Բաժիններ՝

Անկարայում պայթյունների զոհերի թիվը հասել է 99-ի. Դավութօղլու

Անկարայի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 99-ի, հայտնել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ շաբաթ օրը տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով սպանվել է 97 մարդ: Երեկ Անկարայի բժշկական պալատը հայտնել էր 106 զոհերի մասին:
«Մենք ունենք 99 զոհ, 94-ի մարմինները նույնականացվել են, նրանց մարմինները հանձնվել են ազգականներին: Զոհերի թվում կա Պաղեստինի քաղաքացի, մենք սպասում ենք նրա ազգականների ժամանմանը»,- ասել է Դավութօղլուն Show TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Թուրքիայի վարչապետը հավաստիացրել է, որ ահաբեկչության պատվիրատուները հայտնի են ու կկրեն պատասխանատվություն: Ավելի վաղ Դավութօղլուն հայտարարել էր, որ ահաբեկչությանը կարող են առնչություն ունենալ ԴԱԻՇ-ն ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK):

ankara12

Մինչ այդ, Թուրքիայի ոստիկանությունը կարծում է, որ Անկարայի ահաբեկչության հեղինակներից մեկը ԴԱԻՇ-ի ենթադրյալ անդամի եղբայրն է: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Ինչպես ասվում է հոդվածում, ըստ իրավապահ մարմինների, Յունուս Ամիր Ալագոզը գործի է դրել պայթուցիկ սարքերից մեկը:

Նրա ավագ եղբայրը՝ շեյխ Աբդուրռահիմ Ալագոզը, ենթադրաբար, կազմակերպել էր Թուրքիայի Սուրուչ քաղաքի ահաբեկչությունը: Ոստիկանությունը անվանել է նաև Անկարայի պայթյունների երկրորդ հեղինակին, ով դարձյալ ԴԱԻՇ-ի անդամ է՝ Օմեր Դենիզ Դունդարը:

Հետաքննությունը դեռ շարունակվում է, սակայն ինչպես հայտնում է «Հուրիեթը», Անկարայի դատարանը երեկ որոշում է կայացրել արգելել թուրքական ԶԼՄ-ներին տեղեկություններ հրապարակել շաբաթ օրը Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին:

ankara

Հիշեցնենք, որ իրար հաջորդող պայթյունները տեղի են ունեցել Անկարայի գլխավոր երկաթուղային կայարանի մոտ, առավոտյան ժ. 10.00-ի սահմաններում, երբ կայարանին կից հրապարակում հավաքվել էին «Հանուն խաղաղության ու ժողովրդավարության» երթի մասնակիցները:

Երթը կազմակերպվել էր արհմիությունների ու քրդամետ խմբերի կողմից: Միտինգում պետք է կոչ արվեր դադարեցնել Թուրքիայի «Քրդական աշխատավորական» կուսակցության ու Թուրքիայի իշխանությունների միջև ծագած կոնֆլիկտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս