«Հայաստանը կարող է իրանական էներգակիրները տարանցել Եվրոպա»

Հարցազրույց Իրանի Իսլամական Հանրապետության Էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդական Հոմայուն Հաերիի հետ

– Պարոն Հաերի, Իրանի նկատմամբ կիրառվող արևմտյան պատժամիջոցների տարիների ընթացքում ասվում էր, որ հայ-իրանական հարաբերությունների տնտեսական մակարդակը չի համապատասխանում այդ հարաբերությունների քաղաքական մակարդակին։ Որոշ փորձագետներ դա պայմանավորում էին պատժամիջոցներով, իսկ ոմանք պնդում էին, թե պարզապես բավարար քաղաքական կամք չկա։ Իրականում ի՞նչն է եղել խնդիրը։

– Բարեբախտաբար, հայ-իրանական հարաբերություններում երբեք չեն եղել խնդիրներ։ Իրանի համար այս դժվար տարիների ընթացքում, միևնույն է, Իրանն ու Հայաստանը կարողացել են զարգացնել իրենց հարաբերությունները՝ դրանք զերծ պահելով աշխարհաքաղաքական վայրիվերումներից։ Թյուր է կարծիքը, որ պատժամիջոցները չեն խոչընդոտել, քանի որ դրանք սահմանափակումներ են ուղիղ իրանական տնտեսության, դրա ներուժի, հարաբերությունների ծավալի նկատմամբ։ Այսինքն` պատժամիջոցներն անդրադարձել են մեր բոլոր հարևանների հետ հարաբերությունների վրա բացասականորեն, այդ թվում` Հայաստանի հետ, բայց դրականն այս ամենում այն է, որ կողմերն իրավիճակից դուրս են եկել ամենաքիչ կորուստներով, ես այդպես կասեի։ Հայաստանն ու Իրանն ամեն ինչ արել են, որ պատժամիջոցները բացասականորեն չանդրադառնան իրենց հարաբերությունների վրա կամ անդրադառնան քիչ, ինչն էլ եղել է։

– Հայ-իրանական առևտրատնտեսական շփումներում ի՞նչ հարաբերություններ են ուրվագծվում հունվարից, երբ Իրանը կձերբազատվի պատժամիջոցներից։

– Մեր համոզմամբ, նոր փուլ է սկսվում մեր բոլոր հարաբերություններում, հատկապես` հարևանների, այդ թվում` Հայաստանի հետ, որի վառ ապացույցն էր Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի այցը Հայաստան ու նրա ելույթները։ Ես կարծում եմ, որ այստեղ հարաբերվելու լայն դաշտ կա։ Մենք հետաքրքրված ենք ոչ միայն առևտրաշրջանառության ծավալների մեծացմամբ, այլև համատեղ ձեռնարկությունների, համատեղ պրոյեկտների ստեղծմամբ։ Մեր գործարարները հետաքրքրված են հայկական շուկայով, փորձում ենք հաճախակի հանդիպումներ կազմակերպել նրանց համար, որպեսզի նրանք ծանոթանան, նոր պայմաններ բանակցեն։ Բայց կան մեծ պրոյեկտներ ևս, որոնց մասին Հայաստանում խոսեց մեր փոխնախագահը։ Դա վերաբերում է երկաթուղային հաղորդակցությանը, Հյուսիս-Հարավ մայրուղուն, հույս ունենք, որ կհաջողվի այս ամենը կյանքի կոչել, սրանք են մեր առաջնահերթությունները։

– Պարոն Հաերի, հայաստանյան մամուլում վերջին շրջանում հաճախակի է քննարկվել, որ իրանական էներգակիրները պատժամիջոցների վերացումից հետո կարող են մատակարարվել դեպի Եվրոպա` Հայաստանով և Վրաստանով՝ համապատասխան ենթակառուցվածքների դեպքում։ Այս տարբերակը հատկապես քննարկվող կարող է դառնալ, երբ Թուրքիայի գրավչությունը, որպես տարանցիկ երկիր, նվազում է այդ երկրում ընթացող անկայուն զարգացումների հետևանքով։ Սա դիտարկվո՞ւմ է արդյոք Իրանում` որպես աշխատող ուղղություն։

– Ես կարող եմ միայն ասել, որ դա շատ հեռավոր մի ծրագիր կարող է լինել, քանի որ այդ ուղղությամբ մեծ աշխատանք պետք է տարվի։ Իսկ մինչ նման ծավալի աշխատանքը, մենք այլ աշխատանքներ ունենք անելու, ինչպես արդեն նշեցի` Հյուսիս-Հարավն ու երկաթուղին, որոնք ևս ծավալուն պրոյեկտներ են։ Կարծում եմ, որ սրանք ավարտին հասցնելուց հետո կարելի կլինի մտածել այդ ուղղությամբ։ Դա հնարավոր է։

Տեսանյութեր

Լրահոս