Հովիկ Աբրահամյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մասին
«Տեսակետները բազմաթիվ են, բայց ակնհայտ է, որ կոնսոլիդացիա գոյություն ունի այդ հարցի շուրջ, դա երևաց նաև ԱԺ քվեարկությունից: Ես գտնում եմ, որ դա տեղին է և ժամանակին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատությունները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:
Խոսելով 2017 թ. ընտրություններին Ռ.Քոչարյանի հնարավոր մասնակցության մասին՝ Հ.Աբրահամյանը նշեց, որ ինքը քաղաքականության մեջ երբեք չի ասում երբեք, ամեն ինչ հնարավոր է:
Հարցին՝ Քոչարյանի վերադարձն իրական սպառնալի՞ք է իշխանությունների համար, վարչապետը պատասխանեց. «Ես որևէ սպառնալիք չեմ տեսնում որևէ անհատի մասնակցությունը ապագա ընտրություններում: Ընտրելու է ժողովուրդը: Յուրաքանչյուր քաղաքական ուժ իրավունք ունի մասնակցելու, նույնիսկ անհատը: Դա մեզ զգոնություն կբերի»:
Հարցին, որ երբ նոր էիք վարչապետ դարձել, այցելել էիք Ռ.Քոչարյանին, արդյոք հիմա էլ կապ կա՞, նա պատասխանեց. «Մենք մեր առաջին և երկրորդ նախագահներին հարգում ենք, կապը հարաբերական հասկացություն է, ավելի լավ կլինի չմանրամասնենք»: