Սերժ Սարգսյանին ասել եմ՝ եթե անգամ իմ առաջարկներն ընդունեք, դեմ եմ սահմանադրական փոփոխություններին. Հրանտ Բագրատյան. 1in.am
1in.am-ը զրուցել է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ
– Պարոն Բագրատյան, դուք մերժում և քննադատում էիք իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոխոխությունները: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ ու այդ փոփոխությունների վերաբերյալ ինչ-որ հարցեր քննարկել:
– Որովհետև հրավիրել են քննարկման: Իմանալով, որ ես մերժում եմ, հրավիրել են՝ լսեն, հասկանան:
– Իսկ ի՞նչ եք քննարկել Սերժ Սարգսյանի հետ, ի՞նչ առարկություններ կամ առաջարկություններ եք ներկայացրել:
– Նախ պետք է ասեմ, որ և՛ մինչև հանդիպումը, և՛ հանդիպման ժամանակ ու հանդիպումից հետո էլ ասում եմ, որ ես սկզբունքորեն դեմ եմ նախագահական համակարգի վերացմանը: Նախագահական համակարգի ուժեղացումը եղել է իմ նախընտրական թեզերից մեկը: Բայց կան կառուցվածքային հարցեր, ես մասնագետ եմ և կարծում եմ, որ տվել եմ թերևս միակ մանրամասն վերլուծությունը, որ այդ հիմնական հարցից բացի՝ ներկայացվող համակարգում կան կառուցվածքային լուրջ խնդիրներ: Այդ թվում՝ տասը խոշոր տնտեսական հարցեր: Ինձ խնդրել են, և ես հատ-հատ ներկայացրել եմ: Եթե մեր հանդիպումից հետո այդ հարցերից որոշները փոխվեն կամ մեր ներկայացրած ձևակերպումներն ընդունվեն, ես ուրախ կլինեմ, բայց միևնույն է՝ չեմ կարծում, որ սահմանադրական փոփոխությունները պետք է ընդունվեն: Ես դրա հակառակորդն եմ, ՈՉ-ի կողմնակիցը:
– Իսկ Սերժ Սարգսյանի կամ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի մոտ կա՞ր տրամադրվածություն՝ ընդունելու ձեր ներկայացրած դիտողությունները կամ առարկությունները:
– Ս.Սարգսյանը հատ առ հատ այդ հարցերն ինձ հետ քննարկել է: Դա երկարատև հանդիպում է եղել: Նա տիրապետում էր այդ հարցերին: Առնվազն հինգ-վեց հարց կար, որոնք լրջագույն խնդիրներ էին, և ես փորձում էի ցույց տալ, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը դրանց շուրջ չունի ընդհանուր մեթոդաբանությամբ մոտեցում: Ասացին՝մենք կքննարկենք, և հավանաբար այդ հանձնաժողովը նորից պետք է կապվի ինձ հետ, ու հնարավոր է՝ այդ հարցերը քննարկելու համար նորից հանդիպում լինի:
– Նաև կարծիք կա, որ Ս.Սարգսյանը քաղաքական ուժերի հետ այդ հանդիպումները կազմակերպել է, որպեսզի միջազգային կառույցներին կամ հանրությանը ցույց տա, որ սահմանադրական փոփոխությունների քննարկումների շուրջ համախմբում կա: Եվ, իսկապես, չի բացառվում, որ բոլորի, այդ թվում նաև Ձեզ հենց այդ նպատակով էին հրավիրել:
– Ես հանդիպել եմ նրա հետ և ասել եմ՝ միևնույն է, եթե անգամ իմ առաջարկներն ընդունեք, ես անձամբ դեմ եմ այդ փոփոխություններին, իսկ մեր կուսակցությունը, կարծում եմ, նույնպես դեմ կլինի: Այս պատերազմի շեմին, այս վիճակում մենք չենք կարող հրաժարվել նախագահական համակարգից:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: