«Վերահսկողության մեխանիզմները ոչնչացնում եք տարբեր մակարդակներով». Լևոն Զուրաբյան
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը գտնում է, որ նույնականացման քարտերով քվեարկելու որոշումով 3 հնարավորություն է բացվում բազմակի քվեարկողների համար: Առաջինը՝ բազմակի քվեարկողները կարող են առանձին-առանձին մի տեղում օգտագործել անձնագիրը, մյուս տեղում՝ նույնականացման քարտը, երկրորդ՝ օգտագործել այն հանգամանքը, որ նույնականացման քարտերի մեջ նիշ դնել հնարավոր չէ ու վերահսկողություն չի լինի, և երրորդ՝ գրանցման հասցեն նշված չէ ու վերահսկողության այդ կարևոր գործիքը զրոյանում է:
«Այսինքն՝ իրականում վերահսկողության մեխանիզմները ոչնչացնում եք տարբեր մակարդակներով,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց Լ.Զուրաբյանն ու հավելեց, – Վիճակն այնքան վատ է, որ մտածում եք ընտրակեղծքիների ծավալի մեծացման մասին»:
Օրինագծերի համահեղինակ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի խոսքով՝ մատերի թանաքոտման ու դրոշմակնիքի տարբերակները նախկինում քննարկվել էին և ընտրվել էր դրոշմակնիքը՝ վստահության մակարդակը բարձրացնելու նպատակով:
Ըստ նրա, որպեսզի անձը կարողանա քվեարկություն կատարել երկու փաստաթղթով, առնվազն պետք է մատյանում ստորագրություն չլինի իր անվան դիմաց, ընտրատեղամասի բոլոր 6 անձինք հանդուրժեն և թույլ տան, տեսախցիկները, որ այլևս թույլատելի են ընտրատեղամասերում, չֆիքսեն դա, ինչը բավականին բարդ գործընթաց է: Հ.Սահակյանը բացառեց, որ և՛ նույնականացման քարտ, և՛ անձնագիր ունեցողները երկու փստաթղթերով գնան ընտրության. «Ցուցակները կազմվում են բացառապես գրանցման տեղամասերով և անձը կարող է քվեարկել, եթե հաշվառված է: Մեկ ցուցակից մեկ այլ ցուցակ գնալու համար պետք է դիմում ներկայացնեն»:
«Ես շատ ուրախ եմ, որ դուք ինքնախոստովանական ցուցմունքով հանդես եկաք, որովհետև դուք նշեցիք, որ մասնակցել եք «Հանրաքվեի մասին» օրենքի քննարկումներին,- ասաց Հ.Սահակյանը և, ի պատասխան Լ.Զուրաբյանի դիտարկմանը, որ դա հանցագործություն է, հավելեց,- Ես հասկանում եմ, որ նմանատիպ լավ գործերը կարող են Ձեզ համար հանցագործություն լինել: Եթե այն ժամանակ այդ ամենը լավ հասկանում ու պատկերացնում էիք, կարող էիք այն ժամանակ հանդես գալ նախաձեռնությամբ»:
Լ.Զուրաբյանը ՀԱԿ-ի անունից հայտարարեց, որ միանում է թանաքոտման մասին ԲՀԿ առաջարկին, նաև դրան կողմ են «Ժառանգությունն» ու ՕԵԿ-ը, իսկ ՀՅԴ-ն էլ միշտ է կողմ եղել թանաքոտման մեխանիզմին, այսինքն՝ խորհրդարանում կա կոնսենսուս թանաքոտման հարցի շուրջ և այս կոնսենսուսային առաջարկը պետք է քաղաքական մեծամասնությունը լրջորեն քննարկի ու որոշում ընդունի:
«Ամենալավը այս սիտուացիայից օգտվեց Լևոն Զուրաբյանը՝ նորից լիդերացավ, 5 խմբակցություն ա միացրել իրար, որ մատերը թանաքոտեն»,- արձանագրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: