«Չեմ սիրում իմ կերպարի «подкоблучник»-ությունը»

Ասում է հաղորդավար, արդեն՝ նաև դերասան Մհեր Խաչատրյանը

Մեր զրուցակիցն է «Արմքոմեդի» հաղորդման նախկին «հումորով լրագրող» Մհեր Խաչատրյանը, ով վերջերս նաև հանդես է գալիս «Երեկոյան Երևան» հաղորդման շրջանակներում, ինչպես նաև «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դոմինո» սիտքոմում՝ որպես գլխավոր հերոսներից մեկը: Ի դեպ, «Դոմինո» սիտքոմում Մհերի խաղընկերներն են երգիչ Նարեկ Բավեյանն ու դերասան Սոս Ջանիբեկյանը:

Մեզ հետ զրույցում Մհերը պատմեց, թե ինչպես է որոշել փոխարինել «խիստ լուրջ» լրագրողի աշխատանքը՝ «Դոմինո» սերիալում մարմնավորած, ինչպես ինքն է նշում՝ «подкоблучник»-ի կերպարով: «Բոլորին թվում է, որ ես դուրս եմ եկել «Արմքոմեդիից»՝ «Դոմինոյում» նկարահանվելու համար: Դա այդպես չէ: Ես արդեն իսկ դուրս էի եկել «Արմքոմեդիից»՝ նախքան «Դոմինոն»,- նշում է Մհերը:

– Սկսենք սկզբից: «Արմքոմեդի» հաղորդման շրջանակներ այնքան սահուն «ինտեգրվեցիք», կարծես՝ այնտեղ եք եղել հաղորդման առաջին իսկ օրերից:

Կարդացեք նաև

Mher (4)

– Միշտ նայում էի «Արմքոմեդին», իսկ երբ լսեցի հայտարարությունն այն մասին, որ հաղորդմանը լրագրող է անհրաժեշտ, որոշեցի փորձել «հայտնվել այնտեղ»: Եվ հայտնվեցի:

– Իսկ մասնագիտական կրթություն ունե՞ք՝ լրագրության ոլորտում աշխատելու համար:

– Ես մասնագիտությամբ արևելագետ եմ:

– Եվ Ձեզ անմիջապես գրկաբաց ընդունեցին, որովհետև…

– Որովհետև համապատասխանեցի իրենց պահանջներին: Իրենց համար ամենակարևորը հումորի զգացումն էր: Ի դեպ, այդ թողարկումը ևս կա՝ թե ինչպես են ինձ ընդունում աշխատանքի, այլ կերպ ասած, թե ինչպես «հանձնեցի ընդունելության քննությունները»:

Mher (5)

– Կարո՞ղ ենք ասել, որ հումորի զգացումն ու անընդհատ ամեն ինչ կատակի վերածելը մասնագիտական սովորության և, ինչ-որ առումով, նաև պաշտպանիչ դիմակի է վերածվել Ձեզ մոտ:

– Կարծում եմ՝ հումորի զգացում ունեմ, այլ կերպ ինձ չէին էլ ընդունի «Արմքոմեդի»: Իսկ ընդհանրապես ամեն ինչ չէ, որ վերածում եմ հումորի: Ինչպես և շատերի մոտ, ինձ համար ևս կատակելիս մեծ նշանակություն ունի տրամադրությունը:

Mher (3)

– Դուք բավականին հետաքրքիր «ֆիշկա» ունեիք՝ «Արմքոմեդիում». անգամ ամենածիծաղելի թեմաների մասին խոսում էիք դեմքի շատ լուրջ արտահայտությամբ: Դա դիտավորյալ ընտրված մոտեցո՞ւմ էր, թե՞ Ձեզ մոտ ինքնըստինքյան էր ստացվում:

– Սկզբում մեխանիկորեն էր ստացվում: Հաստատ ջանք չէի գործադրում դրա համար: Պարզապես հետո ավելի մշակեցի ռեպորտաժներ վարելու այդ մոտեցումը:

– Երբ ռեպորտաժների նկարահանման ժամանակ Դուք բավականին սուր, բայց կատակի վերածած հարցեր էիք ուղղում քաղաքական գործիչներին, տպավորություն էր, որ միայն տեսախցիկի առկայությունն է նրանց զսպում, որպեսզի չվիրավորեն Ձեզ: Շատ հաճախ Ձեզ պարզապես հրմշտում էին՝ հեռանալու պահանջով: Երբեմն հարց էր առաջանում, թե ինչպե՞ս եք մինչ օրս ողջ:

– Ինձ հաճախ են այդ հարցն ուղղում: Բայց չէ՞ որ մենք ապրում ենք 21-րդ դարում: Կարծում եմ՝ նման վտանգավոր իրավիճակներ կարող էին առաջանալ 30-40 տարի առաջ, բայց ոչ՝ մեր օրերում: Հիմա ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկին մարմնական վնաս հասցնեն՝ հումորի համար: Կարծում եմ՝ անցել են այդ ժամանակները:

Mher (6)

– Ըստ Ձեզ՝ հումորը հարմա՞ր դիմակ է մարդկանց հետ շփման համար:

– Չէի ասի, թե դա դիմակ է: Առհասարակ շատ դժվար է շփվել մի մարդու հետ, ով չունի հումորի զգացում: Մարդ պետք է կարողանա առաջին հերթին՝ ինքն իրեն հումորով վերաբերվել:

– Ինչպիսի՞ն է Ձեր ինքնագնահատականը:

– Ես նիհար եմ:

– Որքանո՞վ եք Դուք պրոֆեսիոնալ Ձեր ոլորտում: Եվ ո՞րն է այսօր Ձեր ոլորտը: Սկզբում «Արմքոմեդիում» ՝լրագրող: Այսօր արդեն սիտքոմում՝ դերասան: Ամեն տեղ քիչ-քիչ լինելու նպատակը ո՞րն է:

– Իսկ ինչո՞ւ ոչ: Կարծում եմ՝ մարդ որքան շատ կարողանա կյանքի ընթացքում իրեն փորձել տարբեր ոլորտներում, այնքան հետաքրքիր կլինի ապրելը: Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալիզմին, դեռ շատ վաղ է այդ մասին խոսելը: Մարդիկ տասնյակ տարիներով աշխատում են, այդպես էլ չեն հասնում պրոֆեսիոնալ մակարդակի: Պրոֆեսիոնալիզմը հեռուստատեսությունում այն մակարդակն է, երբ կարողանում ես անել մի բան, որը քեզնից լավ ոչ ոք չի անում: Եվ ոչ միայն անում ես դա շատ լավ և գիտակցված, այլև կարող ես խորհուրդներ տալ և սովորեցնել:

Mher (1)

– Ինչպիսի՞ն էր անցումը դեպի սիտքոմ: Ո՞ւմն էր առաջարկը:

– Առաջարկը ֆիլմի ստեղծագործական խմբի կողմից էր, և ես մեծ սիրով համաձայնեցի: Այնտեղ բոլորն իմ ընկերներն են: Մենք նույն մեդիայից ենք:

– Ի՞նչն ամենից շատ չեք սիրում «Դոմինո» սիտքոմում մարմնավորած Ձեր կերպարի՝ Գարիկի մեջ:

– Ամենից շատ չեմ սիրում իմ կերպարի «подкоблучник»-ությունը: Չեմ հասկանում այդպիսի տղամարդկանց:

– Բայց Ձեզ մոտ լավ է ստացվում «подкоблучник»-ի կերպարը:

– Շնորհակալություն, բայց դա միայն կերպար է: Ի դեպ, շատ հետաքրքիր է խաղալ մի կերպար, որը ոչ մի կապ չունի քեզ հետ:

Domino (1)

– Իսկ ինչո՞ւ՝ եթե «подкоблучник», ապա պարտադիր՝ Գայդարի ֆիլմերի ակնոցավոր Շուրիկի հերոսի տեսքով: Արդյո՞ք չեն լինում, օրինակ, հաստավիզ թիկնապահի կառուցվածքով, սափրագլուխ «подкоблучник»-ներ:

– Իհարկե, Ձեր նշած Շուրիկի կերպարն է ֆիլմերում ընդունված ստերեոտիպ դարձել: Սակայն ես ճանաչում եմ գրեթե թիկնապահի կեցվածքով մի քանի տղամարդու, որոնք ուղղակի սարսափում են իրենց կանանցից: Երբեք չեմ հասկացել այդպիսի տղամարդկանց: Ես չգիտեմ, թե ինչպե՞ս է նրանց մոտ այդպես ստացվում:

– «Դոմինո» սիտքոմի վերաբերյալ եղե՞լ են կարծիքներ, որ այն արդեն իսկ առկա ռուսական կամ ամերիկյան սիտքոմներից մեկի հայկական տարբերակն է:

– Համեմատություններ և նմանօրինակ կարծիքներ միշտ էլ կլինեն: Ինչ էլ անես, հաստատ կգտնվի մեկը, ով քո արածը կհամեմատի իր տեսածի և լսածի հետ: Հեծանիվ հորինելու ժամանակներն անցել են վաղուց: Տարբեր կարծիքներ կան ֆիլմի վերաբերյալ: Ես աշխատում եմ լսել միայն այն կարծիքները, որոնք կոնստրուկտիվ են: Սա իմ առաջին փորձն է դերասանական արվեստում: Չունենալով համապատասխան կրթություն՝ բավականին բարդ է այս ձևաչափում հանդես գալը: Առհասարակ յուրաքանչյուր ոլորտում պետք է անընդհատ աշխատել և փորձել լինել լավը:

– Հաղորդավար, դերասան… Ո՞րն է լինելու հաջորդ մասնագիտության փորձարկումը:

– 3-4 տարի առաջ ես չէի պատկերացնում, որ կարող է Ձեզ հետ նստած հարցազրույց վարեմ: Հաղորդավար, առավել ևս՝ դերասան դառնալու միտք այդ տարիներին, բնականաբար, չկար: Կյանքն անկանխատեսելի է: Դեռևս փորձում եմ լավ անել այն, ինչ անում եմ առայսօր: Թե որքանո՞վ է լավ կամ վատ ստացվում, գիտի միայն հեռուստադիտողը:

Domino (2)

– Որպես քաղաքացի՝ որքանո՞վ եք ներգրավված մեր երկրի ներքաղաքական, սոցիալական և այլ կարևոր իրադարձություններին:

– Երբեք չեմ համարել, որ ճիշտ է կարծիքս բարձրաձայն չասելը՝ մեր երկրում կատարվող կարևոր իրադարձությունների վերաբերյալ: Ինչո՞ւ պետք է լռեմ կամ կարծիքս իմ մեջ պահեմ:

– «Լռողների» մի մասը վստահ է, որ իրենց կողմից բարձրաձայն ասված կարծիքը, բողոքը, միևնույն է, տեղ չի հասնելու: Իսկ ճանաչված մարդկանցից մի քանիսն էլ կարծում են, որ իրենց ներգրավվածությունը ներքաղաքական կյանքին հանրության կողմից կընկալվի՝ որպես PR ակցիա: Ո՞րն է Ձեր տեսակետը:

– Երբ կարծիք եմ ունենում հայտնելու, չեմ մտածում այդ ամենի մասին: Հայտնում եմ: Որքանով կարողանում եմ՝ հայտնում եմ իմ տեսակետը՝ նույն ֆեյսբուքի կամ այլ հարթակների միջոցով: Հնարավորության և ցանկության դեպքում մշտապես հայտնել եմ: Բայց, միևնույն ժամանակ, չեմ կարծում, որ մարդ պետք է ամեն ինչի մասին, տեղի-անտեղի կարծիք հայտնի: Այսօր շատ տարածված երևույթ է դարձել, երբ չգիտես՝ ո՞վ, չգիտես՝ ինչո՞ւ, իր կարծիքն է հայտնում համացանցում՝ ամեն պետքական ու անպետք թեմայի շուրջ: Եվ դա շատ արագ դառնում է քննարկման թեմա: Յուրաքանչյուր քայլ և կարծիք պետք է հիմնավորված լինի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս