
Եվրահանձնաժողովը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի նկատմամբ և դադարեցնել անայցագիր ռեժիմը

Եվրոպական հանձնաժողովն ուսումնասիրում է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման, ինչպես նաև այդ երկրի հետ անայցագիր ռեժիմի չեղարկման հնարավորությունը:
Այս մասին մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը:
«Մեր անցկացրած քննարկումների ընթացքում քննության են առնվել նաև այլ տարբերակներ՝ պատժամիջոցներից մինչև անայցագիր ռեժիմի դադարեցում և այլ միջոցներ: Միևնույն ժամանակ, ինչպես արդեն ասվել է, մենք ամբողջությամբ իջեցրել ենք մեր քաղաքական շփումների մակարդակը, դադարեցրել ենք Վրաստանի իշխանություններին տրամադրվող ֆինանսական օգնությունը և մեծացրել ենք մեր աջակցությունը քաղաքացիական հասարակությանը», – ասել է նա:
Վրաստանը ԵՄ-ի դժգոհությունն առաջացրել է 2024 թ. նոյեմբերի 28-ի մեկնարկած բողոքի ցույցերը ճնշելու պատճառով։ Ցույցերի առիթ էր դարձել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունն այն մասին, որ իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջն օրակարգում չներառել Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել ԵՄ բոլոր բյուջետային դրամաշնորհներից։