Բաժիններ՝

Հայրենական ապրանք արտադրողները դեռ ծանոթ չեն հարկային օրենսգրքի նախագծին

ՀՀ կառավարությունը նախորդ նիստում հավանության արժանացրեց «ՀՀ հարկային օրենսգրքի» նախագիծը ու հայտարարեց դրա շուրջ հանրային քննարկումների մեկնարկի մասին: Այս օրենսգիրքն, ըստ էության, բիզնես միջավայրի սահմանադրությունն է, որն առանց բիզնես միջավայրի հետ քննարկման արժանացավ կառավարության հավանությանը: Բիզնեսի որոշ ներկայացուցիչներ այստեղ խնդիր են տեսնում և գտնում են, որ հանրային քննարկումները, գոնե նախնական, պետք է տեղ գտնեին նախքան օրենսգիրքը կհաստատվեր կառավարության կողմից:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ևս ծանոթ չեն օրենսգրքին, նոր միայն պետք է ծանոթանան և քննարկեն:

Ըստ նրա՝ հարկային քաղաքականությունը պետք է ունենա իր հայեցակարգային մոտեցումները, այսինքն՝ ինչպիսին է լինելու մեր ընդհանուր հարկային քաղաքականությունը, որ հարկատեսակների վրա են լինելու շեշտադրումները, բյուջեն առավելապես որ հարկերով պետք է համալրվի՝ ուղղակի՞, թե՞ անուղղակի, ինչպիսի քաղաքականություն պետք է տարվի անուղղակի հարկերի շարունակական կրճատման և ուղղակի հարկերի մեծացման ուղղությամբ. «Այս խնդիրները մեզ համար շատ կարևոր են և մենք պետք է մեր առաջարկություններն այս հարթության մեջ դիտարկենք և ներկայացնենք»:

Վ.Սաֆարյանի կարծիքով՝ հարկային ոլորտում այսօր ամենախնդրահարույց այն է, որ բյուջեն համալրվում է անուղղակի հարկերով, մինչդեռ զարգացած երկրներում հակառակ պատկերն է՝ գերակշռում են ուղղակի հարկերը՝ եկամտային հարկ և շահութահարկ. «Մեզ մոտ ավելի շատ ավելացված արժեքի հարկն է, որ 38-39% է կազմում, ակցիզային հարկն է, մաքսատուրքը և այլն: Իսկ մենք պետք է շարունակ փորձենք մեր քննադատական հիմնավորումներով բերենք այնպիսի իրողության, որ ուղղակի հարկերով համալրեն բյուջեն: Դրա համար պետք է ընդհանուր քաղաքականություն տարվի, որ մասսայական աշխատատեղեր ստեղծվեն: Երբ կունենանք հսկայածավալ աշխատատեղեր, այդ դեպքում, բնականաբար, եկամտային հարկն ու շահութահարկը կարող են դոմինանտ լինել և, եթե հասնենք նրան, որ դրանք կազմեն մե հարկային մուտքերի 65%-ը, այդ դեպքում կարող ենք ասել, որ շատ խնդիրներ լուծում կստանան՝ սոցիալական, ներդրումային և այլն: Մեզ մոտ կար ժամանակ, երբ բյուջեի մուտքերի 52%-ը ԱԱՀ-ն էր, հիմա դա նավազել է և դա լավ է, այսինքն՝ աստիճանաբար հարկային մուտքերում տեսակարար կշիռն իջնում է, բայց դա էլի շատ է և դրա տեղը պետք է զբաղեցնեն եկամտային հարկն ու շահութահարկը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս