Գյումրիում 4 անչափահաս երեխաներն ապրում են առնետների հետ
asparez.am-ը գրում է. Գյումրու Անտառավան թաղամասի քարուքանդ, ոլոր-մոլոր ճանապարհին տիկին Կարինեն պատմում է առնետների կողքին ապրող իր բազմանդամ ընտանիքի վախի, տագնապի մասին: Մի քանի ամիս առաջ 14-ամյա դուստրը վեր է թռել քնից` զգալով առնետի շարժումը: Դեռահասն այնպես է վախից ու ահից ճչացել, որ մայրն անգամ շփոթվել է, չի կարողացել դստրեր վախը գոնե մեղմել ու հանգստացնել: Գիշերային ժամերին առնետները տնակում ազատ մուտք ու ելք են անում, երբեմն տան ուտելիքով սնվում, պահարանների, դարակների վրա վխտում: Առնետները, տիկին Կարինեի խոսքով, օրըստօրե ավելանում են, իսկ գիշերները դառնում վտանգավոր:
-Գիշերները զարթուն եմ մնում, ուշադիր լինում, որ կռիսներն էրեխեքի վրա չելնին, իրանք էլ վախենան,-ասում է տիկին Կարինեն ու ցույց տալիս առնետների մասին մի տեսանյութ:
Երբ տնակում սկսել է շարժվել առնետների խումբը, կինը միացել է սենյակի լույսն ու նկարահանել վերջիններիս շարժը. բավականին խոշոր առնետների ներկայությունը օրըստօրե ընտանքիքի համար դառնում է տագնապալի:
9-ամյա Նորայրը նայում է մոր զարմացած հայացքին ու լրացնում նրա խոսքերը` ավելացնելով, որ գիշերները ինքը եւս արթուն է մնում, առնետներից վախենում է:
Անտառավան թաղամասի 227/328 տնակում տիկին Կարինեն իր 4 դպրոցահասակ երեխաների եւ ամուսնու հետ արդեն ապրում է 15 տարի:
Գյումրու հազարավոր բնակիչների նման ընտանքն այս տնակից բացի ոչինչ չունի. ֆինանսական միջոցները բավարար չեն բնակարան վարձելու համար. ապրում են ամեն ամիս տրվող 45 000 դրամ ընտանեկան նպաստով, սեզոնային եղանակին ամուսինները գնում են դաշտ` աշխատելու, ստանում են օրավարձ: Կնոջ պատմելով` ամուսինն ունի առողջական խնդիրներ: Երեխաներն հաճախում են հանրակրթական դպրոց, երեխաների խնամքով զբաղվում է «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնը:
8-ամյա կրտսեր որդին արդեն 7 օր է` դպրոց չի գնում: Կնոջ պատմելով` նկատել է, որ հայրը դժվարությամբ է աշխատում դաշտում` կարտոֆիլ հավաքելիս, ժամանակավոր թողել է ուսումն ու գնում է դաշտ` հորն օգնելու:
Տնակը անձրեւի, արեւի տապին քայքայվել է, փայտյա պատերն ու առաստաղը փտել. խոնավությունը զգալի է: Տնակում չկա ոչ մի տարրական կենցաղային պայման. լվացվելու, լողանալու հարմարություններից զուրկ փայտյա փտած, քայքայված տնակում ապրելն այլեւս անհնար է: Փայտյա հատակի անցքերը, առնետների մուտքն ու ելքը փակելու համար ամեն ինչ անում է ընտանիքը, սակայն անարդյունք:
-Մարզպետարանը, քաղաքապետարանն օգնել են մեզ. առնետների մասին հենց իմացան, սանէպիդից մարդ ուղրակեցին, դեղեր դրեցին, բայց այդ դեղերը չօգնեցին, էլի նույն շարժը կա տան մեջ,-ասում է տիկին Կարինեն ու շարունակում,-միայն խնդրում եմ, որ բարեհոգի մարդիկ ի հայտ գան, մեզ օգնեն ոչ մի բան չեմ ուզում, գոնե 2-3 սենյականոց տուն լինի, թողնեմ, այստեղից դուրս գամ, շատ կխնդրեմ ժողովրդին, ով որ կարող է` թող օգնի…