1000 զարկ՝ մեկ վայրկյանում
Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի մեղադրանքը խստացվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել նաև սահմանն ապօրինի հատելու փորձի և ավազակության հոդվածներով: Քրգործով նախաքննությունն ավարտվել է: Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները մանրամասներ են ներկայացրել քրեական գործից:
Պերմյակովը լուրջ խնդիրներ ունի
Լուսինե Սահակյանի խոսքով՝ երբ ծանոթացել են ռուսական կողմից փոխանցված փաստաթղթերին, միջնորդել են նշանակել դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննություն. այդ եզրակացություններում եղել են տվյալներ, որոնք հիմք են տալիս պնդելու, որ Վ. Պերմյակովը լիովին առողջ անձնավորություն չէ, և, որ իրենց կարծիքով` լուրջ խնդիրներ ունի: Ըստ նրա՝ նկարագրվում էին իրավիճակներ, սակայն նշվում էր, որ նա լիովին առողջ է և ոչ մի խնդիր չունի. «Արդեն իսկ դատավարության ընթացքում մեզ մոտ լուրջ կասկածներ առաջացան Պերմյակովի վարքի հետ կապված, որովհետև շատ տարօրինակ էր, որ ամբողջ օրվա ընթացքում անձն իրեն պահում էր այնպես, կարծես իր դատը չլիներ»:
Նա մանրամասնեց, որ հիշյալ եզրակացություններից ակնհայտ է դառնում, որ ժամանակին Պերմյակովը բազմիցս գտնվել է հոգեբույժների հսկողության տակ, զորակոչվելուց հետո պառկել է հոգեբուժական բաժանմունքներում: Մինչ այդ էլ լուրջ կասկածներ են եղել` նրա վարքի հետ կապված, իսկ բանակում գտնվելու ընթացքում շատ տարօրինակ վարք է դրսևորել:
«Մասնավորապես, աթոռով հարվածել է սպաներից մեկին միայն այն բանի համար, որ, ըստ իրեն, նա խանգարել է իրեն և աթոռը քաշել է իր տակից: Նրա մոտ դրսևորվել են նաև որոշակի սուիցիդալ հատկանիշներ: Նրա մոտ ագրեսիվություն է նկատվել, շատ դեպքերում` նաև շատ տարօրինակ վարք: Մասնավորապես, նրա համածառայակիցները նշում են, որ առնվազն 2-3 օր նա շատ տխուր էր, անընդհատ լացում էր, և, երբ նրան հարցրել են՝ ինչումն է խնդիրը, նա ասել է, որ մայրը մահացել է: Եվ 3 օր լացելուց հետո, ըստ ծառայակիցների, նա մի կերպ հանդարտվել է, սակայն մենք գիտենք, որ նրա մայրը կենդանի է»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ «Համադասարանցիներ» կայքով Պերմյակովը գրագրություններ է ունեցել իր ընկերների հետ և նշել է, թե ինքն այստեղ մասնակցում է ինչ-որ հակամարտության, և յուրաքանչյուր գիշեր իրենք 40.000 կրակոց են արձակում: Ըստ նրա՝ համածառայակիցների ցուցմունքներից երևում է, որ Վ. Պերմյակովը նշել է, թե ինքը Նիկիտա անունով երեխա ունի. «Երեխայի նկար է ունեցել, որը պարբերաբար ցույց է տվել, ասել, որ՝ սա իմ երեխան է, բայց իրականում նա երեխա չունի»: Լ. Սահակյանն ասաց նաև, որ հոգեբույժներն այդ ընթացքում հստակ նշել են, որ արգելվում է, որ նա զենքով ծառայություն իրականացնի: Նա նաև նշեց, թե դեռևս 14 տարեկան հասակից Պերմյակովը ոգելից խմիչքներ և թմրամիջոցներ է օգտագործել:
Նրա խոսքով՝ հայկական կողմի փորձագետները եզրակացրել են, որ Պերմյակովն ինֆանտիլ անձ է, բնավորության պսիխոպաթանման գծերով և հուզական էմոցիոնալ թերհասությամբ, սակայն փորձագետները գտել են, որ նա մեղսունակ է: Ըստ Լ. Սահակյանի՝ փորձագետները եզրահանգել են, որ Պերմյակովին հատուկ են իմպուլսիվություն, կամակորություն, եսակենտրոնություն, իրավիճակային ագրեսիվություն, բռնկվողականություն՝ տագնապային համակցումով, պրիմիտիվություն և ֆանտազյորություն, նաև հուզական լարվածության ժամանակ ադապտացիայի դժվարություններ, շտապողականություն՝ դյուրագրգռվածության համակցումով. «Հոգեբանները և հոգեբույժները եկել են եզրահանգման, որ հենց այսպիսի հատկանիշներով է պայմանավորված նրա վարքը և այն, ինչ կատարվել է իրականում»:
Փաստաբանը նշեց, որ, երբ Պերմյակովն անազատության մեջ է գտնվել, խուզարկությամբ նրա նոթատետրի մեջ ծնողներին ուղղված նամակ է հայտնաբերվել. «Այնտեղ նա նշում է, որ՝ այն, ինչ կատարվել է, ես չեմ արել, դա արել է իմ միջի մարդը: Նա նաև մանրամասն նկարագրում է, թե ինքն ինչ իրավիճակում էր գտնվում այդ հանցագործությունը կատարելիս: Նա ասում է, որ մեկ վայրկյանում իմ սիրտը 1000 զարկ էր կատարում, և այլն»,- նամակի բովանդակությունը մանրամասնեց փաստաբանը: Հարցին՝ արդյոք հիշատակված խնդիրները կարո՞ղ են պատճառ դառնալ՝ նրա պատիժը մեղմացնելու համար, փաստաբան Երվանդ Վարոսյանը պատասխանեց, թե, անկախ նրանից՝ ինքն ինչ հուզական վիճակում է գտնվել՝ կապված իր շեղումների հետ, նա հաշիվ է տվել իր գործողություններին. «Ինքը ցանկացել է սպանություն կատարել ու կատարել է գիտակցաբար: Սա անհերքելի է»:
«Երեխաներն ինձ համար ծաղիկներ են»
Դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննությունն անցկացնելիս Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները ներկա են գտնվել: Անդրադառնալով այդ ընթացքում Վ. Պերմյակովի վարքին՝ Լ. Սահակյանն ասաց. «Շատ տարօրինակ տպավորություն էր մեզ մոտ, որովհետև մի առումով՝ նա շատ խղճալի վիճակում էր, որովհետև ասում էր՝ ես չեմ կարողանում հասկանալ, թե ես ինչպես սպանեցի երեխաներին, որովհետև երեխաներն ինձ համար ընդհանրապես ծաղիկներ են, և ես շատ եմ սիրում երեխաներին: Դրա հետ մեկտեղ` ասում էր, որ՝ արել եմ, դե՛, այդպես ստացվեց, և ժպտում էր ամբողջ ընթացքում»:
Նրա խոսքով՝ այդ ամենը նկարագրելիս Վ. Պերմյակովը ժպտացել է, իսկ երբ նրան հարցնում էին՝ արդյոք հոգին չի՞ ցավում, նա պատասխանում էր՝ ոչ: «Ասում էին՝ բայց չէ՞ որ դու ասում էիր, որ զղջում ես (ասում էր՝ ես ցանկանում եմ, որ մարդիկ ինձ հասկանան ու ներեն իմ արածի համար), մի առումով դա ես ասում, մյուս առումով ասում ես, որ՝ հոգիս չի ցավում, ասում էր՝ չէ, իմ մարմնի ոչ մի տեղն էլ չի ցավում, հոգին ո՞նց կարող է ցավել: Այս աստիճանի պրիմիտիվ անձնավորություն է ինքը»,- ասաց Լ. Սահակյանը:
Ինչու Ավետիսյանների տունը՝ ըստ Պերմյակովի
Երվանդ Վարոսյանն ասաց, որ՝ ծանոթանալով դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացությանը, իրենք որոշակիորեն ծանոթացել են նաև Պերմյակովի կողմից նախաքննության ընթացքում տված ցուցմունքներին: Նրա խոսքով՝ մեղադրյալը որոշակի իրարամերժ ցուցմունքներ է տվել, սակայն ընդհանուր առմամբ ստացվում է, որ զորամասն ի սկզբանե լքել է, որպեսզի սահմանները հատելով` հասնի ՌԴ:
«Ըստ իրեն՝ ի սկզբանե իր նպատակը եղել է տուն գնալը: Զենքը հատուկ է վերցրել, որպեսզի զենքի միջոցով կարողանա հագուստ և գումար հայթայթել, որպեսզի կարողանա հատել սահմանները: Ինչո՞ւ Ավետիսյանների տունը՝ ըստ Պերմյակովի ցուցմունքի, քանի որ երկար փնտրելուց հետո առաջին բաց դարպասն է իրեն հանդիպել: Նա նկարագրում է նաև, որ փորձել է թակել դուռը, և, քանի որ արձագանք չի եղել, կարծել է՝ տանը մարդ չկա, սակայն միաժամանակ նշում է, որ ինքը զենքը լիցքավորել է և պատրաստ է մտել տուն՝ նաև սպանություն կատարելու: Այսինքն՝ հստակ նշում է, որ, եթե տանը լինեին մարդիկ, որոնք իրեն խոչընդոտ էին լինելու՝ հագուստ, գումար հայթայթելու տեսակետից, ինքը սպանելու էր: Նկարագրում է, որ տուն մտնելով՝ ջուր է խմել, որից հետո մտել է առաջին սենյակ, և, երբ իր գլխին ամրացված լապտերի լույսն ընկել է առաջին սենյակում քնած Ավետիսյանների դստեր վրա, նա արթնացել է, սկսել է աղմկել, փորձել է հեռախոսով զանգահարել:
Ըստ Պերմյակովի՝ ինքն իրեն անմիջապես կորցրել է, կրակոցներ է արձակել, կրակոցների ձայնից արթնացել են Ավետիսյանների տան մյուս անդամները, և անցնելով սենյակները՝ բոլորին սպանել է հրազենի գործադրմամբ»,- ասաց Ե. Վարոսյանը՝ նշելով, որ, ըստ գործի տվյալների՝ փոքրիկ Հասմիկ Ավետիսյանը սպանվել է Պերմյակովի գործածած զենքից արձակված կրակոցով: Բայց, նրա խոսքով՝ Պերմյակովն այդ սպանությունը տարբեր կերպ է նկարագրում իր ցուցմունքում. մեկ ասում է՝ խզակոթով է հարվածել, մեկ՝ սվին-դանակով է հարվածել, մեկ ասում է՝ կրակել է, մեկ՝ աղջիկը կանգնած է եղել մահճակալի մեջ, մեկ՝ պառկած. «Բայց այնուամենայնիվ, երբ ինքը նկարագրում է երեխաների սպանությունը, նաև նկարագրում է, որ իրեն կատարելապես կորցրած վիճակում է եղել, ասում է, որ չէին լռում երեխաները: Ցուցմունքներից մեկում ասում է՝ «ներվերիս վրա ազդում էին, և վերջ»: Այսինքն՝ վերջում, տեսնելով, որ աղմուկ է, դա էլ կատարել է»,- ասաց Ե. Վարոսյանը:
Փաստաբանի խոսքով՝ Վ. Պերմյակովն իր ցուցմունքում նկարագրել է, որ փոխել է հագուստը. «Ասում է՝ դե՛, համազգեստս հո հետս քարշ չէի՞ տալու, խանգարելու էր ինձ, զենքն էլ: Հագել է Ավետիսյանների տնից գողացված վերնազգեստը, գումար հափշտակել, տան հեռախոսները վերցրել և գնացել դեպի Թուրքիայի սահման: Այդտեղ ինքն ասում է, որ իր նպատակն արդեն Թուրքիա անցնելն էր՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»: Ըստ Պերմյակովի՝ ինքը գիշերը ժամը 2-ից հետո է լքել զորամասը, իսկ դեպքը տեղի է ունեցել ժամը 4-ի սահմաններում. Ավետիսյանների տանը տեղի ունեցածը տևել է մոտ 15 րոպե:
Ի՞նչ է պարզել ստի դետեկտորը
Փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ ռուսական կողմը սպանության գործը քննելիս դատահոգեֆիզիոլոգիական փորձաքննություն է իրականացրել, այլ կերպ ասած՝ պոլիգրաֆ կամ ստի դետեկտոր: Նրա խոսքով՝ այս դեպքում ստի դետեկտորի միջոցով պարզվել է ոչ թե այն, ինչ է իրականում տեղի ունեցել, այլ՝ ինչ է տեղի ունեցել՝ ըստ Պերմյակովի պատկերացումների. «Ըստ էության՝ նա նշել է, որ ինքն է կատարել հանցագործությունը:
Այսինքն՝ իր մոտ կան պատկերացումներ, որ ինքը մտել է այդ տուն և սպանել է այդ ընտանիքի բոլոր անդամներին»: Ե. Սարգսյանն ասաց, որ, երբ Պերմյակովին հարցրել են՝ արդյոք ինքը միայնա՞կ է եղել, ազդակներ են գրանցվել, որ ինքը տեղեկությունների է տիրապետում, որ միայնակ է կատարել հանցագործությունը: Հարցի վերաբերյալ՝ արդյոք ինքը նպատակայի՞ն է գնացել հենց Ավետիսյանների տուն, թե՞ պատահական է տունն ընտրվել, պոլիգրաֆի հետազոտությամբ պարզվել է, որ մինչև այդ տուն մտնելը նա փորձել է մտնել այլ տներ ևս, փորձել է բացել դռները, սակայն չի հաջողվել, և, քանի որ Ավետիսյանների տան դարպասը բաց է եղել, մտել է նրանց տուն:
Ե. Վարոսյանի խոսքով՝ ռուս քննիչներն առաջին օրը Պերմյակովից վերցրել են փորձանմուշները և առգրավել են այն հագուստները, որոնք եղել են նրա հագին: «Նշանակվել է փորձաքննություն, պարզվել է, որ Պերմյակովի ձախ ձեռքի, աջ ձեռքի ներսի հատվածներում, քթանցքերում, ինչպես նաև ձախ ականջախեցում հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ, ինչը վկայում է այն մասին, որ քսուկները վերցնելուց կարճ ժամանակ առաջ նա կամ կրակոցներ է արձակել, կամ անմիջականորեն գտնվել է կրակոցներ արձակողի կողքին»,- ասաց նա՝ նշելով, որ Պերմյակովի սվիտերի 2 թևքերին ևս հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ: Նա նշեց, որ այդ արգասիքները հիմնականում լինում են կրակոցներ արձակողի վրա. «Հաշվի առնելով, որ Պերմյակովի ձեռքերի ներսի հատվածում են մնացել հետքերը, կարող ենք ավելի հավաստի ենթադրել, որ կրակողը հենց նա է»:
Ե. Սարգսյանն էլ ասաց, որ Պերմյակովի մոտից հայտնաբերվել են սև գլխարկ, սև բաճկոն, սպորտային անդրավարտիք, կոշիկներ, ինչպես նաև երեք բջջային հեռախոս: Ռուսական կողմը փորձաքննություններ է իրականացրել և դրանցից հայտնաբերել Պերմյակովի ԴՆԹ-ները: «Հայկական կողմը նույնպես փորձաքննություն է իրականացրել: Շատ կարևոր հանգամանք կա՝ ռուսական կողմի առանձնացված ԴՆԹ-ները և հայկական կողմի կողմից զինվորական հագուստների վրայից հայտնաբերված Պերմյակովի ԴՆԹ-ները համեմատության են ենթարկել, և դրանք 99,99 տոկոսով համընկնում են: Սա նույնպես շատ կարևոր հանգամանք է՝ հիմնավորելու, որ նա եղել է դեպքի վայրում, այդ հագուստները նրանն են»,- ասաց նա՝ նշելով, որ հայտնաբերված հագուստներն ու բջջային հեռախոսները ճանաչման են ներկայացվել տուժողների իրավահաջորդներին, ովքեր ճանաչել են հագուստները:
«Ցույց տալ, որ ինքն էլ կարող է «կրուտոյ» լինել»
Լ. Սահակյանն ասաց, որ շատ հետաքրքրական է այն, թե Վ. Պերմյակովը նախկինում ինչպիսի վարք է ունեցել. «Նա շատ ճնշված է եղել, և կան ցուցմունքներ այն մասին, որ այնտեղ տղաները նրան պարբերաբար ծեծի են ենթարկել, նրանից գումար են պահանջել, ինքն անընդհատ տնից գումար է բերել, տվել նրանց: Նաև նշվում է, որ այն քաղաքը, որտեղ նրանք բնակվում են, աչքի է ընկնում իր բարձր հանցավորությամբ: Ընդ որում, երիտասարդների մոտ տարածված է, որ այն անձինք, ովքեր հանցագործություն են կատարում, այսպես ասած` լավ տղաներ են՝ «կրուտոյ», ինչպես նշվում է: Շատ հետաքրքրական էր, որ մենք փորձաքննության ժամանակ նկատեցինք, որ Պերմյակովի ուսին որոշակի դաջվածք կա, և հարցրինք՝ ի՞նչ է սա նշանակում, ինքն ասաց, որ սա նշանակում է` մարտիկ: Եվ նրա վարքից երևում էր, որ նա կայացման լուրջ խնդիր ունի և նա նաև իր հանցավորության դրսևորմամբ ցանկանում է ցույց տալ, որ ինքն էլ կարող է «կրուտոյ» լինել»:
Լ. Սահակյանն ասաց, թե ակնհայտ էր, որ մեղադրյալը փորձ էր անում իրեն ցույց տալ՝ որպես կայացած անձ: «Իրականում շատ հուզիչ էր, երբ հոգեբանները նրանց առաջարկեցին տուն նկարել: Նա տունը նկարեց, պատուհանը նկարեց, հետո պատուհանի մեջ ինչ-որ բան էր ուզում նկարել (ասել էին՝ նկարիր տուն, մարդ, ծառ), ասացին՝ մարդուն պատուհանի մեջ մի նկարիր, ասաց՝ չէ, մարդ չեմ նկարում: Հարցրին՝ ի՞նչ ես նկարում: Ծաղիկ նկարեց: Ասացին` բայց ինչո՞ւ ես ծաղիկ նկարում, ասաց՝ թող այսպես գեղեցիկ լինի: Ու երբ իրեն ասում էին, թե ինչ լավ բան կնկարագրի, ինքն ընտանիք էր նկարագրում, երեխաներ էր նկարում: Այսինքն՝ իրականում իր մեջ բավականին նուրբ հոգի էր նստած, բայց, իմ կարծիքով՝ արդեն որպես մարդու (ես բժշկական գիտելիքներ չունեմ), ակնհայտ էր, որ միջավայրում, որտեղ ինքը մեծացել էր և մշտապես ճնշված էր եղել հենց այդ իր նուրբ հոգու համար, փորձել էր դա վերափոխել և կայանալ: Ըստ իրեն՝ կայացումը հանցագործության կատարումն էր, ագրեսիվ լինելն է:
Դրա համար իր մեջ կարծես երկու մարդ նստած լիներ: Նույն հարցադրումների ժամանակ նա շատ հանգիստ պատմում էր հանցագործությունից ու ժպտում և զայրույթ առաջացնում: Դրա հետ մեկտեղ՝ մի փոքր ավելի ուշ ինքը սկսում էր զարմանալ ու ասում էր՝ ես ընդամենը մի բան եմ ուզում, որ մարդիկ ինձ հասկանան ու ներեն, ես հասկանում եմ, որ իմ կյանքին այլևս վերջ է դրված, բայց ես ուզում եմ, որ մարդիկ ինձ ներեն, որովհետև ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս եմ ես դա արել»: Լ. Սահակյանն ասաց, որ իրենց մոտ կասկած չկա, որ Պերմյակովն այն անձն է, ով արձակել է կրակոցներ, մինչ օրս հավաքված ոչ մի ապացույցով մենք չունենք այլ տվյալներ երկրորդ անձի գոյության մասին, նրան դրդելու մասին: Լ. Սահակյանի խոսքով՝ հանցագործություն է կատարվել, և դրա ծնող պատճառները, ինչպես նաև՝ մեղավորները, որոնց թերացման պատճառով եղել է այս հանցագործությունը, պատասխանատվության պետք է ենթարկվեն. տարօրինակաբար, այն անձինք, ովքեր պետք է պատասխանատվության ենթակա լինեին, վկայի կարգավիճակով հարցաքննվում էին դատարանում: Ըստ փաստաբանի` ՌԴ-ն այս ամենի համար պետք է պատասխան տա:
ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«168 ԺԱՄ»