«Տո դուք գիտեք, ես ի՛նչ տղա եմ, ես իմ երկրում «պերվի կրուգ» եմ ֆռում». «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը իր այսօրվա խմբագրականում գրում է. ««Տո դուք գիտեք, ես ի՛նչ տղա եմ, ես իմ երկրում «պերվի կրուգ» եմ ֆռում, ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարների հետ գործ-մործ եմ անում, Բարաք Հուսեյնովիչն ինձ անձամբ է հանձնարարականներ տալիս, 17 երկրում ինձ մեդալներ են տվել: Դուք չեք էլ պատկերացնում, թե որտեղ ի՛նչ փողեր, ի՛նչ բիզնեսներ ունեմ ես»:

Պատկերացնո՞ւմ եք, որ Բիլ Գեյթսն այդպես գլուխ գովեր իր ասուլիսում:

Մարդիկ լրջորեն կանհանգստանային ամերիկացի միլիարդատիրոջ հոգեկան առողջության համար: Հայ-ռուսական իրականության համար դա սովորական է: Իհարկե, մի քանի լրատվամիջոց թեթեւ հեգնանքով են գրելու նման բիզնեսմենի մասին, բայց Արա Աբրահամյանն առանձնապես «նորմայից» չի շեղվում: Անձնական շփումների ժամանակ մեր՝ հայաստանյան օլիգարխները ճիշտ նույն ձեւով են խոսում: Պարզապես մեզ մոտ նրանք ասուլիսներ չեն տալիս՝ այդքան խելք եւ զգուշավորություն ունեն:

Մոսկվաբնակ մեր հայրենակիցը, հավանաբար, շատ է ազդված Վլադիմիր Վլադիմիրովիչի առաջադրանքները կատարելուց, եւ քանի որ «ցարին» մոտ կանգնած մարդ է, դրանից հավելյալ գլխապտույտ է զգում: Այստեղից էլ ոչ միայն «շարքային» օլիգարխի, այլեւ գիտնականի, փիլիսոփայի եւ քաղաքական գործչի հավակնությունները: 19-րդ դարի սկզբին ոսկե հանք գտած եւ այդպիսով հարստացած ամերիկացի «կովբոյը» նման ձեւով կխոսեր, բալզակյան «նուվորիշ» բանկիրներն էլ այդպիսի հոգեբանություն ունեին: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մենք հավելյալ 200 տարի չունենք, որ հասունանանք եւ հասնենք ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի չափանիշներին: Ուրիշների փորձը պետք է նախեւառաջ նրա համար, որ մենք այդ ճանապարհն ավելի արագ անցնենք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս