Ջրծաղկի դեպքեր Արարատի մարզում

Հոկտեմբերի 9-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի Մրգավետ համայնքի մանկապարտեզում և դպրոցում ջրծաղկի դեպքեր են արձանագրվել:

Հիվանդության առաջին դեպքը (հավանական աղբյուրը) արձանագրվել է սեպտեմբերի 25-ին։ Ըստ ծնողների` հիվանդը շփվել է Երևանում բնակվող ջրծաղկով հիվանդի հետ: Մինչ ցանի առաջանալը երեխան հաճախել է Մրգավետի մանկապարտեզ: Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Արարատ» մասնաճյուղը Մխչյանի բժշկական ամբուլատորիայից հաղորդում է ստացել, որ Մրգավետ մանկապարտեզի նույն խմբում 6 ջրծաղկով հիվանդի մասին: Այսօրվա դրությամբ գյուղում արձանագրվել է 16 դեպք, որից 12-ը՝ մանկապարտեզում, 4-ը՝ դպրոցում:

Համաճարակային իրավիճակի հետագա բարդացումից խուսափելու նպատակով իրականացվել են համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ:

Հիշեցնենք, որ ջրծաղիկը (varicella) վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է տենդով, մաշկի ու լորձաթաղանթների վրա փոքր, թափանցիկ պարունակությամբ լցված բշտիկների առաջացումով: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է։ Վարակը տարածվում է օդային ճանապարհով՝ հիվանդի հետ անմիջական շփման դեպքում։ Ջրծաղկով հիվանդանում են հիմնականում մանկական տարիքում։ Հիվանդների 50%-ը կազմում են 5-9 տարեկան երեխաները։ Ավելի քիչ են հիվանդանում 1-4 և 10-14 տարեկանները։ Հիվանդացության 10% – ը բաժին է ընկնում 15 և բարձր տարիքային խմբին։

Չհիվանդանալու համար խորհուրդ է տրվում՝

– խուսափել ջրծաղկով հիվանդների հետ շփումից,

– հիվանդանալու դեպքում անհապաղ դիմել բժշկի, հատկապես՝ մեծահասակները,

– եթե հիվանդի օջախում առկա են հղի կանայք, ապա անմիջապես պետք է տեղեկացնել վերջինիս հղիության ընթացքը վարող մանկաբարձ – գինեկոլոգին,

– հիվանդասենյակը ենթարկել խոնավ մաքրման` օդափոխելով այն,

– եթե հիվանդը հաճախում է կազմակերպ հաստատություն, ապա անհրաժեշտ է սահմանափակել նոր երեխաների մուտքը տվյալ դասարան կամ խումբ,

– նոր հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով անհրաժեշտ է կոնտակտավորների նկատմամբ սահմանել բժշկական հսկողություն:

Տեսանյութեր

Լրահոս