«Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո հայ-իրանական համագործակցության դաշտը նոր տեսք է ընդունում». Արսեն Ղազարյան
«Հայաստանյան բիզնես միջավայրն օտարերկրյա ներդրողի համար գրավիչ է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը, անդրադառնալով այսօր Հայաստանում անցկացված Հայ-իրանական գործարար համաժողովի հնարավոր արդյունքներին և հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություններին:
Նա նշեց, որ այս համաժողովից կարելի է ակնկալել նոր ներդրումային ծրագրերի առկայություն` հատկապես իրանական միջին ու խոշոր գործարարության վերջնական մուտք Հայաստան, որը տարիներ շարունակ սպասում են: «Տարիներ շարունակ մենք համոզում ենք, ապացուցում ենք իրանական կողմին, որ Հայաստանը շատ լավ բիզնես հարթակ է թե՛ ԱՊՀ տարածք, թե՛ այսօր արդեն Եվրոպա ապրանքներ ու ծառայություններ անցկացնելու համար: Հույս ունենք, որ այդ գիտակցումը կլինի` Հայաստանում համատեղ ձեռնարկությունների միջոցով ապրանքներ բերել, վերարտադրել, վերապիտակավորել և հանել շուկաներ, որտեղ մենք ունենք արտոնյալ մաքսային կարգավիճակ, ինչպես ԵՏՄ տարածքում, այնպես էլ մեր GSP+ համակարգի միջոցով՝ Եվրոպա, որը խիստ կարևոր է:
Այսօր, երբ Իրանի նկատմամբ պատժամիջոցները մեղմանում են և հունվարից պետք է վերանան, համագործակցության դաշտը նոր տեսք է ընդունում, մենք էլ հավաքվում ենք, որպեսզի եվրոպական շատ ապրանքներ, արտադրանքներ Հայաստանով իրանական շուկա տանենք, և մեր տարանցիկ դերը լինի երկկողմանի, ինչպես Բանդերաբաս-Մեղրի իրանական տարածքն ենք օգտագործում, այնպես էլ Փոթի-Բաթումին՝ ներկրման և արտահանման համար: Ժամանակը հետաքրքիր է այն իմաստով, որ իրավիճակներ են փոխվել համաշխարհային և տարածաշրջանային շուկաներում, և պատահական չէ, որ մեկ ամիս հետո մենք էլ ենք մեր ծրագրերով մեկնելու Թեհրան՝ ստեղծվելիք հարաբերություններն ամրապնդելու և յուրաքանչյուրս մեր ներուժին համապատասխան գործընկեր գտնելու համար»,- մեկնաբանեց Արսեն Ղազարյանը:
Հարցին, թե հայաստանյան բիզնես միջավայրը գրավի՞չ է, կամ ինչո՞վ է գրավիչ իրանցի գործարարների համար, նա պատասխանեց, որ օտարերկրյա ներդրողների համար հայաստանյան բիզնես միջավայրը գրավիչ է, ներդրողներն օգտվում են օրենսդրական և միջպետական համաձայնագրերով նախատեսվող պետական աջակցությունից:
«Այն, որ տնտեսական հարաբերությունների որոշ ոլորտներում ունենք լճացում, ունենք խնդիրներ արտաքին շուկաների ազդեցության հետևանքով, չի նշանակում, որ Հայաստանում բիզնես միջավայրը թուլացել է: Ներդրողի համար շատ գրավիչ է, որի վկայությունն այն օտարերկրյա գործընկերներն են, որոնք ՀՀ-ում աշխատելով՝ իրենց ապրանքն ու ծառայությունները կարող են հայկական շուկայում մատուցել և արտահանել տարբեր երկրներ»,- ասաց Ղազարյանը:
Խոսելով իրանական կողմի նախաձեռնողականությունից և հետաքրքրվածությունից` Ա. Ղազարյանն ասաց, որ իրանական կողմը ՀՀ անկախության 24 տարիների ընթացքում Հայաստանը դիտարկել է՝ որպես սպառողական շուկա: «Մենք շնորհակալ ենք, որ 1990-ական թթ. իրանական ապրանքներն օգնեցին մեզ ապրանքային սովը հաղթահարելու հարցում, այսօր իրանական կողմը պետք է Հայաստանին դիտարկի, և դա ենք մենք փորձում ապացուցել, որ սա ներդրումների և արտադրության հարթակ է, ոչ թե սպառողական շուկա: Համոզմունք կա, որ նրանց մոտ այդ գիտակցումը ձևավորված է»,- նման կարծիք հայտնեց Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահը: