Բաժիններ՝

Մերկելը ժամանել է Թուրքիա՝ քննարկելու միգրացիոն ճգնաժամը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Թուրքիա՝ Թուրքիայի ղեկավարության հետ քննարկելու միգրացիոն ճգնաժամի հարցեր, հայտնում է BBC-ն:

Ներգաղթյալներ մեծ մասը Գերմանիայում է հայտնվում Թուրքիայի միջոցով: Եվրամիությունն առաջարկում է Թուրքիային ֆինանսական օգնություն ու Շենգենյան գոտու երկրներում Թուրքիայի քաղաքացիների տեղաշարժման սահմանափակումների մեղմացում:

BBC-ի թղթակցի հաղորդմամբ՝ Մերկելը հայտնվել է դժվար վիճակում՝ ավելի վաղ նա դեմ էր հանդես գալիս Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցությանը, սակայն հիմա նրան հարկավոր է Անկարայի օգնությունը:

Թուրքիան, իր հերթին, ցանկանում է օգտվել ստեղծված վիճակից ու առավելագույնս օգուտներ քաղել: Ինչպես հայտնի է, Թուրքիայի տարածքում կա 2 մլն սիրիացի ներգաղթյալ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծաղրել էր ԵՄ-ին այն բանի համար, որ միության երկրներն ավելի քիչ ներգաղթյալ են ընդունել, քան Թուրքիան:

Նրա խոսքերը սառը ցնցուղ էին նրանց համար, ովքեր լավատեսությամբ էին գնահատում ԵՄ-ի ու Թուրքիայի միջև բրյուսելյան բանակցությունները Անկարային 3 մլրդ եվրոյի հատկացման վերաբերյալ, որը պետք է ծախսվի փախստականների համար ապաստարաններ կառուցելու վրա:

Ուրբաթ Էրդողանը մեղադրել էր ԵՄ-ին Թուրքիայի նկատմամբ անկեղծ չլինելու մեջ՝ կապված ԵՄ անդամակցության հայտի հետ:

«Մենք բավական առաջ ենք ԵՄ երկրների մեծ մասից, սակայն, ցավոք, նրանք մեզ հետ անկեղծ չեն»,- հայտարարել էր Էրդողանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս