«ՀՀ անվտանգությունը կամրանա պետականազուրկ հանրույթների հետ շփման արդյունքում». Արա Պապյան
«Ինչքան ՀՀ-ի շրջապատում մանր ու շատ պետություններ լինեն, որքան այդ պետություններն ունենան հակասություններ, այնքան ՀՀ անվտանգության միջավայրը հեշտ կառավարելի կլինի»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) կազմակերպած «ՀՀ անվտանգության միջավայր 2015. Թուրքիա և Ադրբեջան» խորագրով քննարկման ժամանակ այս մասին ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, դեսպան Արա Պապյանը` ներկայացնելով տարածաշրջանի պետականազուրկ ժողովուրդների դերը Հայաստանի Հանրապետության անվտանգության միջավայրի ձևավորման մեջ:
Նա նշեց, որ գրեթե երկու դար տևած ազգային զարթոնքը սկսել է իր տեղը զիջել ավելի կրոնական, հարանվանական զգացումներին, հատկապես հաշվի առնելով միջինարևելյան զարգացումները: Ըստ Պապյանի` կարևոր են Հայաստանի հարաբերությունները պետականազուրկ ժողովուրդների կամ հանրույթների հետ:
«Ինչո՞ւ եմ ես կարևորում հարաբերություններն այս պետականազուրկ հանրույթների հետ: Ակնհայտ է, որ ՀՀ-ի չորս հարևան պետություններից երկուսի հետ ՀՀ-ն ունի դիմակայության, հակամարտության իրավիճակ, երբեմն՝ պատերազմական, նախապատերազմական: ՀՀ-ի բոլոր ձգտումները՝ բարելավել պետական մակարդակով Թուրքիայի հետ հարաբերությունները, չստացվեցին, քանի որ թուրք-ադրբեջանական որոշակի կապակցություն կա, պատմական խնդիրներ կան, և ես լիահույս չեմ, որ հնարավոր կլինի միջպետական հարաբերություններ բարելավել: Հետևաբար՝ տրամաբանությունը հուշում է, եթե հնարավոր չէ միջպետական հարաբերություններ զարգացնել, ապա պետք է պետությունների մեջ գտնել որոշ կազմակերպված խմբեր, մարդկային հանրույթներ և նրանց հետ հարաբերություններ զարգացնել, և դա նոր բան չէ: Դա արվել է ժամանակին՝ կրոնական խմբավորումներ, կրոնական համայնքներ ստեղծելով, ՍՍՀՄ-ն անում էր՝ կոմունիստական կուսակցություններ ստեղծելով, այսինքն` ստեղծել մարդկանց հավատարիմ խումբ, որոնց շահերը քո շահերին կհամապատասխանեն: Եթե մենք ուշադրությամբ նայում ենք շրջապատին»,- մեկնաբանեց Արա Պապյանը` ներկայացնելով Թուրքիայում և Ադրբեջանում այսօր ապրող պետականազուրկ ժողովուրդներին ու նրանց շահերը:
Նրա համոզմամբ`ՀՀ-ին սահմանակից երկրներում պետականազուրկ հանրույթների հետ աշխատանքը նոր հնարավորություններ է Հայաստանի հետ ստեղծում, և դա դրական է այն առումով, որ այդ երկրները մեզանում համարժեք աշխատանք անելու խնդիր չունեն:
«Սա այն քիչ ոլորտներից է, որ մենք կկարողանանք անմրցակից մնալ: Անվտանգության մյուս բոլոր գործոնները, որ մենք սիրում ենք ասել` ռազմական անվտանգություն, տնտեսական անվտանգություն, ակնհայտ է, որ մենք երբևէ չենք կարող համարժեք մեծություն ձևավորել, ինչպես Թուրքիան, շատ հայեր կան, որ կարծում են` առաջին հերթին՝ Հայաստանը պետք է ուժեղանա, նոր հարցեր լուծի, ես չեմ կարծում, որ Հայաստանը կուժեղանա այնքան, որ Թուրքիայից ուժեղ լինի դասական մրցակցության պարագայում: Հետևաբար՝ ոչ կոնվենցիոնալ միջոցների պետք է գնալ, որոնցից մեկը սա է: Ինչքան մեր շրջապատում մանր ու շատ պետություններ լինեն, այնքան այդ պետություններն ունենան հակասություններ, այնքան այդ անվտանգության միջավայրը հեշտ կառավարելի կլինի մեզ համար»,- նման տեսակետ հայտնեց դեսպան Պապյանը: