«Հարազատները նախ՝ փորձել են առաջին օգնությունը ցույց տալ երեխային, ապա անմիջապես տեղափոխել հիվանդանոց». 2-ամյա երեխան մահացել է շնչառական ուղիները փակվելու պատճառով
2015թ. հոկտեմբերի 5-ին նրբերշիկ ուտելիս երեխայի մահվան դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին ի պատասխան 168.am-ի հարցման՝ հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Վաղարշապատի հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 2-ամյա երեխա՝ մահացած վիճակում:
«Երեխայի մահվան հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչի կողմից ձեռնարկվել են համապատասխան դատավարական գործողություններ։ «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկը բացատրություն է տվել, որ երեխան հիվանդանոց է ընդունվել մահացած. փոքրիկի բերանի խոռոչից հանել են նրբերշիկի մնացորդներ, որից հետո ցույց տվել համապատասխան բուժօգնություն, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:
Քննությամբ պարզվել է, որ 2015 թվականի հոկտեմբերի 5-ին 2-ամյա երեխան ճաշել է իրենց տանը, որի ժամանակ կերակուրը մնացել է շնչափողում, և նա սկսել է խեղդվել։ Հարազատները նախ՝ փորձել են առաջին անհրաժեշտության օգնությունը ցույց տալ երեխային, ապա անմիջապես տեղափոխել Վաղարշապատի հիվանդանոց, սակայն երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ըստ մահվան մասին բժշկական վկայականի՝ 2-ամյա երեխան մահացել է սննդային զանգվածներով շնչառական ուղիները փակվելու, մեխանիկական շնչահեղձության պատճառով:
2015 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում որոշում է կայացվել՝ 2-ամյա երեխայի մահվան վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` հանցադեպի բացակայության հիմքով»,- ասված է ՀՀ Քննչական կոմիտեի պատասխանում: