
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի փաստով քրեական գործ է հարուցվել

Իրավապահները քրեական գործ են հարուցել Տուլայի մարզում ՃՏՊ-ի փաստով, ինչի հետևանքով զոհվել է Հայաստանի 7 քաղաքացի, հայտնում է Interfax-ը:
Ինչպես հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության Տուլայի մարզի վարչության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Յարցևը, գործը հարուցվել է «Երթևեկության կանոնների խախտում ու տրանսպորտային միջոցի շահագործում, որը անզգուշաբար դարձել է 2 ու ավելի անձանց մահվան պատճառ» հոդվածով:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսում գտնվել է Հայաստանի 63 քաղաքացի: Ավտովթարի հետևանքով 7 մարդ մահացել է, ևս 47 մարդ տուժել, նրանցից 7-ը հոսպիտալացվել են ծանր վիճակով:
Հիշեցնենք, որ ուղևորատար Hyundai մեքենան կողաշրջվել է Ուզլովայա քաղաքի «Դոն» մայրուղում: Ավտոբուսը պատկանել է հայկական կազմակերպության:
Ռուսաստանի ԱԻՆ-ի Տուլայի մարզի գլխավոր վարչությունում բացվել է «թեժ գիծ»՝ 8(4872)21-16-09 հեռախոսահամարով: