Հայաստանի ռազմավարական արգելակը

«Ինչպես դուք հայտարարեցիք, Վրաստանն անհետացել է Վաշինգտոնի, Նյու Յորքի, ԶԼՄ-ների ակտիվ ռադարներից, և մենք ցանկանում ենք վերադարձնել այն քաղաքական գործընթացների քննարկման ձևաչափ, որոնք տեղի են ունենում ԱՄՆ-ում ու մեր երկրում։ Դա բավական տեղին է ոչ միայն՝ Վրաստանի, ոչ միայն՝ ողջ տարածաշրջանի, այլև՝ ԱՄՆ-ի համար»,- նախօրեին ԱՄՆ-ի Արտաքին կապերի խորհրդում հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Նա նաև ասել է, որ Վրաստանն աշխարհագրական առումով ունի բացառիկ դիրք:

«Եթե նայենք քարտեզին, ապա Վրաստանը բավական փոքր երկիր է, սակայն շատ մեծ դեր է խաղում, ունի աշխարհագրական ու ռազմավարական շատ կարևոր դիրք, սահմանակից է շատ հետաքրքիր երկրների։ Հետաքրքիր է նաև, որ մենք ասիական հատվածը կապում ենք Սև ծովի տարածաշրջանի ու Եվրոպայի մասի հետ և դա անում ենք դարերով»,- ասել է Վրաստանի նախագահը։ Զարմանալի զուգադիպությամբ՝ այս հայտարարությունը գրեթե ամբողջությամբ տեղին է նաև Հայաստանի համար:

Հայաստանը, իհարկե, ելք չունի դեպի ծով, սակայն գտնվելով նույն տարածաշրջանում ու սահմանակից լինելով Իրանին՝ կարող է կատարել նույն աշխարհաքաղաքական դերակատարումը, ինչի մասին խոսում է Մարգվելաշվիլին՝ դառնալ կապող օղակ Արևելքի ու Եվրոպայի միջև, ինչի վերաբերյալ ուղերձներ, ի դեպ, նույն Իրանը հղում է ամենատարբեր խողովակներով: Հայաստանի՝ տարանցիկ ու կապող օղակ լինելու դերը մի շարք առումներով կարող է ավելին լինել, քան Վրաստանինը:

Սակայն տվյալ դեպքում խոսքն այդ մասին չէ, այլ Վրաստանի նախագահի հայտարարության երկու հատվածների, որոնք, դժբախտաբար, չեն կարող տեղայնացվել Հայաստանի վրա: «Վրաստանն անհետացել է Վաշինգտոնի, Նյու Յորքի, ԶԼՄ-ների ակտիվ ռադարներից»,- ասում է Մարգվելաշվին՝ նկատի ունենալով այն, որ իր երկրի նկատմամբ ամերիկյան էսթեբլիշմենտը չի ցուցաբերում նախկին հետաքրքրությունը, ինչի նվազման գործում, ի դեպ, մեծ դերակատարում է ունեցել հենց Մարգվելաշվիլին, ավելի ճիշտ՝ նրա հովանավորյալ Բիձինա Իվանիշվիլին:

Բայց մեզ համար հետաքրքիրը Վրաստանի հանդեպ հետաքրքրության անկումը չէ, այլ այն, որ Հայաստանի նկատմամբ այդ հետաքրքրությունը գրեթե չի եղել, իսկ եթե անգամ ինչ-որ չափով եղել է, ապա դադարել է գոյություն ունենալ 2013 թվականի սեպտեմբերյան «ուրացումից» հետո: Այն, որ Հայաստանի նկատմամբ նույնքան հետաքրքրություն չի ցուցաբերվել, որքան Վրաստանի դեպքում, իհարկե, պայմանավորված է ամերիկյան քաղաքականության առաջնահերթություններով, սակայն դրանում իր մեղքի բաժինն ունի նաև հայկական դիվանագիտությունը, որը նույն 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո վերածվել է ռուսական քաղաքականության քարոզչամիջոցի: Նույն այդ պատճառով նաև, Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ Մարգվելաշվիլիի հայտարարության մեկ այլ շեշտադրում՝ «տեղին է ոչ միայն՝ Վրաստանի, ոչ միայն՝ ողջ տարածաշրջանի, այլև՝ ԱՄՆ-ի համար»:

Նման բան թույլ տալու դեպքում ամերիկացիները, իրենց բնորոշ քաղաքավարությամբ, Հայաստանի անունից նման հայտարարություն անողին կհակադարձեն, որ՝ դուք չգիտեք նույնիսկ՝ ինչն է տեղին ձեզ համար, և ձեր երկիրը տարել եք այնտեղ, որտեղ անելիք չպետք է ունենայիք:

Հատկապես Իրանի միջուկային ծրագրի շուրջ Արևմուտքի հետ ձեռք բերված համաձայնությունից հետո Հայաստանի կշիռն էականորեն աճել է, բայց այն դեռևս չի վերածվել աշխարհաքաղաքական դերակատարության: Որովհետև Հայաստանի իշխանությունը չունի անկախության այն նվազագույն մակարդակը, որ Իրանի հետ հարաբերություններում ու այդ հարաբերություններն Արևմուտքի հետ հարաբերություններում պրոյեկցելու հարցում վարի ինքնուրույն քաղաքականություն: Ինչպես մնացած բոլոր հարցերում, այդ՝ ռազմավարական հարցում ևս, որոշիչը Ռուսաստանի կարծիքն է, որոշողն էլ՝ Պուտինը, քանի որ ռազմավարական դաշնակցի հռչակագրային կարգավիճակով Ռուսաստանը վաղուց դարձել է Հայաստանի ռազմավարական արգելակը:

Տեսանյութեր

Լրահոս