Բաժիններ՝

Ասադը հայտնել է, թե որ դեպքում հրաժարական կներկայացնի

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստ է հրաժարական ներկայացնել միայն այն դեպքում, եթե դա կարող է լուծել սիրիական ճգնաժամը: Այս մասին նա հայտնել է իրանական Khabar TV-ին տված հարցազրույցում:

«Եթե իմ հեռանալը ճգնաժամի լուծում է, ես, անկասկած, դա կանեմ»,- հայտարարել է Ասադը՝ հավելելով, որ «միայն սիրիացիները» պետք է որոշեն, թե ով է լինելու երկրի նախագահը:

Ասադը հիշեցրել է, որ անցած տարի կայացած ընտրություններում երկրի բնակիչները աջակցել են իր թեկնածությանը:

«Բոլոր նրանք, ովքեր հավատում են, որ իմ հրաժարականը կարող է կարգավորել ճգնաժամը, պետք է մասնակցեն ընտրություններին ու փորձեն ապացուցել իրենց տեսակետը: Մենք դրա դեմ առարկություն չունենք»,- ասել է Սիրիայի նախագահը:

Ասադի խոսքով՝ Սիրիայի ժողովրդի ցանկացած որոշում երկրի ապագայի վերաբերյալ պարտադիր պետք է լինի երկրի իշխանությունների ու անձամբ իր համար:

Ասադը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Սիրիայում ցանկացած գործողությունների հիմքը ահաբեկիչներին ոչնչացնելն է:

«Ցանկացած քաղաքական որոշման համար հարկավոր է կայունություն երկրում»,- բացատրել է նա:

Սիրիայի նախագահի խոսքով՝ պաշտոնական Դամասկոսը պատրաստ է քաղաքական երկխոսության ընդդիմության հետ, սակայն ապստամբները ազդեցություն չունեն ահաբեկիչների վրա:
«Երկխոսությունը ընդդիմության հետ կարող է օգտակար լինել Սիրիայի ապագայի, սակայն ոչ ահաբեկիչների դեմ պայքարի լուծման համար»,- ասել է Ասադը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս