Բաժիններ՝

Հրատարակվել է Կոմիտասի «1000 ու մի խաղ» շքեղ ժողովածուն

Երեկ Կոմիտասի թանգարանում տեղի ունեցավ «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շնորհանդեսը «Մշակութային ժառանգության և ազգային ինքնության պահպանման խնդիրները» թեմատիկայով։ Շնորհանդեսի մասնակիցներն էին «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի տնօրեն և «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի ղեկավար-համակարգող Մարինա Սուլթանյանը, նախագծի երաժշտական պրոդյուսեր Արմեն Մարտիրոսյանը և գլխավոր երաժշտական խմբագիր ու խորհրդատու Արթուր Շահնազարյանը։

11219391_10203506487101527_6577343406163031961_nԱրմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի աշխատանքները մեկնարկել են դեռևս երկու տարի առաջ՝ գիտահետազոտական փուլից, որին հաջորդել են կատարողների ընտրությամբ նրանց ուսումնական գործընթացի, ձայնագրության, նոտագրության հրատարակումների, նկարիչների հետ աշխատանքի փուլերը: Նախագծի աշխատանքներում ընդգրկվել են հանրապետության այդ ոլորտի ամենահեղինակավոր մասնագետներն ու կարող ուժերը, այդ թվում նաև՝ Երևանի Պետական կոնսերվատորիայի ժողովրդական ստեղծագործության բաժնի պրոֆեսորադասախոսական կազմը և նրանցից՝ կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը, ով ստանձնեց նախագծի գլխավոր երաժշտական խմբագրի ու խորհրդատուի պաշտոնը:

12118892_10203506486821520_3340887339247038687_nԿոմիտասագետ Արթուր Շահնազարյանը նախագծի կարևոր ձեքբերումներից համարեց նաև դեռևս 1905թ. Կոմիտաս վարդապետի կողմից հավաքագրված ու միայն վերջերս նախագծի շրջանակներում շքեղ և որակյալ տպագրությամբ «1000 ու մի խաղ» ժողովածուն, ինչպես նաև՝ խոսեց «Ժամագրքի» և «Եկմալյանի պատարագի» հրատարակումների մասին, որոնց հրատարակումը սպասվում է մոտ ապագայում:

Շնորհանդեսին ներկա էին նաև ծրագրին մասնակցած շատ երգիչներ, որոնցից մի քանիսը տեղում կատարեցին Կոմիտասի ստեղծագործություններից:

Կարդացեք նաև

Շնորհանդեսի ավարտին ներկայացվեց նաև Կոմիտասի «Առնեմ էրթամ իմ յարը» հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

Տեղեկացնենք, որ «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի մտահղացման հեղինակն Արթուր Ջանիբեկյանն է: Հիմնադրամը ստեղծվել է 2014թ.՝ նպատակ ունենալով աջակցել հայկական մշակույթին, արվեստի տարբեր ճյուղերին, հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտական ժառանգության պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը: «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերից առաջինը «Հայկական ազգային երաժշտական գանձարան» մշակութային նախագիծն է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս