Ինչի՞ց է վախենում համանախագահ Ուորլիքը

Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վտանգավոր լարվածության ֆոնին երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները սկսեցին իրենց հերթական տարածաշրջանային այցը Երևանից։
Այս աշխատանքի ընթացքում նրանք այցելելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` հանդիպելու երկրի ղեկավարության հետ, հոկտեմբերի 27-ին մասնակցելու են Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացվելիք ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկմանը, ապա հոկտեմբերի 28-ին մեկնելու են Բաքու։ Կարելի է ասել, որ այս անգամ այցի մեկնարկը տրվեց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի երևանյան մամլո ասուլիսով, որի ընթացքում Ջ.Ուորլիքը մի քանի ուշագրավ և ոչ այնքան լիահույս ուղերձ հղեց Հայաստանի, Ադրբեջանի նախագահներին, ինչպես նաև` ժողովուրդներին։ Ուշագրավն այն է, որ համանախագահներն իրենց աշխատանքը սկսեցին ասուլիսով, ինչը հաճախակի չի պատահում խմբի պատմության ընթացքում։

Սովորաբար համանախագահներն ամփոփում են իրենց այցերը կամ հանդիպումները` ԶԼՄ-ներին տեղեկատվություն փոխանցելով։ Սակայն երևանյան լրագրողների հետ հանդիպման նպատակն ամենևին էլ տեղեկատվություն փոխանցելը չէր։ Սրանով, ըստ էության, համանախագահները կամ միայն ամերիկյան կողմը փորձեց կարևորություն տալ ՄԽ առաջարկներին` նախագահներին ժամանակ տալով պատրաստվել հանդիպումների ընթացքում հնչեցվելիք առաջարկներին և գաղափարներին։

Ջեյմս Ուորլիքը նախ` տեղեկացրեց, որ տարածաշրջանում քննարկելու են երեք հարց` նախ` ՀՀ ԱԳ նախարարի և ՀՀ նախագահի հետ, ապա` Ադրբեջանում, համապատասխանաբար, նախարարի և նախագահի հետ։ Ըստ նրա` առաջին հարցը, որ քննարկելու են Երևանում և Բաքվում, բռնության և լարվածության աճն է ԼՂ հակամարտության գոտում։ «Մտահոգված ենք ծանր սպառազինության օգտագործման հարցով, երկու կողմն էլ օգտագործում է ծանր սպառազինություն, ինչը հանգեցնում է լարվածության աճի։ Համանախագահների ուղերձը կլինի` հարգել հրադադարի ռեժիմն ու թուլացնել լարվածության մակարդակը»,- ասաց դեսպան Ուորլիքը։
Երկրորդ հարցը, նրա խոսքով, որը պատրաստվում են քննարկել, հետևյալն է` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում պետք է խոսել համապարփակ լուծման մասին։

Այսինքն, Ջեյմս Ուորլիքի համոզմամբ, պետք է քննարկել ամենադժվար հարցերը, քանի որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց վերջին հանդիպման ընթացքում համաձայնել են, որպեսզի բանակցություններն ընթանան ինտենսիվ ռեժիմով։ Նրա կարծիքով` կարևոր է հակամարտության սկզբունքների և տարրերի քննարկումը բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ, սակայն, նրա հավաստմամբ, կարելի է անցնել ամենադժվար հարցերի քննարկմանը։ «Տարեվերջին նախատեսվում է նախագահների հանդիպումը։ Այս այցի ընթացքում նախատեսում ենք համաձայնության գալ գագաթաժողովի անցկացման ժամկետի վերաբերյալ»,- տեղեկացրեց ամերիկացի դիվանագետը։ Երրորդ հարցը, որը, Ուորլիքի փոխանցմամբ, պատրաստվում են քննարկել Երևանում և Բաքվում, վստահության ձևավորման կարևորությունն է, հարգանքն անվտանգության նկատմամբ։ «Պատրաստվում ենք մի շարք առաջարկներով հանդես գալ»,- նկատեց նա։

Հարցին, թե ի՞նչ նկատի ուներ հայտարարությամբ, թե Հայաստանը պետք է սկսի իրական բանակցություններ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար, պատասխանեց, որ բանակցություններն ինչ-որ ձևով, արդեն 20 տարի է` ընթացքի մեջ են, բանակցությունների բացակայությունը չէ խնդիրը։ Նրա խոսքով` եկել է ժամանակը ավելի համակարգված բանակցություններ վարելու համար, կարևոր է, որպեսզի նախագահները հանդիպեն և միմյանց հետ քննարկեն ամենադժվար հարցերը, որոնք առնչվում են լուծմանը, և հենց դա է համանախագահները նպատակը։

«Վերջին 18 ամիսների ընթացքում նախագահները չորս անգամ հանդիպել են, խոսել են ԼՂ հակամարտության կարգավորման տարրերի ու սկզբունքների մասին, սա կարևոր է, սակայն նույնիսկ լավագույն հանգամանքների պարագայում, երբ կա քաղաքական կամք, նախագահները մի քանի ամիսը մեկ հանդիպում են մեկ ժամով կամ մի քանի, սա բավարար չէ։ Անցյալ տարի շվեյցարացիներն առաջարկեցին, որպեսզի համակարգված բանակցություններ լինեն, այժմ բաց ենք, այս բանակցությունները պետք է տեղի ունենան, և կողմերը պետք է սեղանի շուրջ նստեն, և պետք է սկսվի արդյունավետ կերպով անդրադարձ այնպիսի հարցերի, որոնք առնչվում են լուծմանը։

Մենք չենք ակնկալում, որ սեղանի շուրջ կողմերը սկսեն ամենադժվար հարցերից, բայց կան բազմաթիվ ուղղություններ, որոնց շուրջ կողմերը համաձայնություն ունեն, ինչո՞ւ չենք սկսում դրանից, ինչո՞ւ չենք վարում բանակցություններ, որոնք այլ հակամարտությունների դեպքում լինում են, ինչո՞ւ ՀՀ-ն ու Ադրբեջանը չեն ընդունում շվեյցարացիների առաջարկը։ Մենք պատրաստ ենք աշխատել կողմերի հետ այս համակարգված բանակցությունների, ձևաչափի ուղղությամբ, և, թե ովքեր պետք է լինեն այդ բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք կարծում ենք, որ նախագահի մակարդակից ցածր տեղի ունեցող հանդիպումները պետք է լինեն ավելի կայուն ու համակարգված գործընթաց։ Կարող ենք դա կոչել ցանկացած կերպ, դա կարող է լինել հանձնաժողով, աշխատանքային խումբ, բայց կարևոր է, որ այսպիսի պաշտոնական բանակցային գործընթաց լինի»,- ասաց Ջեյմս Ուորլիքը։

Լրագրողների խնդրանքով Ջ. Ուորլիքն անդրադարձավ նաև ԱՄՆ կոնգրեսմեններ Ինգըլի և Ռոյսի նամակին ԼՂ հակամարտության մասին, որում կա կոչ` ուղղված համանախագահներին` հավասարության նշան չդնել հակամարտող կողմերի միջև լարվածության դեպքում։ Նա նշեց, որ նամակը տեսել է, բայց այն պաշտոնապես չի հասել իրեն։ «Ես սպասում եմ, որ ստանամ այդ նամակը։ Մենք հիմնարար առումով ընդունում ենք այն առաջարկները, որոնք ներկայացրել են կոնգրեսական Ռոյսն ու Ինգըլը։ Դրանք նորություն չեն, անկեղծ ասած։ Դրանք գաղափարներ են, հարցեր, որոնց ուղղությամբ համանախագահները և ԱՄՆ-ը աշխատել են արդեն որոշակի ժամանակ։ Տարածաշրջանում քննարկվելիք հարցերից մեկն այն է, որ մենք վերսկսենք քննարկումներ ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմի վերաբերյալ։ Դա օգտակար կլինի շփման գծի և միջազգային սահմանի մասով։ Այս գաղափարը քննարկվել է արդեն որոշակի ժամանակ, չի մերժվել այն Բաքվում, և հուսով ենք, որ հարցերը կարող ենք բարձրացնել, կանխատեսումներ չեմ ուզում անել այս հարցի հետ կապված, բայց մեզ անհրաժեշտ է, որ ունենանք հետաքննությունների մեխանիզմ, որպեսզի մեկ կողմը չմեղադրի մյուսին, և մենք հիմքեր ունենանք պարզելու, թե որ կողմն է տվյալ բռնության և ագրեսիվ դրսևորման հեղինակը եղել։ Այդ նամակը, վստահության ձևավորման միջոցները համանախագահների կողմից քննարկվել են, մենք ընդունում ենք, ուզում ենք, որ այդ քայլերը լինեն, մենք ուզում ենք տեսնել շփում մարդկանց միջև, փախստականների, ներքին տեղահանվածների, պաշտպանում ենք նամակի հիմնարար առաջարկները և պատրաստ ենք աշխատել կողմերի հետ այդ հարցերի շուրջ»,- մեկնաբանեց Ուորլիքը։

Վերջինս պարզաբանեց, որ այս առաջարկը քննարկվում է արդեն երեք տարի։ «Երկու նախագահների հանդիպմանը բարձրացվել է, համաձայնել են շարունակել քննարկումներն այս ուղղությամբ, այդ ժամանակ Ադրբեջանի կողմից այս գաղափարը չմերժվեց»,- հստակեցրեց դեսպանը։ Իր ամփոփիչ խոսքում նա նաև ուղերձ հղեց Ադրբեջանի, ԼՂՀ-ի և Հայաստանի բնակիչներին։ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը նաև ուղերձ հղեց ՀՀ-ի, ԼՂՀ-ի և Ադրբեջանի բնակիչներին։ «Այս մարդիկ հոգնել են բռնություններից և անհարկի զոհերից, որոնք գրանցվում են, բավական է, ժամանակն է խաղաղության, կարգավորման։ Ավելի հեշտ չի լինի։ Անհանգստացած եմ, որ կարող է ավելի վատ լինել։ Ժամանակն է, որ Ձեր ղեկավարներին ուղերձ հասցնեք, որ խաղաղությունից և բանակցային կարգավորումից կշահեն ժողովուրդները, և մենք` որպես համանախագահներ, այդ ուղղությամբ ենք ցանկանում աշխատել»,- ասաց ամերիկացի դիվանագետը։

Director of Armenian Center for National and International Studies Manvel Sargsyan  and head of ANC Foreign Relations Committee Vladimir Karapetyan spoke about national security and foreign military bases at ACCEA

«168 Ժամի» հետ զրույցում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանն ասաց, որ մեծ նշանակություն է տալիս այցին, որովհետև միջազգային հարաբերություններում իրավիճակները կտրուկ փոփոխություններ են կրում հատկապես Ուկրաինայում և Սիրիայում։ «Այս նոր իրավիճակում ի հայտ են գալիս համանախագահները։ Պարզ է, որ փոփոխությունները մեծ ազդեցություն են թողնում հակամարտող գոտիներում։ Եկեք հիշենք Ուկրաինան. սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը սկսեց իր նոր գործողությունները Սիրիայում, մի քանի օրվա ընթացքում բոլորը հավաքվեցին և Ուկրաինայում, փաստորեն, իրավիճակ փոխվեց, հաջողվեց ծանր զենքերն առաջին գծից ետ քաշելու որոշում կայացնել։ Այս ամենը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունն ուշադիր հետևում է նաև Ղարաբաղյան իրավիճակին, և այստեղ գուցե նոր դիրքորոշումներ և առաջարկներ լինեն։ Դեռ նոր առաջարկ չկա, բայց ցույց տվեցին, որ կամ կլինեն, կամ կան, կամ կօգտվեն շվեյցարական առաջարկից»,- ասաց Մ. Սարգսյանը։

Նրա խոսքով, իրենց նպատակների մասին համանախագահները խոսել են դեռևս սեպտեմբերյան սրացումներից հետո, իսկ այս այցով փորձելու են քննարկել այդ նպատակները` փորձելով միևնույն ժամանակ լրջության նշան ցույց տալ, թե պատրաստ են տարբեր մակարդակներով աշխատել։ Նրա կարծիքով` ամերիկյան կողմն անհանգստացած է Ադրբեջան-Ռուսաստան մերձեցող հարաբերություններով։ «Նրանք գուցե փորձեն գործընթացները պահել ՄԽ վերահսկողության տակ, որպեսզի Ադրբեջանն ու ՌԴ-ն չփորձեն առանձին, սեպարատ համաձայնություններով նոր բաղադրիչներ մտցնել բանակցային գործընթաց։ Սա լուրջ է, որովհետև Ադրբեջանը սկսում է հայտարարել ԵՏՄ անդամակցության մասին։ Հենց սրանով են պայմանավորված Ուորլիքի կոնկրետ առաջարկները։ Գուցե մտավախություն կա, որ հակամարտության գոտում առանձին ռուսական գիծ զարգանա։

Օգտվելով Ադրբեջանի իրավիճակից` ՌԴ-ն գուցե փորձի դա առաջ տանել։ Չնայած դա քիչ հավանական է, քանի որ սիրիական հակամարտությունը ցույց է տալիս, որ միասնական աշխատանք կատարվում է, այնպես չէ, որ Ռուսաստանը լիովին ազատ է և անում է այն, ինչ ցանկանում է։ Ընդհակառակը` կարծում եմ, որ Ռուսաստանը մեծ թելադրանքի տակ է ԱՄՆ-ի կողմից։ Նոր իրավիճակ է և նոր փոփոխություններ են նշմարվում, բայց հստակեցում եղել է Ուկրաինայում։ Այստեղ դեռ վաղ է այդ մասին խոսելը»,- նման կարծիք հայտնեց Մ.Սարգսյանը։

Kayc MinasyanԴիտարկելով Ուորլիքի ներկայացրած երեք կարևորագույն հարցերը, որոնք պետք է քննարկվեն եռանախագահների տարածաշրջանային այցի ընթացքում` Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ Ուորլիքի ասուլիսն արտացոլեց ԼՂ հակամարտության գոտում ստեղծված փակուղային իրավիճակը։ Ըստ նրա` այն, որ իրավիճակը վաղուց է փակուղում, այլևս ապացուցման ենթակա չէ, ու Ուորլիքի ասուլիսը պարզապես ևս մեկ անգամ շեշտեց այդ իրողությունը` ընդգծելով, որ դիվանագիտությունն «աղքատիկ» և «ողորմելի» վիճակում է։

«Վերջին տարիներին որևէ արդյունք չկա, իսկ Ուորլիքն ու ամերիկյան կողմն ավելին են սպասում դիվանագիտությունից։ Սա կարելի է դիտարկել յուրօրինակ ճնշում նախագահների նկատմամբ. «Բավական է խոսել, պետք է գործել»»,- ասաց Մինասյանը։
Անդրադառնալով Ուորլիքի դիտարկումներին ժողովրդական դիվանագիտությունը զարգացնելու վերաբերյալ` ասաց, որ ՄԽ համանախագահները մի քանի տարի ի վեր կոչ են անում, որպեսզի նախագահներն իրենց ժողովուրդներին պատրաստեն խաղաղության։

«Որքան ժողովուրդները մասնակցեն դիվանագիտությանը, այնքան լավ կլինի բանակցությունների համար և խաղաղության ձեռքբերման ճանապարհին։ Բայց գիտենք, որ Ադրբեջանի իշխանությունները ոչ մի քայլ չեն անում իրենց հասարակության համար, և դժբախտաբար, Հայաստանի ՀՀ ԱԳՆ-ն հաշիվ չի տալիս թե՛ ժողովրդին, թե հայությանը, և դա լավ չէ։ Իրավիճակը փակուղային է, որի պատճառով էլ համանախագահը նաև ժողովրդին է ցանկանում ներգրավել, իսկ ժողովրդավարությունը միայն ընտրություններով չէ, այլ բաղադրիչներ ևս կան, հատկապես, երբ կա պատերազմի վտանգ, ամենալավ անվտանգությունը պետության համար ժողովրդավարությունն է»,- ասաց Կայծ Մինասյանը։ Խոսելով շվեյցարական առաջարկից, ասաց, որ որքան շատ առաջարկներ դրվեն սեղանին, այնքան լավ։

«Կողմերը և ԼՂ իշխանությունները պետք է որոշեն այս ձևաչափի ապագան։ Լավ է, որ առաջարկներ դրվեն։ Թեև չեմ կարծում, որ արագ լուծում կա այս առաջարկին, կարծում եմ, որ փակուղում են, և կան այլ լուծումներ, և ՀՀ իշխանությունները չեն ցանկանում այդ լուծումը սկսել` սպասելով, որպեսզի Ադրբեջանի քաղաքականությունը փոխվի։ Դիվանագիտական դաշտն աղքատ է, սպասում ենք, որ նախագահական հանդիպումը տեղի ունենա, և հարցն այն է, թե ինչի շուրջ են խոսելու, կարևորը հանդիպումը չէ, այլ բովանդակությունը»։ Հիշեցնենք, որ անցյալ տարի Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն Ուկրաինայում տիրող իրադրության և ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկումներ էր նախաձեռնել։

Դիդյե Բուրկհալտերն առաջարկել էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր` խաղաղության հաստատման նպատակին ուղղված կառուցվածքային բանակցությունների գործընթացի մեկնարկ նշանավորող հանդիպում կազմակերպել։ Սակայն այս առաջարկն այդպես էլ քննարկման առարկա չդարձավ։

Տեսանյութեր

Լրահոս