«Պլանավորում ենք, որպես հայկական ծրագիր՝ ggTaxi-ն տարածել տարբեր երկրներում». Վահրամ Միրաքյան

Digitec-Expo 2015 ցուցահանդեսին gg Taxi-ն ներկայացնում էր իր նորությունները. շուտով հասանելի կլինեն բոլորովին նոր iOS և Android հավելվածները, իսկ մինչ այդ կարող եք ներբեռնել առկա տարբերակները: 168.am-ի հետ զրույցում gg Taxi-ի օպերացիոն գծով տնօրեն Վահրամ Միրաքյանն ասաց, որ պլանավորում են, որպես հայկական ծրագիր՝ ggTaxi-ն տարածել տարբեր երկրներում:

«Ծրագիրը հայկական է, մշակվել է «gg laboratories» ընկերության կողմից, այսինքն՝ գրված է հայերի կողմից ու օգտագործվում է Հայաստանում, բայց պլաններ կան նաև Հայաստանից դուրս օգտագործել: Վարորդները սմարթֆոնով միանում են մեզ ու ստանում պատվերներ, և, քանի որ աշխատանքն ազատ գրաֆիկով է, վարորդների քանակը շատ մեծ է: Այս պահի դրությամբ համակարգում 500-ից ավելի մեքենա ունենք: Դա օգնում է, որպեսզի Երևանի ցանկացած կետում հաճախորդն արագ սպասարկում ստանա: Հավելվածն անվճար ներբեռնում են iOS և Android համակարգերի վրա, գրանցվում, հեռախոսի GPS-ը միացնում, որն ավտոմատ որոշում է ձեր գտնվելու վայրը, ու մեկ հպումով պատվիրում եք տաքսին»,- ասաց նա:

Մեր զուցակիցը նշեց, որ առաջիկա օրերին լինելու է թարմացում, ու արդեն հնարավորություն կլինի նաև ընտրել, թե ինչպիսի մեքենա մոտենա (բիզնես դասի, սովորական, էկոնոմ, 7 տեղանոց, և այլն). «Կարևոր է նաև այն, որ ամեն պատվերից հետո կարող եք վարորդին գնահատել, եթե լավ եք գնահատում, վարորդի վարկանիշը բարձրանում է, ու հավանական է, որ հաջորդ անգամ ձեզ նորից այդ վարորդը սպասարկի, իսկ եթե վատ եք գնահատում, վարորդի վարկանիշն ընկնում է, նա հայտնվում է ձեր «սև ցուցակում» ու այլևս ձեզ չի սպասարկում»:

Վահրամ Միրաքյանի խոսքով՝ gg Taxi-ն այսօր հազարավոր օգտատերեր ունի, որոնք ամեն օր օգտվում են տաքսու ծառայությունից. «Չենք ուզում հիմնվել հայկական շուկայից գումար աշխատելու վրա, մեր գլխավոր նպատակն է, որ այս պրոդուկտը Հայաստանից դուրս տարածվի: Վրաստանում (Թբիլիսիում) արդեն գրասենյակ ենք բացել ու աշխատում ենք: Մինչև մյուս ամառ պետք է հանգստի ակտիվ գոտիներ Քոբուլեթիում և Բաթումում ևս հասանելի դարձնենք ggTaxi-ն, որ այստեղ gg հավելվածից օգտվողներն այնտեղ էլ կարողանան տաքսի պատվիրել»:

 

Տեսանյութեր

Լրահոս