Անձնագրերով կամ նույնականացման քարտերով… «Մենք լրիվ փոսի մեջ ենք»

Հայաստանի 182 հազար 391 քաղաքացի ունի միայն նույնականացման քարտ, իսկ 558 հազար 401 քաղաքացի ունի և՛ նույնականացման քարտ, և՛ անձնագիր: Վերջին տարբերակի դեպքում կարող են գործի դրվել երկուսն էլ, իսկ նույնականացման քարտերում չկան քաղաքացիների հասցեները, քվեարկությունից հետո կնիք չի խփվելու: Խորհրդարանական ուժերի մեծ մասի կարծիքով` այս իրավիճակը լայն հնարավորություններ է ստեղծում իշխանությունների համար` կրկնաքվեարկություններ ապահովելու տեսակետից:

Ինչպե՞ս չզրկել ՀՀ քաղաքացիներին իրենց սահմանադրական իրավունքն իրացելու` քվեարկելու հնարավորությունից և բացառել բազմակի քվեարկությունները: Այս հարցի շուրջ երեկ թեժ բանավեճ ծավալվեց Ազգային ժողովում՝ ՀՀ Ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում հանրապետականների առաջարկած փոփոխությունների քննարկման ժամանակ:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փոփոխություններն արմատական են, քանի որ ընտրակեղծիքները բացառելու մեր ընտրական համակարգի առանցքներից մեկն անձնագրերում դրվող դրոշմակնիքն է, ու հիմա այդ կարևոր հենասյունը հանվում է ու ոչ մի այլ բան չի առաջարկվում: Ն.Փաշինյանի խոսքով՝ ստացվում է, որ դիտորդներն ու վստահված անձինք չեն կարողանա իմանալ՝ տվյալ անձն այլ տեղամասում քվեարկե՞լ է, թե՞ ոչ: Ն. Փաշինյանը նկատեց, որ աշխարհում կա պրակտիկա՝ մատը հատուկ չջնջվող թանաքով թանաքոտելը, որին ոչինչ չի խանգարում, և դա կիրառելու համար ո՛չ ժամանակի խնդիր կա, ո՛չ ֆինանսների:

Օրինագծերի համահեղինակ Հովհաննես Սահակյանը հակադարձեց, թե մատների թանաքոտելու փորձն ինքն ուսումնասիրել է, և, օրինակ՝ Հնդկաստանում այն շատ ավելի բացասական հետևանքներ է ունեցել, մասնավորապես՝ մատների թանաքը կարող է այլ քաղաքացու անցնել, բենզինով, ացետիլենով կարող են ջնջել ու կրկին գնալ քվեարկության, այրվածքներ է առաջացնում: Հ. Սահակյանը նաև նկատեց, թե Վրաստանում էլ մատները թանաքոտում էին, ու հետևանքը շատ ավելի վատն էր:

Կարդացեք նաև

«Վրաստանում, ձեր տեսակետից, իրոք շատ վատ էր՝ վերջին 10 տարում երկու անգամ իշխանություն է փոխվել, և ձեր տեսակետից դա վատ է»,- հեգնեց Ն. Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ անձնագրերից դրոշմակնիքներն անգամ սովորական ջրով էին ջնջում. «Եթե Դուք նկատի ունեք, որ ձեր իշխանության օրոք ինչ երաշխիքներ էլ մտցնեն կրկնաքվեարկությունը բացառելու, մեկ է՝ այդ ընտրակեղծիքները դուք սենց թե նենց անելու եք, կարելի է ուղիղ էդպես էլ ասել, առանձնապես չքննարկենք ու չանհանգստանանք: Բայց խոսքը նրա մասին է, որ զուտ դե յուրե դուք հանում եք երաշխիքը կամ կռվանը ու տեղը ոչինչ չեք առաջարկում, ու սրանից բխում են համապատասխան հետևություններ, ու ձեզ համար դրանից ոչ մի վատ հետևանք չի բխում»:

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանն ահազանգեց, որ շատ քաղաքացիներ տեղյակ չեն, որ կենսաչափական անձնագրերով քվեարկելու իրավունք չունեն, և քարոզարշավի ընթացքում պետք է այս խնդիրը տեղ հասցնել մեր հանրությանը: Ըստ նրա՝ ինչ-որ ձևով պետք է լուծել նաև այն խնդիրը, որ նույնականացման քարտով քվեարկողներն առանձնանան, գուցե մատյաններում գույնով տարբեր լինեն, կամ առանձին ցուցակ լինի, ամեն դեպքում նույնականացման քարտ ունեցողների անունները պետք է լինեն ընտրատեղամասերի անդամների ձեռքին:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն առաջարկեց բոլոր քաղաքական ուժերին բաժանել գրանցամատյանների ցանկերը, որպեսզի կարողանան 1780 տեղամասերում համեմատել՝ կա՞ն արդյոք անունները, թե՞ ոչ, կրկնվո՞ւմ են անունները, թե՞ ոչ, որովհետև վերահսկելու ոչ մի մեխանիզմ չկա:

Պատգամավոր Թևան Պողոսյանը հայտարարեց, որ կարելի է յուրաքանչյուր ընտրատեղամասում առանձին ցուցակներ տրամադրել այն անձանց անուններով, ովքեր ունեն միայն նույնականացման քարտեր, որպեսզի դիտորդները կարողանան այդ ցուցակով տեղում դիտարկել: Թ.Պողոսյանի կարծիքով՝ եթե Ոստիկանությունն ունի ID քարտերով քաղաքացիների հաշվառումը, ապա կարելի է նաև ցուցակներն ունենալ, իսկ ժամկետների սղության առումով կարելի է գիշերներն էլ աշխատել ու հասցնել: Ե՛վ անձնագիր, և՛ նույնականացման քարտ ունեցողներից, Թ.Պողոսյանի կարծիքով, պետք է պահանջել, որ հանրաքվեի գան անձնագրով:

Պատգամավոր Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ բացակայում է պետության կամքը՝ պարզելու, թե քանի ընտրող ունի, և այդ հարցում ամենևին չօգնեց պետական ռեգիստր ստեղծելը: Ըստ նրա՝ Վիճվարչությունը ներկայացնում է, որ ՀՀ մշտական բնակչությունը 2 մլն 780 հազար է, երեկ հայտարարվել է, որ երկրում կա 2.5 մլն ընտրող, մինչդեռ իր հաշվարկներով այդ թիվը 1.8-2.2 մլն է, և այս ահռելի քանակի դեպքում իշխանությունը ավելորդ բյուլետենները բերում, գցում է: Այս տեսակետից, նույնականացման քարտերի հետ կապված` Հ.Բագրատյանը խնդիր չի տեսնում:

Սակայն նախկին վարչապետն ավելի լուրջ խնդիր է մատնանշում՝ Սահմանադրությունը փոխում են, որպեսզի կարողանան Ղարաբաղի մի քանի շրջան հանձնել, ինչը նախագահական համակարգի դեպքում չի ստացվում. «Եվ էս Սահմանադրությունը Բուքիքիոյի (Վենետիկի հանձնաժողովի նախագահ.- Գ.Խ.) նման մեկը գովում ա, իյա, որովհետև նրան ասել են, որ էս պիտի անցնի Հայաստանում, որովհետև նրան ասել են, որ սա կարևոր է այդ տարածաշրջանում քաղաքական հարցեր լուծելու համար: Ինձ համար բացարձակ անընդունելի է այս մոտեցումը»:

Նա հարցադրում հնչեցրեց, թե ինչու է վարչապետն «Այո»-ի շտաբի պետը, և ինքն էլ անմիջապես պատասխանեց՝ ուրեմն իշխանությունը շահագրգռված է, որ նախագիծն անցնի: Նշելով, որ հանրապետականներից շատերը տեղյակ չեն, թե իրականում ինչ է կատարվում, Հ.Բագրատյանը կոչ արեց քվեարկությունն ազատ թողնել. «Սաղ երգերը երգել ենք, մնացել էր սարի սմբուլը: Մենք լրիվ փոսի մեջ ենք»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը գտնում է, որ նույնականացման քարտերով քվեարկելու որոշմամբ` 3 հնարավորություն է բացվում բազմակի քվեարկողների համար: Առաջինը՝ բազմակի քվեարկողները կարող են առանձին-առանձին մի տեղում օգտագործել անձնագիրը, մյուս տեղում՝ նույնականացման քարտը, երկրորդ՝ օգտագործել այն հանգամանքը, որ նույնականացման քարտերի մեջ նիշ դնել հնարավոր չէ, ու վերահսկողություն չի լինի, և երրորդ՝ գրանցման հասցեն նշված չէ, ու վերահսկողության այդ կարևոր գործիքը զրոյանում է. «Այսինքն՝ իրականում վերահսկողության մեխանիզմները ոչնչացնում եք տարբեր մակարդակներով»:
Լ.Զուրաբյանը ՀԱԿ-ի անունից հայտարարեց, որ միանում է թանաքոտման մասին ԲՀԿ առաջարկին, նաև դրան կողմ են «Ժառանգությունն» ու ՕԵԿ-ը, իսկ ՀՅԴ-ն էլ միշտ է կողմ եղել թանաքոտման մեխանիզմին, այսինքն՝ խորհրդարանում կա կոնսենսուս թանաքոտման հարցի շուրջ, և այս կոնսենսուսային առաջարկը պետք է քաղաքական մեծամասնությունը լրջորեն քննարկի ու որոշում ընդունի:

«Իրավիճակային լուծումները, կարկատաններով աշխատելն ամենավատ բանն է: Մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող միասնական փաստաթուղթ»,- իր հերթին` նկատեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա հիշեցրեց ժողովրդական խոսքը՝ ունքը շինելու տեղ` աչքը չպետք է հանել, և նշեց, որ դեմ չլինելով Լ.Զուրաբյանի առաջարկին, ՀՅԴ-ն ունի հարցի լուծման սեփական տարբերակը՝ նույնականացման քարտերի հետ տեղեկանք տալ, որի վրա կլինի քարտի համարը, այն կկնքվի ու կմնա տեղամասում:

Հովհաննես Սահակյանի խոսքով՝ մատների թանաքոտման ու դրոշմակնիքի տարբերակները նախկինում քննարկվել էին, և ընտրվել էր դրոշմակնիքը՝ վստահության մակարդակը բարձրացնելու նպատակով: Ըստ նրա` որպեսզի անձը կարողանա քվեարկություն կատարել երկու փաստաթղթով, առնվազն պետք է մատյանում ստորագրություն չլինի իր անվան դիմաց, ընտրատեղամասի բոլոր 6 անձինք հանդուրժեն և թույլ տան, տեսախցիկները, որ այլևս թույլատելի են ընտրատեղամասերում, չֆիքսեն դա, ինչը բավականին բարդ գործընթաց է:

Հ.Սահակյանը բացառեց, որ և՛ նույնականացման քարտ, և՛ անձնագիր ունեցողները երկու փաստաթղթերով կգնան ընտրության. «Ցուցակները կազմվում են բացառապես գրանցման տեղամասերով, և անձը կարող է քվեարկել, եթե հաշվառված է: Մեկ ցուցակից մեկ այլ ցուցակ գնալու համար պետք է դիմում ներկայացնեն»: Նա տեղեկացրեց, որ լայն մասշտաբով քննակում կկազմակերպվի՝ խնդրի լուծումը գտնելու համար, իսկ արդեն 2016 թ. պետք է նոր ԸՕ ընդունվի, որի շրջանակներում շատ ավելի լուրջ մեխանիզմներ կսահմանվեն` նույնականացման քարտերի հետ կապված:

ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս