Բաժիններ՝

Նոր մանրամասներ Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի ու նրա կնոջ մասին. վերջիններս վաղը Բաքվում հանդես կգան մամլո ասուլիսով

«Interfax-Ադրբեջանը» տեղեկացնում է, որ «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին քաղաքական ապաստան տրամադրելու գործում օգնություն է ցուցաբերել իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուն:

«Մեր վրացի գործընկերներն ինձ նամակ են հանձնել, որտեղ ասվում է, որ Վահան Մարտիրոսյանն ու նրա կինը ծեծի են ենթարկվել, ինչի հետևանքով կինը կորցրել է երեխային»,- ասել է կին իրավապաշտպանը, ում խոսքերը մեջբերում է haqqin.az-ը:

Նրա խոսքով՝ ինքը կապ է հաստատել Ադրբեջանի պետական կառույցների հետ ու «վերջիններս նրան քաղաքական ապաստան են տրամադրել»:
Ջաֆարօղլուն հավելել է, որ վաղը՝ օգոստոսի 18-ին, Բաքվում Վահան Մարտիրոսյանի ու նրա կնոջ մասնակցությամբ տեղի կունենա մամլո ասուլիս:

Միջոցառման մամլո հաղորդագրությունում նշվում է, որ Մարտիրոսյանը «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավարն է, նա ստիպված է եղել հեռանալ Հայաստանից պետական մարմինների ու առանձին անհատների ճնշման հետևանքով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ APA գործակալությունը հայտնել էր, որ Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել:

Վահան Մարտիրոսյանը վերջերս հայտարարել էր, թե ինքն ու իր կինը ծեծվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) աշխատակիցների կողմից, ինչի հետևանքով իր հղի կինը կորցրել է երեխային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս