«Ամեն կրակող պետք է իմանա, որ նույն օրը մահանալու է, ու այդ գնդակը վերադառնալու է իրեն». Մանվել Սարգսյան

Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը:

– Պարոն Սարգսյան, հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը շարունակվում է, հայկական կողմում կրկին զոհեր և վիրավորներ կան, իսկ հակառակորդն անցել է խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմանը: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:

– Շատ բարդ իրավիճակ է ստեղծվել, երբ արդեն խոշոր զենքեր են օգտագործում: Ընդհանրապես պետք է գնահատել այս քաղաքականության արդյունավետությունը, որովհետև առաջին գծում տեղակայված մեր զինծառայողներն անզոր են մնում: Այստեղ նոր ռազմական քաղաքականություն է պետք, որպեսզի ավելորդ զոհերից խուսափենք: ՀՀ ՊՆ նոր հայտարարությունում, կարծես, այդ միտքն է արտացոլվում, որ անցած 20 տարիների մեթոդոլոգիան, որով պահպանվում է շփման գիծը, արդեն չի կարող գործել: Թե ինչ նոր մարտավարություն կընդունվի, պետք է որոշել և պետք է հաշվարկել, թե ինչքանով է արդյունավետ ու նպատակահարմար՝ մեր հենակետերով շփման գիծը պահել: Ադրբեջանը փոխել է իր քաղաքականությունը դեռ անցած տարի օգոստոսից հետո, փորձում է նոր ձևեր գտնել, հեռացրել է իր դիքերը: Արդեն իսկ սկսել են հրետանին օգտագործել, հիմա էլ, կարծես, ավելի արդյունավետ են ուզում սարքել այդ մոտեցումը, որովհետև նրանք էլ կարծես հասկացել են, որ հին ձևով հնարավոր չէ պահել այդ գիծը: Նոր վիճակ է, պետք է նոր քաղաքականություն մշակել, որովհետև այսպես շարունակելու դեպքում՝ կորուստները շատ կլինեն:

– Հատկապես խաղաղ բնակչությանն են կարծես թիրախ դարձրել:

Կարդացեք նաև

– Խաղաղ բնակչությանը հարվածելը նորություն չի, դա պրովոկատիվ տարր է: Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Ղարաբաղում, այնտեղ էլ պրովոկացիոն տարրեր կային, Թալիշ գյուղի վրա էին կրակել, որից հետո անցել էին հրետանուն: Դա փոխկապակցված է, լրիվ նոր որակի հարաբերություններ են ստեղծվում, պետք է ռազմական մասնագետները սա հասկանան և համապատասխան ռազմավարություն մշակեն:

– Ամեն անգամ, երբ միջազգային որևէ հարթակում հայ-ադրբեջանական հանդիպում է լինում, օրինակ, ինչպես այսօր Նյու Յորքում՝ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, ադրբեջանցիներն ավելի ագրեսիվ են դառնում:

– Այո, տարիներ շարունակ Ադրբեջանը բացահայտ ասում է, որ շփման գծում դեպքերն իրենց ռազմական դիվանագիության մասն են, սա էլ հստակ քաղաքականություն է, որը ստեղծում է համապատասխան մթնոլորտ, երբ այս կամ այն հանդիպումը պետք է լինի, կամ փորձում են խուսափել հանդիպումից: Ավելի էական նշանակություն ունի հենց շփման գծում այդ մարտավարությունը, որովհետև նոր դեմքեր են դուրս եկել, նոր մոտեցումներ են, և Ադրբեջանը սկսել է իսկապես շատ հմուտ դա օգտագործել քաղաքականություն վարելու համար: Հիմա կարծես ՊՆ-ն նույնպես կոնցեպտ է ձևակերպել, որ օգտագործել են խոշոր զենքեր՝ բանակցային պրոցեսի վրա ազդելու համար: Իրար հետ կապված տարրեր են, ժամանակակից պատերազմներն այդպիսին են: Մեծ խնդիրներ եղել են, իհարկե, քաղաքականության մեջ, որովհետև ինչպե՞ս հնարավոր եղավ մեծ զենքեր օգտագործել, նախկինում դա հնարավոր չէր, ինչպե՞ս եղավ, որ միակողմանի մեր ռազմավարական դաշնակիցը սկսեց ազատ զենք վաճառել մեր հակառակորդին, այս ամեն ինչը կուլ գնաց, քաղաքականություն չվարվեց՝ կասեցնելու դա, ինչը թույլ տվեց Ադրբեջանին անցնել խոշոր զենք կիրառելուն: Սա է խնդիրների խնդիրը: Հիմա, իհարկե, պետք է նոր զսպող գործոն ստեղծենք, որ արդեն թույլ չտանք զարգանա:

– ԼՂՀ ՊԲ և ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրություններում ակնարկվում և խոսվում է համարժեք պատասխան գործողությունների մասին: Դրա շարունակությունն արդյո՞ք լայնածավալ պատերազմը չի լինի:

– Ես չեմ հասկանում՝ «համարժեք պատասխանն» ինչ է, դրա նպատակն ինչ է, ես հասկանում եմ, որ, եթե մի երկիր ռազմական քաղաքականություն է վարում, նա ունի նպատակ, և, եթե դուք ուզում եք զսպեք, դա հասկանալի է, եթե ուզում եք պատժել, որը նույնպես զսպող գործողություն է, ևս հասկանալի է, եթե ուզում եք դիրքեր բարելավեք՝ հասկանալի է, բայց հանընդհանուր այդ համարժեքն ի՞նչ է, պարզ չէ: Եթե իրենք խփել են 5 հոգու, եկեք մենք խփենք 25 հոգո՞ւ: Դա փողոցային քաղքենիական լեզու է և ոչ մի կապ չունի քաղաքականության հետ: Ամեն մի կրակոց պետք է ունենա պարզ, հստակ նպատակ, թե դուք դրանով ինչ խնդիր եք լուծում:

Եթե ճիշտ լուծեք, հակառակորդը շատ երկար ժամանակ կմտածի: Երբ անցած տարի օգոստոսին Ադրբեջանը դիվերսիոն պատերազմ էր զարգացրել, իսկապես շատ բարդ վիճակ էր ստեղծվել առաջին գծի համար, և այն ժամանակ, իմ կարծիքով, շատ ճիշտ պատժիչ գործողություն եղավ, երբ պատժեցին մեր կողմից առաջին գիծը, և այնպիսի ծավալով ու ուժով, որ Ադրբեջանն արդեն սկսեց մտածել, թե ինչքանով էր արդյունավետ իր դիվերսիոն գործողությունը: Շատ արդյունավետ էր՝ շատ մեծ կորուստներ ու խուճապային տրամադրություններ առաջացան ադրբեջանական բանակում: Ա՛յ դա գործողություն էր, և դրա համար քաղաքականություն է պետք: Պետք է իմանալ, երբ մի կրակոց ես անում, ինչի ես ուզում հասնել: Կրակում են մի կետից, պետք է այդ կետը վերացնել, և ամեն կրակողը պետք է իմանա, որ նույն օրը մահանալու է, ու այդ գնդակը վերադառնալու է իրեն:

 

Տեսանյութեր

Լրահոս