Դատախազի հանձնարարականը կամայականության տարրեր է պարունակում

Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախչելու դեպքից հետո ՀՀ գլխավոր դատախազ
Գևորգ Կոստանյանի տված հանձնարարականը քննարկումների առարկա է դարձել:

Հիշեցնենք, որ Գ. Կոստանյանը հայտարարել էր, որ դատախազներին հանձնարարություն է տվել նախաքննության ընթացքում ապահովել, որ քննիչները վերցնեն ցանկացած կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը, ում նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Նաև նշել էր, որ օրենքը կամ որևէ այլ իրավական ակտ նման պարտադիր պայման չի սահմանում, և յուրաքանչյուր դեպքում նախաքննություն իրականացնող քննիչը պետք է որոշի` արդյոք տվյալ դեպքում նպատակահարմա՞ր է անձնագիրը վերցնելը, թե՞ ոչ: «Սակայն խուսափելու համար հետագայում նմանատիպգ կամ ընդհանրապես ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրված անձանց՝ նախաքննության մարմին ներկայանալու փաստը հիմնավորելու համար, այսինքն` ավելի երաշխիքային դարձնելու համար` իմ կողմից տրվել է նման հանձնարարություն, որ ցանկացած դեպքում, երբ ընտրվեց այդ խափանման միջոցը, միջոցներ ձեռնարկեն անձանց անձնագրերը վերցնելու և գործին կցելու համար՝ առնվազն մինչև գործի քննության ավարտը»,- ասել էր Գ. Կոստանյանը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը մեզ հետ զրույցում պատասխանելով հարցին` արդյոք բոլոր դեպքերում անձնագրերը վերցնելը չի՞ խախտի մարդկանց իրավունքները, ասաց. «Ես կարծում եմ, որ դատախազի կողմից առաջարկվող սահմանափակումը` այն է` կասկածյալների և մեղադրյալների անձնագրերը վերցնելը և նախաքննական մարմնում պահելը, ինչն ինքնին իրավունքների սահմանափակում է, պիտի նախատեսված լինի բացառապես օրենքով: Այսինքն՝ Քրեական դատավարության օրենսգիրքը պետք է սահմանի, թե որ հիմքերի առկայության դեպքում և ինչ կարգով վարույթն իրականացնող մարմինը կարող է վերցնել անձի անձնագիրը:

Կարդացեք նաև

Այսօրվա դրությամբ օրենքը նման կարգավորում չունի: Կա կառավարության որոշում, որով սահմանված է, որ վարույթն իրականացնող մարմինը կարող է վերցնել անձի անձնագիրը, եթե անձի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց է կիրառված: Բայց ես նորից եմ ասում՝ անձի իրավունքների սահմանափակումը, այն էլ` նման իրավունքների սահմանափակումը (անձնագիրը մարդու հիմնական փաստաթուղթն է, իր կենսագործունեության ընթացքում այդ փաստաթուղթն իրեն պետք է անընդհատ) պիտի սահմանված լինի բացառապես օրենքով, իսկ մենք այսօր օրենքով սահմանված նման սահմանափակում չունենք: Այդ պատճառով էլ՝ այն իր մեջ կամայականության տարրեր է պարունակելու, որովհետև նախաքննական մարմինը չգիտի՝ որ դեպքերում պետք է վերցնի անձնագիրը, որ դեպքերում չպիտի վերցնի. որովհետև օրենքով սահմանված չէ ոչ վերցնելու կարգը, ոչ էլ դրա հիմքերը»:

Փաստաբան Հայկ Ալումյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե պետք է նախ` սկսել նրանից՝ արդյոք գլխավոր դատախազը գործե՞լ է իր լիազորությունների շրջանակներում: «Ես կարծում եմ, որ գլխավոր դատախազն իր լիազորությունների շրջանակներից ակնհայտորեն դուրս է եկել, որովհետև ինքը, փաստորեն, մտցրել է մարդու իրավունքների սահմանափակում, որը կարող էր տեղի ունենալ միայն օրենքով: Այսինքն՝ նախևառաջ երևի այդ հարցն արժեր քննարկել գլխավոր դատախազի լիազորությունների տեսանկյունից: Ինքը գործել է իր լիազորությունների սահմաններից դուրս»: Փաստաբանն ասաց, որ եթե այդպիսի սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտություն կար, դա չպետք է արվեր գլխավոր դատախազի ցուցումով. «Պիտի լինի օրենսդրական նախաձեռնություն, և այլն, և այլն»:

Հ. Ալումյանն ասաց, որ այսօր անձնագիրը չի օգտագործվում միայն արտասահման մեկնելու համար. «Անձի համար անհրաժեշտ բազմաթիվ գործողություններ կան, որոնք կատարելու համար անձին անձնագիր է պետք: Եվ, փաստորեն, անձին շատ լուրջ սահմանափակում են այդ գործողությունների կատարման հարցում»: Փաստաբանը նշեց, որ հարցն ունի երկու բաղադրիչ՝ դատախազը գործե՞լ է իր լիազորությունների սահմաններում, թե՞ ոչ. ըստ փաստաբանի՝ նա ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից, իսկ երկրորդ բաղադրիչն այն է, որ լրջորեն սահմանափակվում են մարդու իրավունքները:

Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով օմբուդսմենի տեղակալ Արմեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է, թե որ դեպքերում կարող է վերցվել քաղաքացու անձնագիրը:

«Այդ դեպքերի մեջ մտնում են նաև կասկածյալի ու մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնելն իրավապահ մարմինների կողմից քրեական գործի քննության ընթացքում: Կասկածյալի ու մեղադրյալի անձնագիրը վերադարձվում է այն ժամանակ, երբ նրանք դադարում են արդեն լինել կասկածյալ կամ մեղադրյալ, այսինքն՝ քրեական գործը կամ կարճվում է, կամ դադարեցվում է նրանց նկատմամբ քրեական հետապնդումը: Այսինքն՝ օրենքը քրեական հետապնդման մարմիններին, իրավապահ մարմիններին թույլ է տալիս կասկածյալի և մեղադրյալի անձնագիրը վերցնել, հետևաբար` օրենքից դուրս այլ բան չկա: Ձեր ասած իրավունքների խախտման հնարավոր դեպքերը հաշվի են առնվել, երբ այսպիսի կարգավորում է նախատեսվել»:

Մեր դիտարկմանը, որ այն բոլո՞ր դեպքերում է կիրառվելու, առանձնահատկություններ հաշվի չե՞ն առնվելու, Ա. Գրիգորյանն արձագանքեց. «Դա. իհարկե, ամենայն հավանականությամբ, թողնված կլինի կոնկրետ քրեական գործի առանձնահատկություններին, բայց համենայն դեպս, այն, որ օրենքը թույլ է տալիս վերցնել կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը և պահել քրեական գործում, դա հստակ է: Այսինքն՝ հնարավոր են միգուցե դեպքեր, երբ գործնականում դրա անհրաժեշտությունը չլինի, բայց, համենայն դեպս, օրենքը թույլ տալիս է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս