Ինչ հետևանքներ կունենա Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ում

«Նախագահների ելույթները կարելի է գնահատել այն ժամանակ, երբ նախագահը նախընտրական գործընթացից հետո առաջին անգամ պաշտոն է ստանձնել և ելույթ է ունեցել, որը կարող է ուղենշային բնյութ ունենալ կամ ինչ-որ քաղաքականություն ցուցադրել: Իսկ երբ անցնում է 7 տարի, և ՄԱԿ-ում նախագահը ելույթ է ունենում, դա արդեն որևէ կարևորություն չի ներկայացնում, քանի որ կա անցած տարիների փորձը, որը շատ ավելի խոսուն է, քան ցանկացած ելույթ՝ ցանկացած բարձր ամբիոնից: Դրա համար ասել, որ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Վեհաժողովում ինչ-որ մի կարևորագույն արժեք կներկայացնի, ինչ-որ մի բան է բնորոշում, ո՛չ, ոչինչ էլ չի նշանակում: ՄԱԿ-ի համապատասխան նստաշրջանն էր, համապատասխան ելույթներ էին ունենում, նախագահն էլ, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, իր ելույթն ունեցել է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի և դրա հնարավոր հետևանքների մասին:

Նա նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանային լարված իրավիճակի կապակցությամբ բացարձակ ոչ մի արձագանք չի սպասում. «Այդ իրավիճակը նրանից չէ, որ նախագահը ելույթ չէր ունեցել, կամ բոլորը սպասում էին, թե ինչ ելույթ պետք է ունենա, որ սահմանային լարվածությունը վերանա: Սահմանային լարվածությունը նրանից է, որ կա Լեռնային Ղարաբաղի խնդիր, իսկ ԼՂ խնդիրը ելույթներով չի որոշվում: Դա գործողություններով է որոշվում»:

Ա. Բադալյանի խոսքով՝ միջազգային մակարդակով հարց լուծողների համար այսօր թիվ մեկ խնդիրը, ինչպես ցույց տվեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նախագահների ելույթները, հանդիսանում է Սիրիան: Նա նշեց, որ անգամ Ուկրաինան, որտեղ վերջերս շատ կատաղի մարտեր էին ընթանում, այլևս առաջնային չէ. «Իսկ ԼՂ խնդիրը, որ ընդամենը սահմանի երկու կողմից իրար կրակել են, և մի քանի հոգի է մահացել, դա ընդհանրապես համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում չէ, և թիվ մեկ խնդիրը չէ նրա համար: Իհարկե, խնդրով հետաքրքրված են Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը, որի հյուսիսային սահմանն է, Մինսկի խմբի եռանախագահներն են աշխատում այդ ուղղությամբ, և նրանք չեն էլ կարող իրենց ուշադրությունը շեղել այդ հարցերից, բայց սա թիվ մեկ խնդիր չի կարող դառնալ՝ նախագահի ելույթով պայմանավորված: Դա կոնյունկտուրային բնույթ կրող խնդիր է, այսինքն՝ կախված զուտ նրա խաղացողներից, Ադրբեջանի և Հայաստանի հարցեր լուծել չկարողանալու կամ չցանկանալու խնդիր է, և համաշխարհային քաղաքականության մեջ շատ վաղուց առաջին տեղը չի զբաղեցնում»:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում երեկ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության վերջին աճին, ասել է, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարություններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը լիովին արհամարհող Ադրբեջանի՝ նման ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում, Հայաստանին այլ ընտրություն չի մնում, և մենք կիրականացնենք անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը: Ս.Սարգսյանը մանրամասն ներկայացրել է ստեղծված իրավիճակը և մի քանի հարցադրումներով հստակ ցույց է տվել, որ սահմանային վերջին միջադեպերը բացառապես ադրբեջանական սադրանքի արդյունք են, և Ադրբեջանն է կրում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս