«Ասենք՝ ասացին, որ դեկտեմբերի 1-ին իշխանափոխություն են անելու, հետո՞, անելո՞ւ են»

«Այո»-ի ճակատը, լինելով իշխանությունների կողմից հովանավորվող ճակատ, ավելի ուժեղ դիրքերից է հանդես գալիս, որովհետև բոլոր ռեսուրսներն իրենց ձեռքում են, իրենք են վերահսկում, ու եթե իրենք անջատ-անջատ գործեն, ապա դա իրենց չի վնասի, բայց «ոչ»-ի պարագայում՝ այս առումով իրենք իրենց կվնասեն: Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ով 168.am-ի և aravot.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, թե ընդդիմությունը, որը, ըստ նրա՝ բավական թույլ է Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ի կազմաքանդումից հետո, իրեն չպետք է այդպիսի մեծ շռայլություն թույլ տար ու անջատ-անջատ գործեր:

«Իշխանություն-հասարակություն բախումների ժամանակ մենք տեսնում ենք, որ ընդդիմադիր որևիցե քաղաքական ուժ չի կարողանում հաջողության հասնել՝ ի տարբերություն քաղաքացիական հասարակության: Ժողովրդի մոտ թերահավատություն կա քաղաքական ուժում գտնվող ակտիվի նկատմամբ, ու սա պայմանավորված է թե՛ իշխանությունների քայլերով, որոնց պատճառով ընդդիմությունը մարգինալացվեց, թե՛ նրանով, որ մեր ընդդիմությունը, իր ֆինանսների սղության պատճառով, չի կարող ավելի ակտիվ գործել, իսկ ֆինանսները շատ մեծ բաղադրիչ են քաղաքական ոլորտում: Եթե իշխանություններին ֆինանսները պետք են, ընդդիմությանը կրկնակի են պետք, որովհետև իշխանությունը, բացի ֆինանսներ ունենալուց, նաև իշխանություն ունի»,- նշեց քաղաքագետը:

Գ. Համբարյանը կարծում է՝ ընդդիմության պառակտված հանդես գալը շատ կվնասի իրենց: Նա այս առումով կարևորում է քաղաքացիական ակտիվիստների ու հասարակական կազմակերպությունների դիրքորոշումը. «Որովհետև նրանց դիրքորոշման արդյունքում է, որ իշխանությունները շատ հաճախ գնում են զիջումների»:

Անդրադառնալով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությանը, թե պատրաստվում են դեկտեմբերի 1-ին իշխանափոխություն անել, քաղաքագետն ասաց, որ պետք է ռեալ լինել. «1996 թվականից մենք այդ իշխանափոխության մասին լսում ենք, բայց մինչև հիմա մենք այդ իշխանափոխությունը չտեսանք: Ամեն մարդ և քաղաքական ուժ պայքարում է իր երազանքներով, ես անգամ դա ծրագիր չեմ համարում: Իսկ անհատի պայքարն իշխանության դեմ, ինչպես գյումրեցին է ասում՝ «ոնց որ ձեռքով բզին խփես»: Ասենք՝ ասացին, որ դեկտեմբերի 1-ին իշխանափոխություն են անելու, հետո՞, անելո՞ւ են:

Կարդացեք նաև

Հասարակությունը նման իշխանափոխություններ բազմաթիվ է տեսել, վերջին իշխանափոխություններն են՝ Րաֆֆի Հովհաննիսյանի իշխանափոխությունը, որն ավարտվեց Ծիծեռնակաբերդում Գասպարյան Վովայի հետ աղոթքով, վերջացրած Գագիկ Ծառուկյանի իշխանափոխությամբ, որն ավարտվեց փետրվարի 12-ին՝ Սերժ Սարգսյանի ելույթով: Եթե նման հարգանք վայելող մարդիկ չկարողացան իշխանափոխություն անել, սեմեստրը մեկ հարցազրույց տվող քաղաքական ուժի լիդերը կարո՞ղ է իշխանափոխություն անել»:

Քաղաքագետը կարծում է, որ, եթե ամեն ինչ նույն կերպ շարունակվի, նոր Սահմանադրության նախագիծը կանցնի. «Բայց քաղաքականությունը բարդ երևույթ է, կարող են ֆորսմաժորային իրավիճակներ լինել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս