Օգտակար սերմեր՝ մեր խոհանոցում
Սերմերը հարուստ են տարբեր հանքանյութերով, սպիտակուցներով, վիտամիններով, ֆերմենտներով և ճարպաթթուներով: Թարմ սերմերի օգտագործումը ձեզ կօգնի ստանալ բոլոր անհրաժեշտ տարրերը: Աղացած կամ մանրացրած սերմերը տարբեր կերակրատեսակների համար կարող են հրաշալի բաղադրիչ դառնալ:
Ինչպես պնդում են որոշ փիլիսոփաներ՝ հենց սերմերի մեջ է թաքնված կյանքը: Մյուսների համար սերմերը պարզապես օրգանիզմի համար անհրաժեշտ սննդարար տարրերի գանձարան են:
Սերմերի մեծ մասն ուտելի է և տարբերվում է նրանով, որ պարունակում է մեծ քանակությամբ յուղեր, այդ իսկ պատճառով հստակ կարող ենք ասել, որ սերմերը սնուցում են մեր օրգանիզմը մեծ քանակությամբ յուղերով:
Steptohealth կայքը ներկայացնում է մի քանի սերմեր, որոնք պետք է օգտագործել առօրյա կյանքում:
Չիայի սերմեր
Այս սերմերը մուգ գույնի են, սնուցում են մեր օրգանիզմը մեծ քանակությամբ հանքանյութերով, վիտամիններով, բջջանյութով, սպիտակուցներով և հակաօքսիդանտներով: Դրանք հրաշալի են նրանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառով ձուկ չեն ուտում: Չիայի սերմերը համարվում են Օմեգա-3 ճարպաթթուների ամենահարուստ աղբյուրը: Այս սերմերի օգտագործումն օգնում է ազատվել հոդացավերից, պաշտպանում է օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից և շաքարախտից, օգնում է նիհարել և մեծ էներգիա է հաղորդում: Չիայի սերմերը լավացնում են ուղեղի աշխատանքը և պաշտպանում են մեր լյարդը: Դրանք նաև չունեն հակացուցումներ:
Կանեփի սերմեր
Այս սերմերը բաց մանուշակագույն են և պարունակում են ամինաթթուներ: Սրանք օգտակար են իմունային համակարգի հիվանդությունների և թոքախտի բուժման համար, տարբերվում են Օմեգա-3 և Օմեգա-6 ճարպաթթուների մեծ քանակությամբ: Կանեփի տերևները նաև պարունակում են ֆիտոսննդարար տարրեր, որոնք պաշտպանում են արյան, մաշկի և այլ օրգանների բջիջները:
Նռան հատիկներ
Նռան վառ կարմիր հատիկները հակաօքսիդանտների հրաշալի աղբյուր են, պաշտպանում են օրգանիզմն ազատ ռադիկալների վատ ազդեցությունից, որն էլ օգնում է կանխարգելել ժամանակից շուտ ծերացումը: Նռան հատիկներն արյունը հարստացնում են թթվածնով և կանխարգելում են թրոմբների գոյացումը: Մեծ քանակությամբ պոլիֆենոլներ պարունակելու շնորհիվ նռան հատիկները նվազեցնում են քաղցկեղային բջիջների զարգացման և սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը: Այս հատիկները հարուստ են վիտամին C-ով և կալիումով, ցածր կալորիականություն ունեն: Կանոնավոր օգտագործման դեպքում կկարողանաք նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև լավ է փորկապության դեպքում:
Քունջութ
Այս բաց գույն ունեցող սերմերն օգտագործվում են՝ որպես համեմունք: Քունջութի յուղը երբեք չի փչանում: Քունջութի սերմերը հարուստ են կալցիումով, երկաթով, ֆոսֆորով, վիտամին B-ով և դիետիկ բջջանյութով: Հենց այս սերմերն են պարունակում այնպիսի քիմիական գոյացություններ, որոնք օգնում են իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, կարգավորել ճնշումն ու պաշտպանել լյարդը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը