«Ինտեր ՌԱՕ»-ն ներկայացրել է «ՀԷՑ»-ի 100 տոկոս բաժնետոմսերը օտարելու մտադրության մասին հայտ
«Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը հայտ է ներկայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության վերաբերյալ:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով նխատեսվում է էներգետիկայի և բնական պաշարների, արդարադատության, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարներին հանձնարարել՝ պահանջել համապատասխան փաստաթղթեր, ուսումնասիրել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության համապատասխանությունը ներկայացվող չափանիշներին, բանակցել և մշակել պայմանագրի նախագիծ, որով ընկերությունն ամբողջովին կստանձնի ՀՀ կառավարության և «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև 2002թ- ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից (հետագա բոլոր լրացումներով) բխող գնորդի բոլոր պարտավորությունները:
Կառավարությունը որոշեց պահանջել նախարարություններից ուսումնասիրել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» և «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունների միջև կնքվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման պայմանագիրը և տալ եզրակացություն: Որոշվեց նաև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկել մասնակցել պայմանագրի նախագծի մշակման աշխատանքներին և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:Կառավարության նիստում հաստատվեց նախագիծը, տրվեց երեք օր ժամանակ՝ խմբագրական աշխատանքներ կատարելու համար: