«Հարավկովկասյան երկրները պետք է անեն հնարավորը՝ ԱՄՆ-ՌԴ մրցակցության առարկան չդառնալու համար»․ Փոլ Սոնդերս

«ԱՄՆ-ն առաջիկայում չի փոխի վերաբերմունքը ՌԴ ներկայիս ղեկավարության նկատմամբ»,- այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված հայ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱՄՆ Ազգային շահերի կենտրոնի գործադիր տնօրեն Փոլ Սոնդերսը՝ մեկնաբանելով ռուս-ամերիկյան հարաբերությունները և դրանց ապագան։

Հարցին, թե ակնկալո՞ւմ է արդյոք ՌԴ-ԱՄՆ մրցակցության աճ Հարավային Կովկասում և ինչո՞վ է սպառնում դա հարավկովկասյան երկրներին, նա պատասխանեց, որ եթե ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները շարունակում են վատթարանալ, ապա շատ հնարավոր է, որ այդ մրցակցությունը տարածվի ՌԴ ողջ շրջագծով։ Նրա դիտարկմամբ՝ ՌԴ հարևանների նկատմամբ էական ճնշումը կարող է բավականին վտանգավոր լինել հատկապես այն երկրների համար, որոնք սահմանակցում են Ռուսաստանին։

«Ուկրաինայում ՌԴ-ԱՄՆ մրցակցության գլխավոր զոհը հենց ինքն Ուկրաինան էր։ Կարծում եմ, որ շատ քիչ երկրներ կցանկանան հայտնվել նմանատիպ իրավիճակում։ Եթե ես լինեի այդ տարածաշրջանի երկրներից մեկի ղեկավարը, ապա կանեի ամեն ինչ, որպեսզի չդառնամ մրցակցության առարկա»,- ասաց ամերիկացի հեղինակավոր վերլուծաբանը։

Խոսելով ՌԴ շահերից, նա նշեց, թեր Արևմուտքում կամ մեկ այլ տեղում շատ քչերն են, որ պատրաստ են փորձել «այլ մեկի կոշիկը»։ Սոնդերսը նշեց, որ Արևմուտքում շատերն են հասկանում, որ Ռուսաստանն ունի սեփական հետաքրքրությունները, բայց չեն հասկանում, թե ինչու է Մոսկվան իրացնում իր շահերն այնպես, ինչպես նա դա ներկայումս է անում։

«Նրանցից որոշները գուցե պատրաստ լինեն հաշվի առնել այդ շահերը, եթե Ռուսաստանը դա այլ կերպ անի։ Որոշներն էլ ռուսական շահերը իրավաչափ չեն համարի, քանի դեռ ՌԴ-ն ժողովրդավարական չէ։ Որպես արտաքին քաղաքական իրատես, ես վտանգավոր եմ համարում, երբ հաշվի չի առնվում այլ երկրների արձագանքը սեփական ընտրության վերաբերյալ, անկախ նրանից՝ համարում եք այդ երկրի գործողությունները լեգիտիմ և պատճառաբանված, թե ոչ»,- իր կարծիքը հայտնեց Սոնդերսը։

Ամերիկացի փորձագետն անդրադարձավ ԱՄՆ-ՌԴ աճող դիմակայությանը Մերձավոր Արևելքում։ Ըստ նրա՝ ԱՄՆ Բարաք Օբամայի ղեկավարության ներքո փորձում է անել հնարավորը կայունության ապահովման համար, սակայն տարբեր պատճառներով ԱՄՆ-ն դեռ չի կարողացել մշակել մի այնպիսի ռազմավարություն, որը թույլ կտա ապահովել կայունություն։

«Կարծում եմ, որ ՌԴ-ն՝ ի դեմս Պուտինի, ևս ունի նման հետաքրքրություն, բայց կայունության ներքո հասկանում է այլ բան, կենտրոնանում է հիմնականում ուժեղ երկրների վրա, որոնք կարող են ճնշել էքստրեմիզմը, չի կենտրոնանում ժողովրդավարական երկրի մոդելի վրա, որոնք կարող են կրճատել էքստրեմիզմը վերացնելով դրա առանցքային պատճառները։ Մոսկվան ևս ցանկանում է ցույց տալ, որ գլոբալ ուժ է՝ Մերձավոր Արևելքում և Սիրիայում իր դերը հաստատելով»,- ասաց փորձագետը։

Վերջինիս համոզմամբ՝ ՌԴ ավիահարվածները Սիրիայում դեռ սիմվոլիկ բնույթ են կրում, քանի որ Մոսկվան շատ ավելի քիչ գործողություններ է իրականացնում, քան ԱՄՆ-ն և գործընկերները։ Սակայն, եթե, ըստ նրա, Ռուսաստանը կարողանա արդյունավետ կերպով կորդինացնի իր գործողությունները սիրական բանակի հետ, ապա կկարողանա հնարավորություն տալ Ասադին »շունչ քաշել»։ «Առանցքային հարցը հետևյալն է՝ որքա՞ն արագ այն ուժերը, որոնց թիրախավորել է Ռուսաստանը, կոնտր քայլեր կձեռնարկեն»,- նկատեց ամերիկացի վերլուծաբանը։

Անդրադառնալով ԱՄՆ-ում անցկացվելիք նախագահական ընտրություններին ՝ համոզմունք հայտնեց, որ Օբամայի հեռանալուց հետո ևս ԱՄՆ-ՌԴ առճակատումը կշարունակվի, քանի որ Վաշինգտոնի երկու ազդեցիկ կուսակցությունները՝ հանրապետականներն ու դեմոկրատները, նույն վերաբերմունքն ունեն ՌԴ-ի և հատկապես նախագահ Պուտինի նկատմամբ։ Ուստի, նրա համոզմամբ, քաղաքական տեսանկյունից նոր նախագահի համար դժվար է լինելու ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավումը առանց պարզ և համոզիչ պատճառաբանության, որ այդ բարելավումը անհրաժեշտ է ԱՄՆ ազգային շահերի առաջ մղմանը։

«Նոր նախագահից կպահանջվի այդ բարելավումը վերածել   առաջնահերթության այլ միջազգային և ներքին հարցերի համեմատությամբ»,- ասաց Սոնդերսը։ Ամերիկացի փորձագետը խոսելով հատկապես ԱՄՆ-ում մեծ ժողովրդականություն վայելող նախագահի թեկնածու Դոնալդ Տրամպի հնարավորություններից, ասաց, որ նրա այդչափ ժողովրդավականությունը պայմանավորված է ԱՄՆ քաղաքական և տնտեսական էլիտաների նկատմամբ հասարակական չարությամբ։ Չնայած, նրա խոսքով, քիչ հավանական է, որ Տրամպը հայտնվի Սպիտակ տանը, քանի որ նրա նկատմամբ ևս բացասական տրամադրություններ կան։ «Ամեն դեպքում ցանկացած քաղաքական գործիչ սխալկ է գործշում, երբ արհամարհում է երկրում տիրող այդ տրամադրությունները»,- նկատեց Սոնդերսը։ Նա հնարավոր է համարում, որ Դեմոկրատները ի դեմս Հիլարի Քլինթոնի պահպանեն իրենց տեղը Սպիտակ տանը ևս մեկ նախագահական ժամկետ։

«Շատերը կարծում են, որ դեմոկրատներն ունեն էական կառուցվածքային և դեմոգրաֆիական առավելություններ, որը կթեթևացնի Հանրապետականների նկատմամբ առավելության հասնելու և քվեարկողների ձայների մեծամասնությունը ստանալու նրանց խնդիրը։ Սակայն Քլինթոնը թուլացվեց աղմկահարույց դեպքերով, հատկապես իր սեփական էլոկտրոնային փոստի հետ կապված աղմկարահարույց միջադեպով, որը չի կոնսոլիդացնում դեմոկրատների աջակցությունն իրեն։ Դա ակնհայտ դարձավ նաև սենատոր Բերնի Սանդերսին հասնող աջակցությամբ։ Սրանով էլ Քլինթոնը խոցելի է»,- ասաց Սոնդերսը՝ շարունակելով, որ ընտրությունների արդյունքները կախված են լինելու նրանից, թե որքանով հանրապետականները կկարողանան միավորվել ուժեղ թեկնածուի շուրջ։ Սա, նրա համոզմամբ, դեռևս կասկածելի հեռանկար է։

Տեսանյութեր

Լրահոս