Բաժիններ՝

Կյանքը «Տրոյկայից» հետո կամ ինչո՞վ է զբաղվում Ռուբեն Վարդանյանը. Forbes-ի անդրադարձը

Հայտնի ներդրումային բանկիր Ռուբեն Վարդանյանը պատրաստվում է բիզնես վարել միլիարդատերերի ժառանգների հետ: Ի՞նչ է նա նրանց առաջարկում, փորձել է պարզել Forbes-ը:

2011-ին Ռուբեն Վարդանյանը «Սբերբանկին» վաճառեց «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունը, որն իր գործընկերների հետ հիմնադրել էր դեռ 1991 թվականին: Բիզնեսը գնահատվեց 1 մլրդ դոլար, ևս 400 մլն դոլար «Սբերբանկը» վճարեց 2013-ի ամռանը՝ «Տրոյկայի» ֆինանսական արդյունքներով՝ գործարքի առաջին մասից հետո:

2014-ին Վարդանյանը կատարեց «Սբերբանկի» առաջ կատարած իր պարտավորություններն իր նախկին ընկերության ինտեգրման մասով, «Տրոյկա դիալոգի» իր նախկին գործընկերների հետ հաշիվները նույնպես ավարտվել են:
Այժմ «Սբերբանկի» հետ Վարդանյանին կապում է ընդամենը բանկի նախագահ Գերման Գրեֆի խորհրդականի ձևական պաշտոնը:

Ինչո՞վ է զբաղվում ամենահայտնի ներդրումային բանկիրներից մեկը, ում կարողությունը Forbes-ը գնահատել է 1 մլրդ դոլար:

Կարդացեք նաև

Մեծ ընտանիքներ

Իր ժամանակի մեծ մասը Վարդանյանը զբաղվում է նախագծերով, որոնք կապված են մասնավոր կարողությունների ժառանգման ու փոխանցման հետ: Նա ասում է, որ Ռուսաստանը գտնվում է իր ընկերությունների սեփանակատերերի փոխանցման ալիքի սպասման մեջ, ու այդ գործոնը վառ կարտահայտվի մոտակա տասնամյակում:

Մոսկովյան «Сколково» կառավարման դպրոցի հետազոտության համաձայն՝ (Վարդանյանը բիզնես-դպրոցի հոգաբարձուներից է) ռուս հարուստ գործարարների միջին տարիքը 48 է: Նրանց բոլորին 10-20 տարուց հարկավոր կլինի բիզնեսի ու կարողության փոխանցման ձևակերպման ծառայություններ:
«Խոսքը ոչ միայն օլիգարխների, այլև միջին մակարդակի գործարարների մասին է: Դրանք ոչ թե հարյուրավոր, այլ տասնյակ-հազարավոր մարդիկ են»,- վստահեցնում է Վարդանյանը:

2015-ի ամռան սկզբին նա բացել է Phoenix Advisors ընկերությունը, որի աշխատանքը համակարգում է «Ռենեսանս կապիտալի» նախկին նախագահ Ալեքսանդր Մերզլենկոն, ով պատասխանատու է առանցքային հաճախորդների հետ հարաբերությունների համար։

2015թ. գարնանը Մերզլենկոն Phoenix Advisors-ի տնօրեն նշանակեց իր նախկին ավագ գործընկերոջը՝ Третий Рим ընկերության ղեկավար Ալեքսեյ Ստանկևիչին, ում պարտականությունների թվում են գործարքների և ակտիվների ստրուկտուրիզացիան ու կապիտալների փոխանցման պլանավորումը։

Բիզնեսի կարևոր մասը պրոտեկտորատների ստեղծումն է: Պրոտեկտորը (Վարդանյանի ընկերության ներկայացուցիչը) ներկայացնում է ընտանեկան բիզնեսում ժառանգորդներին (ընկերություններ, հիմնադրամներ)։ Վարդանյանը բացատրում է, որ այդ ծառայությունն անհրաժեշտ է ընտանեկան ակտիվները պաշտպանելու համար։ Նա անձամբ նման մեխանիզմի կիրառման փորձ ունի ժառանգորդների համար:

Phoenix Advisors-ը գործարարին կօգնի մշակել ռազմավարություն ակտիվների և իրավահաջորդների շրջանակի համար: «Երբեմն այդ շրջանակը չի սահմանափակվում ընտանիքով: Դրան գումարած, գործարարները փոխանցում են ոչ միայն փողեր, այլև բիզնես-ակտիվներ: Մենք մասնակցում ենք՝ որպես պրոտեկտորներ, և համակարգում ենք գործընթացը, ու, եթե հարկավոր է, օգնում ենք ներգրավել փորձագետների՝ ակտիվներ իրացնելու ու բարդ կառույցներ կառուցելու համար: Նման համալիր առաջարկ շուկայում դեռ չկա»,- պատմում է Ալեքսեյ Ստանկևիչը:

Phoenix Advisors-ը կարող է անձամբ տրամադրել ծառայություններ հաճախորդի ընկերությունում, եթե հաճախորդը վստահում է Վարդանյանի հեղինակությանը ու նրա թիմին կամ կարող է ներգրավել միջազգային խոշոր կառույցների, օրինակ՝ շվեյցարացի բանկիրների:

Մշակված մեխանիզմի դեպքում ժառանգորդները ստիպված չեն լինի երկար սպասել իրենց ժառանգության ստացման երկարատև անցմանը, իսկ Վարդանյանի ներկայացուցիչները կարող են արագ մտնել տնօրենների խորհուրդ կամ կառավարման այլ մարմիններ՝ առաջնորդվելով իրենց հաճախորդի շահերով։ Վճարի չափը կախված կլինի մատուցվող ծառայության տեսակից։ Այն կարող է լինել ինչպես՝ կոմիսիոն վճար՝ կառավարման համար, այնպես էլ՝ աբոնենտային վճար:

Ո՞վ կարող է դառնալ հաճախորդ:

Փողոցից մարդիկ չեն կարող հայտնվել multifamily office-ում կամ Phoenix Advisors-ում:
Ստանկևիչն ասում է, որ հաճախորդները գալու են հիմնական սեփականատիրոջ խորհրդատվությամբ: Մոտակա 7 տարում նրանց թիվը սահմանափակվելու է 50 գործարարով, որոնց կարողությունը լինելու է ավելի քան 100 մլն դոլար:

Դատելով ամեն ինչից՝ Վարդանյանի նոր նախագծին կմասնակցեն նրա անձնական family office Quinta Capital Partners-ի (QCP) հաճախորդները: Այդ ընկերությունը «Տրոկա Դիալոգի» ժամանակ զբաղվում էր Վարդանյանի և նրա մտերիմ ընկերների փողերով:

Դրա նախկին աշխատակցի խոսքով՝ ընկերությունում եղել է մի քանի հարյուր միլիոն դոլար, այն սպասարկել է ՌԱՕ ԵԷՍ-ի մի քանի նախկին մենեջերների:

Ինչպես պարզել է Forbes-ը, «Տրոյկա դիալոգի» հաճախորդներ են եղել «Сколково» կառավարման դպրոցի նախագահ Անդրեյ Ռապոպորտը, «Սիներգիա» ալկոհոլային հոլդինգի համասեփականատեր Վալենտին Զավադնիկովը: Վարդանյանը հերքում է այդ տեղեկությունն ու ասում, թե family office-ում հաճախորդները եղել են այլ մարդիկ:
QCP-ն տրամադրել է կոնսիերժ-ծառայություն, վարել է գործարարներին մոտ գտնվող մտերիմների ու կանանց հաշիվները, եղել են նաև lifestyle տարրեր:

Իր բուտիկը

Վարդանյանի կապիտալի մեծ մասով զբաղվում է ներդրումային ոչ մեծ «Վարդանյան, Բրոյթման և գործընկերներ» ընկերությունը: Դրա ղեկավարման ներքո են գտնվում մի քանի միլիարդ դոլարի ակտիվներ, գումարները ներդրված են տասնյակ նախագծերում, որոնք ղեկավարում է Միխայիլ Բրոյթմանի թիմը: Գնահատականների համաձայն՝ «Տրոյկայի» վաճառքից հետո Վարդանյանին են մնացել «Ավտովազի» (20.5 տոկոս) ու «Կամազի» (27.4 տոկոս) բաժնետոմսերի փաթեթները:

2013 թվականին Renault-Nissan դաշինքն ընկերությունից գնեց «Ավտովազի» փաթեթը 600 մլն դոլարով:

«Վարդանյան, Բրոյթման և գործընկերներին» է պատկանում հայկական Ameriabank մասնավոր բանկը: Բացի այդ՝ այն զբաղվում է նաև վենչուրային նախագծերով՝ Joule Unlimited-ն արտադրում է էթանոլ ու դիզելային վառելիք ածխաթթու գազից՝ փոփոխված ԴՆԹ-ով մանրէների միջոցով, Pronutria-ն փորձում է լուծել առողջ սննդի խնդիրը բիոտեխնոլոգիաներով, իսկ Big Foot-ը Lamoda հագուստի ինտերնետ-բուտիկի սեփականատերն է:

Նախագծերի մի մասը Վարդանյանին առաջարկում են նրա վաղեմի ընկերները՝ Flagship հիմնադրամի ղեկավար Նուբար Աֆեյանը (1,4 մլրդ դոլարով) ու «Տրոյկայի» նախկին ներդրումային բանկիր Ռիչարդ Օգդոնը:

Ներդրումների զգալի մասը կապված է Avica Property Investors International-ի միջոցով անշարժ գույքի կառավարման հետ, որտեղ Վարդանյանի գործընկերը Գագիկ Ադիբեկյանն է: Ընկերության նախագծերի շարքում են ներդրումները Dream House, «Տարվա եղանակներ» առևտրային կենտրոններում, OBI-ում ու Романов Двор բիզնես-կենտրոնում:

Ներդրումների ևս մեկ ուղղություն է արդյունաբերությունը: Այստեղ Վարդանյանի ու Բրոյթմանի համար հատկապես կարևոր են հարմար գործընկերները: Վերջին գործարքը նավթի փոխադրմամբ զբաղվող «Բալթտրանսսերվիսի» բաժնետոմսերի 40%-ի գնումն է Globaltrans-ից: Globaltrans-ի մոտ մնացել է «Բալթտրանսսերվիսի» 60%-ը:

Երևի թե Վարդանյանի ու Բրոյթմանի համար ամենաանսովոր նախագիծը դարձավ «Բալթտրանսսերվիսի» գործարքին ուղեկցող՝ Ուկրաինայում մետալուրգիական ձեռնարկությունների գնումը՝ «Դոնբասի արդյունաբերական միությունը» և «Զապորոժստալը»:

Վարդանյանը գործարքն իրականացրել է այն ժամանակ, երբ դեռ «Տրոյկա Դիալոգի» ղեկավարն էր: Forbes-ի աղբյուրների համաձայն՝ այդ գործարքից 2010-ին «Տրոյկան» 20 մլն դոլար վարձատրություն է ստացել:

2015-ին ընկերությունը ստեղծեց VBP Cyprus կիպրական ընկերությունը, որը կսկսի հարուստ գործարարների ակտիվների ղեկավարման ծառայություններ մատուցել, ու այստեղ հարցը նորից վերաբերում է ժառանգությանը: Ընկերությունն արդեն բանակցություններ է վարում սեփականատերերի հետ ու պատրաստ է ձեռնամուխ լինել 3-4 նախագծի: «Վարդանյան, Բրոյթման և գործընկերները» նախատեսում է այդ բիզնեսից ստանալ եկամտի 50 տոկոսը: Այժմ ընկերությունն ունի մոտ 30 մլն դոլարի հասույթ:

Միլիարդատերերն ու բարեգործությունը

«Ես չեմ առանձնացնում բարեգործությունն ու բիզնեսը: Հիմա ինձ համար դա մինևույն բանն է: Մենք ունենք մոտ 130 նախագիծ, ու դա իմ աշխատանքի այնպիսի մասն է, որքան բիզնես-նախագծերը»,- ասում է Վարդանյանը:
Բարեգործությանը նա ավելի շատ ժամանակ է հատկացնում, քան ֆինանսներին:
Վարդանյանի նախագծերին մասնակցում է նաև Գերման Գրեֆը, ինչպես նաև՝ միլիարդատերեր Վիկտոր Վեքսելբերգը, Ալիշեր Ուսմանովը, Սուլեյման Քերիմովը, ում հետ նա անձամբ է ծանոթ:

2015-ի մարտին Վարդանյանը Նյու Յորքում հայկական սփյուռքի առաջնորդների, դերասան Ջորջ Քլունիի և նրա կնոջ՝ հայտնի փաստաբան Ամալ Ալամուդդինի հետ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին գործարկեց 100 LIVES նախագիծը: Դրա մաս է կազմում Aurora Prize ամենամյա մրցանակաբաշխությունը՝ 1 մլն դոլար պարգևով, որը տրվում է այն մարդկանց, ովքեր իրենց վտանգի են ենթարկել՝ հանուն ուրիշների փրկության: Մրցանակն անվանակոչել են Ավրորա Մարդիգանյանի պատվին, ում ընտանիքը զոհվել է Ցեղասպանության ժամանակ, ու ով միակն էր, որ կարողացել է փրկվել:

Ավրորային, ինչպես նաև Ռուբենի պապին, փրկել են միսիոներները:
Վարդանյանը ոչ միայն զբաղվում է բարեգործությամբ, այլև ցանկանում է այն դարձնել գործունեության համակարգված տեսակ: Այդ նպատակների համար ստեղծվել է Philin (philanthropy infrastructure-ից) նախագիծը: Այն ղեկավարում է «Տրոյկա Դիալոգի» գործառնական բլոկի նախկին ղեկավար Իրինա Իկոնիկովան:

Այդ շրջանակում իրականացվում են բազմաթիվ կրթական նախագծեր, օրինակ՝ «Սոկոլովո» դպրոցը, Դիլիջանի միջազգային դպրոցը:

Թարգմ.՝ ԿԱՐՄԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս