
Գազայում իսրայելական ինտենսիվ հարվածների հետևանքով գրեթե 70 պաղեստինցի է զոհվել

Իսրայելի կողմից իրականացվող հրետակոծությունների սաստկացման պատճառով սեպտեմբերի 16-ի լուսաբացից ի վեր Գազայի հատվածում զոհվել է 68 պաղեստինցի, այդ թվում 43-ը՝ Գազա քաղաքում։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով անկլավի առողջապահական գերատեսչությունը։
Իսրայելական ուժերի ավիահարվածների ու հրետանային ռմբակոծությունների թիրախում են հայտնվել Գազա քաղաքի աս-Սուդանիա շրջանը, Թալ ալ-Հավա թաղամասը, աշ-Շաֆա բժշկական համալիրի դարպասները։
Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ սովի և թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 428-ի, որոնցից 146-ը երեխաներ են։
Նախարարությունը հայտնել է, որ Գազայում գործող հիվանդանոցների շտապ օգնության բաժանմունքները չափազանց ծանրաբեռնված են և աշխատում են դեղորայքի ու անհրաժեշտ սարքավորումների պակասի պայմաններում։Մ
իավորված ազգերի կազմակերպության Պաղեստինի փախստականների հարցերով գործակալությունն ահազանգում է, որ Գազայի բնակիչների համար չկա անվտանգ վայր կամ ապաստան, և անհրաժեշտ են անհապաղ գործողություններ հրադադարի հասնելու համար։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը «անխոհեմ և սարսափելի» է որակել Իսրայելի հարձակումը Գազայի վրա։ Նա ընդգծել է, որ Իսրայելի հարձակումը կհանգեցնի ավելի շատ անմեղ քաղաքացիների մահվան և կվտանգի ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդներին։
Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 64 964-ի, վիրավորվել է 165 312 մարդ։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։