Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանում ասուլիս է տվել
«Իմ նպատակն է ադրբեջանական մեդիայի նկատմամբ գրավել համաշխարհային հանրության, հայկական սփյուռքի ուշադրությունը Սարգսյանի հանցավոր ռեժիմի նկատմամբ»:
Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին այսօր Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը, ով Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել:
Նա հայտարարել է, որ Հայաստանում արհեստականորեն թշնամական վերաբերմունք է սերմանվում Ադրբեջանի նկատմամբ:
«Քաղաքական ապաստանի խնդրանքով դիմելուց հետո ինձ հյուրընկալ են ընդունել Ադրբեջանում, ընկերաբար»,- հայտարարել է Մարտիրոսյանը:
Վերջինս պատմել է իր նկատմամբ Հայաստանում գործադրվող հետապնդումների ու ճնշումների մասին:
«Հայաստանում իմ հետապնդման պատճառը կապված է իմ հասարակական գործունեության ու որպես իրավապաշտպան՝ աշխատանքի հետ: Բանը հասել էր այնտեղ, որ այս տարվա օգոստոսի 14-ին Սարգսյանի (նկատի ունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին) ընկերն իմ սեփական տանը հարձակվեց ինձ վրա ու ծեծեց ինձ իմ ընտանիքի ու տարեց մոր աչքերի առաջ: Ծեծվել է նաև իմ հղի կինը, ինչի հետևանքով երեխային կորցրեցինք: Սկսվեցին ճնշումներ իմ մոր նկատմամբ: Տարբեր բժշկական հաստատություններում պատրաստվեցին կեղծ տեղեկանքներ այն մասին, թե իբր մենք չենք ծեծվել»,- հայտարարել է Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական APA գործակալությունը տեղեկացրեց, թե վերջինս կնոջ ու երեխայի հետ քաղաքական ապաստան է խնդրել Ադրբեջանի իշխանություններից:
Վերջինս հայտարարել էր, թե Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից ճնշումների է ենթարկվել իր գլխավորած նախաձեռնության գործունեության պատճառով:
Մարտիրոսյանը վերջերս հայտարարել էր, թե ինքն ու իր կինը ծեծվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) աշխատակիցների կողմից, ինչի հետևանքով իր հղի կինը կորցրել է երեխային:
Նշենք, որ նրա փախուստը Ադրբեջան կազմակերպել է ադրբեջանցի իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուն:
«Մեր վրացի գործընկերներն ինձ նամակ են հանձնել, որտեղ ասվում է, որ Վահան Մարտիրոսյանն ու նրա կինը ծեծի են ենթարկվել, ինչի հետևանքով կինը կորցրել է երեխային»,- ասել է կին իրավապաշտպանը:
Նրա խոսքով՝ ինքը կապ է հաստատել Ադրբեջանի պետական կառույցների հետ ու «վերջիններս նրան քաղաքական ապաստան են տրամադրել»: