Բաժիններ՝

Թեժ վիճաբանություն ԱԺ-ում. Ուրիխանյանը Մարուքյանին առաջարկեց հաշիվները դրսում պարզել

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի հեղինականերն են  Թևան Պողոսյանը, Էլինար Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ջհանգիրյանը և Հեղինե Բիշարյանը:

Է.Մարուքյանը նշեց, որ վերջին շրջանում լայն տարածում է ստացել  սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի՝ «ֆեյքերի», միջոցով վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվության տարածումը, որը խախտում է մի շարք անձանց ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, արժանապատվության իրավունքը:

Խնդիրն, ըստ նրա, առավել կարևորվում է նրանով, որ մի շարք լրատվական միջոցներ վերարտադրում և տարածում են կեղծ օգտատերերի զրպարտություն կամ վիրավորանք պարունակող տեղեկատվությունը, դրանք առավել հանրայնացնելով, ինչի հետևանքով այդ տեղեկատվությունը հայտնի է դառնում նույնիսկ այն անձանց, ովքեր գրանցված չեն սոցիալական ցանցերում: Նշված խնդիրը ներկայումս լուրջ մտահոգություն է առաջացնում ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար մասնագետների, բլոգերների մոտ, այնպես էլ համացանցից օգտվող բազմաթիվ անձանց մոտ:

Փոփոխություններով առաջարկվում է սահմանել պատասխանատվություն այն լրատվական միջոցների համար, որոնք տարածում են կեղծ օգտատերերի  հրապարակումները և մեկնաբանությունները: Միևնույն ժամանակ լրատվամիջոցն ազատվում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը վերարտադրելու համար պատասխանատվությունից, այն դեպքերում, երբ ներկայացնում է դրա հեղինակին նույնականացնող տվյալներ:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ պետք է բոլոր կողմերը հավաքվեն և որոշեն՝ ուզում են ունենալ չկարգավորված դա՞շտ, թե՞ կարգավորված, որպեսզի հետագայում ՄԻԵԴ որոշման փաստի առաջ չկանգնեն:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի խոսքով՝ զրպարտանքի ու վիրավորանքի ապաքրեականացնելու արդյունքում ստացան ԶԼՄ-ների դժգոհությունը և քրական դաշտում ստացան վիրավորանքի դեպքերի կամային վերաորակում որպես սուտ մատնություն. «Մենք դրդեցինք նրան, որ սուտ մատնության բացակայության ակնհայտ պայմաններում մարդու կատարած վիրավորանքը որակեցին որպես սուտ մատնություն ու տարան պատասխանատության ենթարկեցին: Եթե այս խնդիրը նույնիսկ կարգավարում ենք՝ հերքեն, հանեն 12 ժամում, դա իրական խնդիրը չի լուծում»:

Ջհանգիրյանը կոչ արեց Մարուքյանին՝ քրեական պատասխանատվության հարցն էլ քննարկեն:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտնեց, որ օրինագծի ժամկետը սպառվում է, ցանկալի է, որ ընդունեն մեծ օրակարգ, ապա լսումներ կազմակերպեն:

Հանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին, բացի Տիգրան Ուրիխանյանից, ով ձեռնպահ մնաց:

«Արդյոք սա չի դառնալո՞ւ մահակ լրատվամիջոցների գլխին»,- հարցադրում արեց Ուրիխանյանը:

Մարուքյանը ԲՀԿ-ական գործընկերոջը հիշեցրեց, որ օրենսգրքի փոփոխություներին մասնակցել է նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր այն ժամանակ, երբ Ուրիխանյանը դեռ խմբակցության լիիրավ անդամ էր: Ուրիխանյանը հակադարձեց, թե դա ոչինչ չի նշանակում, ինքը միշտ էլ անհամաձայնություններ ունեցել է: Մարուքյանի և Ուրիխանյանի վիճաբանությունը փորձեց հարթել Արփինե Հովհաննիսյանը, սակայն պատգամավորները նրան չլսեցին: Վեճն այնքան թեժացավ, որ Ուրիխանյանը նույնիսկ Մարուքյանին առաջարկեց հաշիվները դրսում պարզել: Մարուքյանի շարունակական հիշեցումներին ի պատասխան Ուրիխանյանն ի վերջո հայտարարեց՝ «Իմ հիշողությունը բեսամբտ լավ ա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս