«ԱԺ-ում միշտ եղել է 20-25 ակտիվ պատգամավոր, 20-25՝ միջին ակտիվության, և վերջ». Հակոբ Հակոբյան
«Սահմանադրության ներդաշնակ զարգացման արդյունքում հանրությունը պետք է զարգանա: Առաջարկելով Սահմանադրության նոր նախագիծ՝ առաջարկում ենք այդ ներդաշնակության մեջ որոշակի փոփոխություններ, որի նպատակն է՝ հրաժարվել կառավարման կիսանախագահական համակարգից և անցնել պառլամենտական համակարգին:
Արդյո՞ք սա կբերի ժողովրդավարության զարգացման, արդյո՞ք սա կբերի մարդու իրավունքների լիիրավ պաշտպանության, այս հարցերի լուծումները Սահմանադրության նախագիծն առաջարկում է մի քանի դրույթներով, որտեղ հիմնականում ավելացվում են քաղաքական ընդդիմության իրավունքները՝ կառավարման համակարգում, որովհետև չի կարող չլինել հակասություն, և լինի զարգացում: Եվ այս հակասությունների արդյունքում փորձում ենք ապահովել հասարակության զարգացման հիմնական սկզբունքները՝ ժողովրդավարություն, տնտեսություն, մարդու իրավունքի և ազատության հետ կապված իրավական նորմերը»,- այսօրվա ասուլիսին ասաց ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
«Նախագիծն առաջարկում է սահմանադրական օրենքների փիլիսոփայությունը, որտեղ 7 հիմնական օրենքներ պետք է ընդունվեն ԱԺ-ում 3/5-ով: Նպատակը՝ որպեսզի ԱԺ-ում շատ քաղաքական կուսակցություններ կարողանան մասնակցել, և հստակ պետք է լինի փոխպայմանավորվածություն քաղաքական ուժերի մեջ: Առաջարկում ենք նաև քննիչ հանձնաժողովներ, որոնց նպատակն այն է, որ հանրության համար տվյալ պահին, կամ ժամանակի մեջ գործող օրենքները, կամ ԱԺ որոշումն ընդդիմությունն իրավունք ունենա հասարակության համար առանձին քննարկել ԱԺ-ում»,- նշեց նա:
Ըստ պատգամավորի՝ ներկայիս Սահմանադրության մեջ ամրագրված են նախագահական մեծ լիազորություններ. «Այդ լիազորությունները մենք վերացնում ենք և թողնում ենք քաղաքական ուժերին ու ԱԺ-ին»:
Հ. Հակոբյանն ընդգծեց, որ նախագծի հիմնական խնդիրներից մեկն էլ անհատի կերպարի վերացումն ու քաղաքական ինստիտուտների կերպարի առաջարկումն է. «Յուրաքանչյուր պատգամավորի գործունեության համար ոչ թե ինքը պատասխան կտա հասարակության առաջ վաղը, այլ այն կուսակցությունը, որն այդ պատգամավորին ընդգրկել է իր ընտրացուցակում: Մարդ-գաղափարից անցնում ենք ինստիտուտ-գաղափարին»:
Նա նշեց, որ 1999-ից ԱԺ-ում մեծամասնական պատգամավոր է, ու այդ ընթացքում այնտեղ միշտ եղել է 20-25 ակտիվ պատգամավոր, 20-25՝ միջին ակտիվության, և վերջ. «Սա պառլամենտում աշխատանքի սկզբունքն է: Եթե ձեզ թվում է՝ աշխարհի տարբեր պառլամենտների բոլոր պատգամավորներն ակտիվ աշխատում են, այդպես չէ:
Մինչև հուլիսի 1-ն Ընտրական օրենսգիրքը պետք է ընտրված լինի ԱԺ-ի կողմից՝ համաձայն ընտրված Սահմանադրության: Նախագիծը հստակ նախատեսում է հետևյալը՝ եթե ընտրությունների արդյունքում չի ձևավորվում կայուն խորհրդարանական մեծամասնություն, ապա կուսակցությունները կարող են իրար հետ քննարկել կայուն խորհրդարանական մեծամասնություն ստեղծելու գաղափարը: Եթե չեն գալիս համաձայնության, ապա ընտրությունը գնում է երկրորդ փուլ»: