կորուստ առաջանար»:

Միևնույն ժամանակ Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ այդ տեսակի տրանսպորտային միջոցները, որպես կանոն, ունեն «սև արկղեր». «Իրենք ձայնագրում են ավտոմեքենայի տեխնիկական միջոցների շարժերը՝ ավտոմեքենայի արգելակումը, ղեկի թեքումը, շարժը: Ամեն ինչ ձայնագրվում է: Բավական է իրենք «սև արկղերը» ստանան, տվյալները հանեն, ճիշտ պատասխան կստանան: Ենթադրաբար ամենաշատ հավանական կլինի վարորդի մեղքը, որ սխալ է կառավարել այդ ավտոմեքենան: Բայց բացառված չէ՝ ընդունենք ինչ-որ մարդ վազել է փողոցով, ինքը փորձել է փախցնի: Դա էլ հնարավոր է, որովհետև առանց տվյալների հնարավոր չէ ոչինչ ասել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս