«Կառապա՞նն ենք փոխում, թե՞ կառքը». Մտավորականների խորհուրդը դեմ է սահմանադրական բարեփոխումներին

Ընդհանրապես ժամանակը չէ, և ընդհանրապես անհրաժեշտ էլ չէ Սահմանադրության փոփոխությունը: Այս կարծիքին է Մտավորականների խորհրդի անդամ, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը: Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ սահմանադրական բարեփոխումներին դեմ լինելու համար իրենք 101 պատճառ ունեն:

Նշելով այդ պատճառներից «ամենակարևորները»՝ Ա. Սարգսյանը նկատեց, թե Սահմանադրության նախագծի 5-րդ հոդվածում գրված է՝ ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմերը գերակայություն ունեն օրենքների նկատմամբ, ինչը, ըստ նրա՝ մեր երկրի սուվերենության կորուստ է. «Սա նշանակում է, որ ցանկացած նորմ, որն իրենք կհամարեն պարտադիր, պետք է իրականացվի Հայաստանում: Սա սուվերենության կորուստ է միանշանակ: Եթե վավերացրած միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը»:

Մտավորականների խորհրդի մեկ այլ անդամ՝ բնապահպան Կարինե Դանիելյանն էլ նշեց, որ իրենց կազմակերպությանը և հատկապես իրեն անհանգստացնում է այն, որ գործող Սահմանադրության համեմատ՝ պետության դերը շատ «նսեմացված» է այս նախագծում:

«Կարծում եմ՝ մեր այս Սահմանադրությունը հակառակ ուղղությամբ է շարժվում այն մոտեցումներին, որոնք հիմա աշխարհում կան, որովհետև կա նույնիսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումը, որ մեր ռեֆորմները սխալ են ընթացել՝ այն առումով, որ մենք թերագնահատել ենք պետության կարգավորիչ դերը և գերագնահատել ենք շուկան: Պետության դերն այս նոր Սահմանադրության մեջ նվազել է»,- նշեց Կ. Դանիելյանը:

Ինչ վերաբերում է էկոլոգիական խնդիրներին, ապա բնապահպանը դարձյալ մտահոգություններ ունի: Օրինակ, եթե գործող Սահմանադրության 10-րդ հոդվածում գրված է, որ պետությունն ապահովում է շրջական միջավայրի պահպանությունը, հիմա գրված է՝ «հանրային իշխանությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը»:

Մտավորականների խորհրդի անդամ, քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանն էլ անհանգստություն հայտնեց՝ տարակուսելով՝ «կառապա՞նն ենք փոխում, թե՞ կառքը»:

«Անիվը ջարդված է, ինքը չի գնում: Լավ, վերանորոգեցինք՝ գնաց, իսկ ո՞ւր է գնում, ո՞ւր է այդ ճանապարհային քարտեզը, տգիտության անդո՞ւնդը: 25 տարի մենք գնացել ենք տգիտության անդունդը, 25 տարի այս ժողովուրդը տառապում է այն աստիճանի, որ երիտթուրքերի արածն այսօր կրկնվում է: Եթե այդ եկող պառլամենտն էլ այս պառլամենտի նման պետք է լինի, որ 15 տոկոսը ինտելեկտուալ լինեն, մնացածը՝ կարդաբալետ, իմաստ չունի, ողբը սա է»,- նշեց քանդակագործը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս