Դրախտային գյուղատնտեսություն
Աշունն ալարկոտ սկսվեց։ Գայթակղությունը մեծ է` ամեն ինչ շոգերի վրա բարդել։ Կառավարության անդամների մի մասն այս գործում ահագին հմտացել է։ Գյուղնախարարը, օրինակ, իր ոլորտի բոլոր բարդությունները հենց աննախադեպ շոգ եղանակով էլ բացատրեց։ Նա կառավարության առաջին անդամն էր, որ կատարելով ՀՀ վարչապետի հրահանգը` հասարակությանը սկսեց բացատրել, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի, Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության կրճատման ֆոնին մեր տնտեսությունը հաջողել է անզուսպ աճել։
Կարծեմ` չորս, կամ մի փոքր ավելի տոկոսով։ Գյուղնախարարն իր ասուլիսում իր ոլորտի մասին շատ ավելի ազդեցիկ ու ճոխ թվեր հրապարակեց։ Անցած տարվա համեմատ` առաջին կիսամյակի գյուղատնտեսական աճը երկնիշ է` 14,4 տոկոսի չափով։ Ի հեճուկս դրամի արժեզրկման ու համաշխարհային տնտեսական ցնցումների, Հայստանի գյուղոլորտում ամեն ինչ աճում ու բարգավաճում է։
Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն ավելացել է 3,6 տոկոսով, մանր եղջերավորներինը նույնպես աճել է։ Սակայն ավելի ազդեցիկ` 7,6 տոկոսով։ Իսկ խոզերի մասին շատ պատկառելի թվերով խոսվեց։ Խոզերի աճը նկարագրվում է բաղձալի երկնիշ ցուցանիշով` 11 տոկոս։ Մնում է միայն ափսոսալ, որ անասնագլխաքանակի աճը ոչ մի կերպ չազդեց մսի ու մսամթերքի գնաճի վրա։ Բայց դա ամենևին էլ կարևոր չէ։ Կարևորն այն է, որ պաշտոնապես յոթ տոկոսով աճել է գյուղնշանակության մշակովի հողերի ծավալը։
Սա էլ հանգեցրել է ցորենի բերքատվության դրախտային ցուցանիշերի։ Այս դեպքում տոկոսներով խոսելը հասարակությունը չի ընկալի։ Ըստ մեր գյուղնախարարի` 2010թ. ցորենի միջին բերքատվությունը մեկ հա-ից կազմում էր 22,4 ցենտներ։ Այս տարվա բերքատվության ցուցանիշը 33 ցենտներից ավելի է։ (Ասեք, որ չորս տարվա ընթացքում 50 տոկոսը գերազանցող աճի մասին քաղաքակիրթ հասարակության ներկայությամբ բարձրաձայնելը սխրանքին հավասար քայլ է)։ Գյուղատնտեսական տարվա դյուցազներգությունը մի փոքր ստվերում են գյուղմթերքների շուկայական գները։ Բայց դրանք ևս խրոխտ բացատրություններ ունեն։
Գնաճի մասին հարցերով մեր կառավարիչներին նեղը չես գցի։ Նրանք ամեն ինչ գիտեն և ամեն ինչի բացատրությունն ունեն։ Օրինակ` լոլիկը թանկ է, որովհետև շոգի պատճառով բերքի սպասված քանակը չապահովվեց։ Որովհետև գյուղատնտեսական մթերքի մշակման համար բարենպաստ տարին նույնքան բարենպաստ է նաև լոլիկի վնասատուների համար։ Իսկ կարտոֆիլը թանկ է, որովհետև բարձր ջերմաստիճանի պատճառով Արարատյան դաշտավայրում կարտոֆիլի բերքահավաքը սպասվածից շուտ է կատարվել։ (Որ ժամանակից շուտ չհավաքեին, կարելի է ենթադրել, որ էժան էին վաճառելու)։ Բայց առաջիկա մի քանի օրերին կսկսվի բերքահավաքը Գեղարքունիքի մարզում, և ամեն ինչ իր տեղը կընկնի։
Այսինքն` կարտոֆիլի գինը կնվազի։ Չնայած որ, նման նուրբ մասնագիտական կարծիք հայտնելու համար ոչ գյուղատնտես է պետք լինել, ոչ էլ գյուղնախարար։ Բոլոր տնային տնտեսուհիներն էլ գիտեն, որ կարտոֆիլի գինը նվազելու է։ Այս մթերքի նվազագույն գինը մշտապես արձանագրվում է հենց սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Հետո` մինչև նոր բերքը, կամաց-կամաց թանկանում է։ Բայց սա միակ բացասական սպասումը չէ։ Ըստ գյուղնախարարի, խաղողագործների համար այս աշունն անամպ չի լինելու։ Ոչ բնակլիմայական իմաստով, այլ ֆինանսական։
Նախարարը վստահեցնում է, որ մթերողներն արտադրողներից կընդունեն խաղողի ողջ բերքը։ Այսինքն` չեն մերժի, կընդունեն, բայց փող չեն տա։ Պատճառը համաշխարհային ու ռուսաստանյան տնտեսության վիճակն է։ Ռուբլու արժեզրկման պատճառով նվազել են խաղողի ու գինու արտահանման ծավալները։ Ընդունեք, որ այդ ռուսական ռուբլին բավական տարօրինակ վճարամիջոց է։
Մրգերի ու բանջարեղենի արտահանմանը չի խանգարել, իսկ խաղողի ու գինու պարագային իրեն լավ չի պահում։ Ավելի ճիշտ` լավ չի պահելու։ Այդ պատճառով էլ խաղող մշակողներն իրենց հանձնած բերքի համար կվճարեն եկող տարվա մարտ-ապրիլ ամիսներին։ Սա մեր գյուղնախարարի պաշտոնական կարծիք-կանխատեսումն է։ Այն, իհարկե, հիմնավորապես հակասում է մեր գյուղատնտեսության դրախտային ու պաշտոնական նկարագրին։ Բայց, ինչպես գյուղնախարարն է ասում` գյուղացիները ըմբռնումով են մոտենում իրավիճակին։ Հասարակությունն էլ ըմբռնումով չմոտենա, բա ի՞նչ անի։