Doing Business. Երբ ոգևորությունն անցնում է
Համաշխարհային բանկը հրապարակել է գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը գնահատող Doing Business 2016 զեկույցը, որում Հայաստանն առաջադիմել է 3 հորիզոնականով` 35-րդ տեղից բարձրացել է 38-րդ տեղը` 189 երկրների շարքում։ Այս լուրը երեկ և դրա նախորդ օրը տարածվում էր ոչ միայն` ԶԼՄ-ներով, այլ ավետիսը տարածելու գործին լծվել էին նաև պետական կառույցների կայքերը` իրենց ֆեյսբուքյան էջերով։
«Իսկ դուք տեղյա՞կ եք, որ բիզնես սկսելու առումով Հայաստանն աշխարհում լավագույն երկրների շարքում է»,- ֆեյսբուքյան օգտատերերից շատերը, թերևս, հանդիպած կլինեն հյուրանոցի կամ ռեստորանի գովազդ հիշեցնող այս արտահայտությանը։ Կարճ ասած` «Մե ծիծաղ, մե ուրախություն»։
Սակայն, հատկապես այն մարդիկ, ովքեր հիշողությունից չեն բողոքում ու քիչ թե շատ ծանոթ են ՀՀ տնտեսական անցուդարձին, լավագույն դեպքում` ժպտում են այս ոգևորությունը տեսնելով։
Նրանք լավ հիշում են, թե 2000-ականների կեսերին տնտեսական բլոկի մեր պատասխանատուներն ինչ անթաքույց հպարտությամբ և ոգևորությամբ էին խոսում Հայաստանի առաջընթացի մասին ամենատարբեր զեկույցներում (Doing Business, Տնտեսական ազատության ինդեքս և այլն)։
Հատկապես 2006-2007-ը բավականին ոգևորող էր։ Հայաստանը Doing business 2007-ում 3 հորիզոնականով առաջ էր անցել և զբաղեցրել 34-րդ տեղը (ի դեպ, ավելի բարձր հորիզոնական, քան այս վերջին զեկույցում)։ Բացեք այդ տարիների լրահոսն ու կարդացեք` ինչ պայծառ ապագա ու ներդրումների հոսք էին մեզ խոստանում։
Հետո սկսվեց նահանջ, 2008-ին նահանջեցինք 39-րդ տեղը, իսկ 2009-ի զեկույցում ավելի ետ գնացինք` 50-րդ։
Այնուհետև փոփոխական հաջողություններով ետ ու առաջ էինք անում, մինչև Տիգրան Սարգսյանը հնարավոր դարձրեց բիզնեսի գրանցումը հաշված րոպեների ընթացքում։ 2013-ին «թռանք» 32-րդ հորիզոնական։
Doing Business 2014-ում նահանջեցինք 37-րդ տեղը, Doing Business 2015-ում` 38-րդը, իսկ Doing Business 2016-ում, ինչպես արդեն նշեցինք, 35-րդն ենք։
Լավ, բացի այս հորիզոնականների փոփոխություններից` ի՞նչ է տվել մեզ Doing Business-ում առաջ գնալը կամ նահանջելը։
Այս վարկանիշի կարևորագույն իմաստը և վարկանիշում վեր բարձրանալու նպատակը, իհարկե, ներդրումների ներգրավորումն է։ Այսինքն, ենթադրվում է, որ օտարերկրյա ներդրողը Հայաստանում ներդրում անելուց առաջ, ի թիվս այլ գործոնների, պետք է հաշվի առնի նաև Doing Business-ի գնահատականը։ Կարճ ասած, Doing Business-ում վեր բարձրանալը պետք է նպաստի օտարերկրյա ներդրումների աճին։
Նպաստե՞լ է։
Բերված գծապատկերում համադրել ենք տարբեր տարիներին Հայաստանի զբաղեցրած դիրքը Doing Business զեկույցում և օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը (տվյալները վերցրել ենք Համաշխարհային բանկից)։
Ուսումնասիրեք գծապատկերը` կարո՞ղ եք որևէ օրինաչափություն գտնել Doing Business-ում Հայաստանի դիրքի փոփոխության և ներդրումների հոսքի միջև։ Թերևս, ոչ (եթե, իհարկե, շատ մեծ ջանքեր չգործադրեք)։ Որովհետև նման օրինաչափություն մեր պարագայում պարզապես չկա։
Լավ, Doing Business 2007-ում առաջադիմել էինք 3 հորիզոնականով, և 2007 թվականի օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել էր 667,7 մլն դոլար (200 միլիոնով ավելի շատ, քան 2006-ին)։
Սակայն ի՞նչ ասենք 2008-ի մասին։ Doing Business-ում նահանջում ենք 5 հորիզոնականով, սակայն ներդրումները շարունակում են աճել, և 2008 թվականին հոսքը կազմում է 943,7 մլն դոլար։
Կամ հակառակը` 2013 թվականին իսկական թռիչք ենք գրանցում Doing Business-ում և 55-րդ հորիզոնականից բարձրանում 32-րդը։ Սակայն ներդրումների հոսքն այդ տարի 109 միլիոն դոլարով պակաս է լինում, քան 2007-ին։
Իհարկե, սա լուրջ վերլուծություն չի կարելի համարել։ Իհարկե` Doing Business-ը որոշակի դեր ունի ներդրումների հարցում։ Իհարկե` այն որոշ չափով հաշվի են առնում։
Սակայն այս ամենը ցույց է տալիս, որ Doing Business-ի դերը չի կարելի գերագնահատել։ Ոչ պետք է չափից ավելի ոգևորվել` երբ մի քանի հորիզոնականով վեր ենք բարձրանում, և պետք չէ դեպրեսիայի մեջ ընկնել` երբ նահանջում ենք։ Որովհետև լուրջ ներդրողների համար ավելի կարևոր գործոններ կան, քան այդ զեկույցում նշված չափանիշները։
Ու երբ հպարտությամբ ասում ենք` Հայաստանը բիզնես սկսելու առումով աշխարհում 5-րդն է, պետք է ավելի ազնիվ լինենք և ասենք, որ խոսքը վերաբերում է ոչ թե բիզնես սկսելուն, այլ գրանցելուն։
Երբ ասում ենք, որ Երևանում բիզնես սկսելու համար գործարարից պահանջվում է 3 օր, ու շեշտում, որ սա Դանիայի ցուցանիշի հետ համադրելի արդյունք է, պետք է համադրենք նաև 13-րդ օրն ու 113-րդ օրը, երբ գործարարը բախվում է լրջագույն թաքնված խոչընդոտների։
Վերջում, այնուամենայնիվ, անդրադառնանք Doing Business 2016-ի մի քանի շեշտադրումների` Հայաստանի մասով։
Հայաստանն աշխարհում 26 այլ տնտեսությունների շարքում այն երկրներից է, որը իրականացրել է երեք կամ ավելի բարեփոխումներ, այդպես է վարվել աշխարհի տնտեսությունների միայն 14 տոկոսը։
Բարեփոխումներից մեկը վերաբերում է պայմանագրերի կիրարկմանը։ Նոր օրենքի համաձայն, որով գործող դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը Հայաստանի բոլոր դատարաններում։
Սակայն ամենաուշագրավ բարեփոխումը, որքան էլ զարմանալի լինի, առնչվում է Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությանը։ Ինչպես նշվում է զեկույցում, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում Հայաստանը կրճատել է Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը։ Արդյունքում` ներկրման համար պահանջվող ժամանակը 50 ժամից նվազել է` մոտավորապես կազմելով 3 ժամ։ Այս ցուցիչով երկիրը 58-րդ հորիզոնականից հայտնվել է 29-րդ-ում։
Թե իրականում զգացե՞լ են արդյոք ՌԴ-ի հետ աշխատող մեր գործարարներն այս դրական տեղաշարժը, դժվար է ասել։ Սակայն այն, որ ԵՏՄ-ին մեր անդամակցությունը որոշակիորեն նպաստել է Doing Business-ում Հայաստանի դիրքի բարելավմանը, փաստ է։ Կարելի է ասել` սա ԵՏՄ-ի առաջին փաստարկված օգուտն է։