ՀՀ-ն ու ԵՄ-ն հասկացել են՝ ինչի շուրջ են բանակցելու. Գարեգին Մելքոնյան
«Հայաստանն ու Եվրամիությունը տնտեսական հարաբերոթյունների ոլորտային համագործակցության լուրջ սահմանափակումներ չունեն» ,- այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ «Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ի հետ բանակցություններ սկսելու մանդատ է ստացել. ակնկալիքներ և հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ:
Նա տեղեկացրեց, որ ՀՀ-ԵՄ բանակցություններ պետք է տեղի ունենան նոր համաձայնագրի շուրջ, խոսքը գնում է նոր իրավական փաստաթղթի մասին, որը պետք բանակցվի, համաձայնեցվի և ստորագրվի: Նրա փոխանցմամբ ՝ դեռևս տարեսկզբին մասնագիտական քննարկումներ ծավալվեցին ԵՄ տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով ուրվագծելու ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակը, որը երկուստեք հնարավոր է ներառել նոր ստորագրվելիք իրավապայմանագրային փաթեթում։ Այդ քննարկումները նպատակ ունեին նաև քննարկելու, թե ՀՀ ԵՏՄ անդամակցությունից հետո ինչպիսի օրակարգ է հնարավոր ձևավորել, ինչպես նաև նպատակ ուներ քննարկումների հիման վրա ուրվագծելու այն փաթեթը, որի հիման վրա ԵՄ կառույցները համապատասխ մանդատ պետք է ձևավորեին բանակցություններ սկսելու համար: «Բանակցային տեսանկյունից օգտակար էին այդ քննարկումները, կա ընկալում՝ ինչի շուրջ ենք խոսելու»,- ասաց Գ. Մելքոնյանը:
Նա նաև տեղեկացրեց, թե ինչ ոլորտներում համագործակցություն ծավալելու շուրջ են ՀՀ-ն ու ԵՄ-ն համաձայնության եկել: Փոխնախարարը հիշեցրեց, որ Ասոցացման համաձայնագիրը բացի բուն ասոցացումից ուներ խոշոր կարևոր մաս՝ ԽՀԱԱԳ (Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիր): «Եթե մենք տեսնենք Ասոցացման համաձայնագիրը, այն ուներ քաղաքական մաս և ոլորտային համագործակցություն՝ քսանութ ոլորտներ, և կար ԽՀԱԱԳ-ն՝ ծավալուն մի փաթեթ, որը ներառում էր տարիֆների վերացում: ՀՀ-ի ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ այն հարցերը, որոնք հնարավոր չէ ներառել նոր փաթեթում, պետք է հանվեն, ուրվագծվի այն պատկերը, ինչ հնարավոր է ունենալ: Ոլորտային համագործակցության տեսանկյունից քսանութ ոլորտներում մենք որևէ խնդիր չունենք, որոշակի ոլորտներում պայմանավորվածությունները պետք է վերանայվեն և նոր բանակցություններ վարվեն, դուրսմղման ենթակա ոլորտ չկա: ԽՀԱԱԳ-ում կան մի քանի բաղադրիչներ, որոնք նոր փաթեթում հնարավոր չէ ներառել, խոսքը տարիֆային մասի մասին է, ազատ առևտրի համաձայնագիրն իր բնույթով փոխադարձ մաքսատուրքերի կիրառում է ենթադրում, մնացած մասով որոշակի փոփոխություններ կարող են լինել»,- ասաց Գարեգին Մելքոնյանը: