Մանանեխի բուժիչ սերմը

Սարեպտի կամ ռուսական մանանեխ (горчица, Brassica juncea)։ Մանանեխը հնագույն ժամանակներից օգտագործվել է` որպես համեմունք։ Կան տեղեկություններ, որ այն հայտնի է եղել Հնդկաստանում 5000 տարի առաջ։

Հին եգիպտական մագաղաթներում դեռևս 3500 տարի առաջ խորհուրդ էր տրվում մանանեխի սերմն ավելացնել ուտեստներին։ Համարվում է, որ սև մանանեխի հայրենիքը Հյուսիսային Աֆրիկան է։

Հին հույներն իմացել են սպիտակ մանանեխի բուժիչ հատկությունների մասին, իմաստասեր և բնագետ Թեոֆրաստը գրում է, որ այն անվանվում է sinapis, քանի որ ջրի մեջ տրորած սերմն արցունք է առաջացնում` sinapis=sinos+opis=վնասել աչքերը։ Դիոսկորիդիսն առաջարկում է մանանեխի լուծույթով մշակված լաթը դնել ցավոտ հատվածներին։

Հանճարեղ Պյութագորասը համարել է, որ բույսի սերմը լավացնում է հիշողությունը։ Քրիստոնեական մշակույթում մանանեխը հավատի խորհրդանիշ է. «Եվ թող ձեր հավատը համապատասխանի մանանեխի սերմինգ»։
Փոքրիկ սերմը պահպանում է իր ծլունակությունը 50 տարի, այն կարող է ճեղքել բնական ապարը, ասֆալտը, բետոնը, չորադիմացկուն է։

Կարդացեք նաև

Մանանեխ դաշտայինը (sinapis arvensis) այսօր որպես մոլախոտ հանդիպում է ողջ Եվրասիայում և Հյուսիսային Աֆրիկայում, սակայն հայրենիքը Միջերկրականի ափամերձ շրջաններն են։ Հանդիպում է Լոռիում, Գեղարքունիքում, յուղը թունավոր է։
Մշակովի սև և սպիտակ մանանեխը (Brassica nigra և S. alba) և դրանց մշակման բաղադրատոմսերը Եվրոպա են հասցրել հռոմեացիները, իսկ միջնադարում` վանականները։ Միջնադարում մեզ հայտնի համեմունքը պատրաստել են խաղողի հյութով (այս երկու բույսերը հասունանում են գրեթե միաժամանակ) և, քանի որ լատիներեն խաղողը կոչվում է «mustum», ապա այդ անվանումը փոխանցվել է մանանեխին` Moutarde, անգլերեն` Mustard։

Մանանեխը լավ է համադրվում այլ բույսերի և կերակրատեսակների հետ, այդ պատճառով դրա պատրաստման բաղադրատոմսերը գրեթե անսահման են։ Միջնադարում վանական միաբանություններն ունեցել են հատուկ պաշտոն, որի տնօրինողը պարտավոր է ապահովել բույսի մշակման, համեմունքի պատրաստման և, ինչո՞ւ ոչ, վաճառքի բնականոն ընթացքը։

gorchica

Ընդունված տեսակետ կա, որ լավագույն համեմունքը պատրաստել են ֆրանսիացիները, և այնտեղ էլ 16-րդ դարի վերջում ստեղծել են «Մանանեխ մշակողների ընկերությունը»։

Մեր ժամանակներում այս երկիրն արտադրում է ավելի քան 100 տեսակի մանանեխի համեմունքներ։

Դիժոնում այս մանանեխին խառնում են վայրի խնձորի հյութը, աղ, մեխակ, դարչին և այլն։

Համեմատաբար ավելի «բարի» սպիտակ մանանեխը հարգի է Անգլիայում։ Սննդի մեջ օգտագործել են նաև բույսի մատղաշ կանաչ մասը։ Ռուսաստանում բույսը սկսել են մշակել 18-րդ դարի վերջում։ 1784թ. Կոմս Բեկետովի կալվածքում առաջին անգամ ստացել են մանանեխի ալյուր, իսկ 1810թ. դրվել է դեղին մանանեխի և յուղի արտադրության սկիզբը, 20-րդ դարի սկզբում այժմյան Վոլգոգրադի մարզի Սարեպտա գյուղի երկու գործարանները տվել են մոտ 700 տոննա արտադրանք։

Մանանեխը խաչածաղկավորների ընտանիքի կաղամբազգիների ենթաընտանիքին պատկանող բույս է` 0,5-1 մ բարձրությամբ, ծաղիկները երկտուն են, հավաքված կիսավահանաձև կամ ողկուզաձև ծաղկաբույլերով, ծաղկաթերթերը չորսն են` ոսկեդեղին, պտուղը պատիճ է, սերմերը` մանր գնդաձև։ Առանցքային արմատի երկարությունը հասնում է 2-3 մետրի։

Տարբեր տեսակների քիմիական բաղադրությունը քիչ է տարբերվում, մենք նկարագրելու ենք մեզ ավելի հասանելի սարեպտի կամ «ռուսական» մանանեխի հատկությունները։ Սերմը պարունակում է մինչև 42% ճարպային յուղեր, 20% սպիտակուց, 15% լորձ, 1-2 % եթերային յուղ, գլյուկոզիդ սինիգրին, ֆերմենտ միրոզին։ Տերևը պարունակում է կարոտին, ասկորբինաթթու, կալցիում, երկաթ։

Մանանեխի յուղը հարուստ է A, B6, E, K, PP վիտամիններով, պարունակում է նաև քոլին, օմեգա-3 ճարպաթթուներ, յուղն ամրացնում է մազարմատները և բարձրացնում առաձգականությունը, նպաստում օրգանիզմի աճին և լակտացիային։

Հակացուցում։ Անհրաժեշտ է սահմանափակել մանանեխի օգտագործումը թոքախտի, ստամոքսահյութի բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի, խոցի, պանկրեատիտի, թութքի, ստոմատիտի, հիպերտոնիայի, երիկամների և որոշ սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում։

Մանանեխի բուժիչ սպեղանին

Սպեղանին ծանոթ է մեզ «գորչիշնիկ» անվանմամբ, այն մեծ կիրառում ուներ խորհրդային տարիներին։ Սպեղանին «աշխատում» է հետևյալ սկզբունքով. Երբ մանանեխի փոշիով պատված սպեղանին իջեցնում են տաք (50-60C աստիճանի) ջրի մեջ, առաջանում են գլյուկոզա, կալիումի աղ և ալլիլային (եթերային) յուղ։ Յուղն ուժեղացնում է արյան հոսքը դեպի մաշկի այն հատվածը, որտեղ տեղադրված է սպեղանին, ինչի շնորհիվ բարելավվում է հիվանդ օրգանի վիճակը։ Ալլիլային յուղն ունի արցունքաբեր հատկություն, կծու համ և հոտ։

Gorchica11

Սպեղանին օգտագործվում է տրախեիտի և բրոնխիտի դեպքում, նպաստում է շնչառական ուղիներում կուտակված լորձի հեռացմանը։ Սպեղանին մեղմացնում է մկանային ցավերը. կիրառվում է նևրալգիայի, գլխացավի, բարձր ճնշման դեպքում։

Սպեղանին պահում են մարմնի վրա 5-10 րոպե, ուժեղ ցավի դեպքում գործողությունը պետք է դադարեցնել։ Սպեղանին կարելի է դնել 2 օրը մեկ անգամ, ընդամենը 2-3 սեանս։ Եթե սպեղանին երկար պահեն, ապա ընդամենը 30 րոպե անց կառաջանան այրվածքներ, ռիսկը շատ մեծ է չոր մաշկ ունեցողների համար։

Սպեղանին չի կարելի կիրառել ալերգիկ ցանի, մաշկի վնասվածքների (անկախ բնույթից), ջերմի` (37,5C ջերմաստիճանից բարձր) դեպքում, այն չի կարելի փակցնել գոտկատեղի, ողնաշարի, սրտի, կրծքագեղձերի հատվածներում։

Մանանեխի բուժիչ սերմը
Առաջին հայտնի դեղատոմսը գրվել է Ք.ա. 42թ.։ Հին բուժարարները նկատել են, որ մանանեխը տաքացնում է օրգանիզմը ներսից, և այն ավելացրել են գինու մեջ, ողողել կոկորդը` բորբոքային հիվանդությունների դեպքում. տաքացնել թուրմի մեջ ոտքերը, դնել սպեղանի, օգտագործել սերմը մարսողությունը կարգավորելու, նույնիսկ լսողությունը և տեսողությունը լավացնելու համար։ Դիոսկորիդիսը խորհուրդ է տվել մանանեխը քրոնիկ ցավերի դեպքում։ Ժամանակակից գիտությունն ապացուցել է, որ մանանեխն ունի դրական ազդեցություն նյարդային համակարգի և մկանների վրա, կարգավորում է ճարպերի, սպիտակուցների, ածխաջրերի փոխանակման գործընթացները, նպաստում բջիջների վերականգնմանը և աճին։
Սերմն ունի հակամանրէ հատկություն, այն կարգավորում է աղեստամոքսային համակարգի միկրոֆլորան, ամրացնում ատամների էմալը, ունի միզամուղ հատկություն, նպաստում է քաշի նվազեցմանը։

Բուժում է մանանեխի մեղրը
Բույսի բոլոր տեսակները մեղատու են, 1 հա սև մանանեխի արտից մեղուն մթերում է 190 կգ մեղր։ Մեղրը սպիտակ է կամ ոսկեգույն, ունի նուրբ հոտ, արագ է բյուրեղանում` ստանալով կրեմագույն երանգ։ Մեղրն ունի բուժիչ հատկություն, խորհուրդ է տրվում շնչուղիների հիվանդությունների բուժման համար։

  • Խառնեք 100 գ մեղրը 50 մլ կիտրոնի հյութի հետ։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ջրի հետ։
  • Թոքաբորբ. տաքացրեք 100 գ կաթնաշոռը (ջրային բաղնիք), խառնեք 1 ճ/գ մեղրի հետ, քսեք բամբակե կտորին, վրայից ծածկեք մոմած թղթով և սրբիչով։ Տեղադրեք սպեղանին և կապեք բրդե շալով։
  • Լուծեք մեղրը ջրի հետ (1։1), եռացրեք լուծույթը, հեռացրեք քափը։ Խմեք 50-ական գրամ, օրը 2-3 անգամ։ Այս միջոցն ունի նաև արյունը հեղուկացնող և մաքրող հատկություն։

Եթե ոտքերը և ձեռքերը չեն տաքանում նույնիսկ ամռանը. Խառնեք 2 ճ/գ չոր մանանեխ, 2 մանրացրած կծու պղպեղ, 1 ճ/գ աղ, 10 օր թրմեք 400 մլ օղու մեջ, մութ տեղում, հաճախակի խառնեք։ Շփեք վերջույթները։ Ոգեթուրմն ունի նաև ցավազրկող հատկություն` թեթևացնում է հոդացավերը։
Բարձր ճնշում. Բամբակե պարկիկի մեջ լցրեք 2 ճ/գ մանանեխի փոշի, իջեցրեք տաք ջրի մեջ, կատարեք ոտքերի լոգանք 10-15 րոպե տևողությամբ, լվացեք ոտքերը գոլ, հոսող ջրով, չորացրեք և պառկեք անկողնու մեջ։
Ջերմություն, դողէրոցք. Խառնեք 0,5 թ/գ մանանեխի փոշի և 1 պտղունց աղ, լուծեք 50 մլ սպիտակ գինու մեջ և խմեք։
Ստենոկարդիա. 1 ճ/գ փոշին լուծեք 1 լ տաք ջրի մեջ։ Ձեռքերը 5-7 րոպե պահեք լուծույթի մեջ։
Ոտքերի ջղակծկում. Գոլացրած արևածաղկի յուղին ավելացրեք մանանեխի մանրացրած տերև (8։1), 10 օր թրմեք տաք, մութ տեղում, քամեք։ Քնելուց առաջ քսեք ցավոտ մասերին, վրայից ծածկեք բրդյա կտորով։

  • Ներմերսեք մանանեխի յուղ։

Մկանային, ոսկրային ցավեր. 2 գ մանանեխի յուղը` 100 գ օղու մեջ, կատարեք մերսումներ։
Հոդատապ. Խառնեք 1-ական ճ/գ մանանեխի տրորած սերմ, արևածաղկի յուղ և մեղր, տաքացրեք 10-15 րոպե ջրային բաղնիքի վրա։ Քսեք ցավոտ հատվածին։
Մրսածություն. 1 թ/գ մանանեխի փոշին խառնեք 100 գ հեղուկ մեղրի հետ։ Խմեք 1-ական թ/գ, օրը 3 անգամ, ուտելուց հետո։
Ատամի ցավ. 10 գ մանանեխի փոշին լուծեք 200 մլ տաք ջրի մեջ, կատարեք ողողում գոլ լուծույթով։
Փորկապությունը, մարսողությունը լավացնող միջոց. Խառնեք անիսոնի պտուղը, հազարատերևուկի խոտը, բեկտենի սովորականի տերևը, մանանեխի փոշին (4։2։2։1)։ 2 թ/գ հումքին ավելացրեք 200 մլ եռջուր, 10 րոպե եփեք, թրմեք 15 րոպե, քամեք։ Խմեք 100-ական մլ` առավոտյան և երեկոյան, ուտելուց 30 րոպե առաջ։
Ցելյուլիտ. Մանանեխի փոշին խառնեք մեղրի հետ (2։3)։ Ներմերսեք մաշկին, վրայից ամրացրեք սննդի համար նախատեսված թաղանթ և ծածկեք տաք լաթով, 40 րոպեից ընդունեք ցնցուղ։ Կատարեք 3 օրը մեկ, շարունակեք մեկ ամիս։ Վարիկոզի և մազանոթային ցանցի դեպքում տվյալ միջոցը խորհուրդ չի տրվում։
Ռադիկուլիտ. Խառնեք 100 գ փոշին, 1 ճ/գ աղ, 200 մլ արևածաղկի ձեթ, քսեք ցավոտ հատվածին, առավոտյան և երեկոյան փաթաթեք բրդե շալով։

  • 10 գ մանրացրած մանանեխի սերմը 14 օր թրմեք 100 մլ օղու մեջ։ Կատարեք շփումներ` հոդատապի, ռևմատիզմի, ռադիկուլիտի դեպքում։

Ռադիկուլիտ, հոդաբորբ, օստեոխոնդրոզ. Խառնեք 50 գ մանանեխի փոշի, 50 մլ կամֆորայի սպիրտ, 10 մլ բժշկական սպիրտ, 3 ձվի սպիտակուց, 24 ժամ թրմեք տաք տեղում, հաճախակի թափահարեք։ Քսեք ցավոտ մասերին` օրը 1-2 անգամ, շարունակեք` մինչև վերջանալը։
Ճարպոտ մազեր. 2 լ տաք ջրի մեջ լուծեք 1 ճ/գ մանանեխի փոշի, լվացեք մազերը։ Հեռացնում է յուղային տհաճ փայլը, և մազերն ուշ են կեղտոտվում։
Ճարպոտ մաշկ. 1 թ/գ մանանեխի փոշին լուծեք 1 ճ/գ գոլ ջրում, ավելացրեք 2 ճ/գ գոլացրած ձիթապտղի յուղ, քսեք դեմքին և պարանոցին, 5 րոպեից լվացեք` տաք և ցայեք` սառը ջրով։ Կատարեք օրը 1 անգամ, շարունակեք 10 օր։
Մաքրող միջոց. Մաքուր դեմքին քսեք ձիթապտղի յուղ, 1 ճ/գ մանանեխի փոշին լուծեք 200 մլ տաք ջրում, գդալով լցրեք եռատակ թանզիֆե անձեռոցիկի վրա, դրեք դեմքին, վրայից ծածկեք սրբիչով, 5 րոպեից լվացեք դեմքը և մաքրեք գեղարարական կաթով։

Մանանեխի համեմունքի պատրաստման գաղտնիքները
Ինչպես պարզ դարձավ վերոգրյալից, մանանեխի սերմում պարունակվող եթերային յուղերն ունեն ուժեղ հակամանրէ ազդեցություն և նպաստում են մարսողությանը, իսկ ճարպաթթուները լավացնում են նյութափոխանակությունը և կանխարգելում գիրացումից, եթե, իհարկե, դրա «օգնությամբ» չչարաշահեք մսեղենը, հատկապես` ճարպերով հարուստ։

Մանրացրած սերմից պատրաստված մանանեխային համեմունքը պահպանում է սերմի օգտակար հատկությունները։

Փոշիացրած սերմից պատրաստված համեմունքում մանանեխի յուղի փոխարեն` օգտագործվում են անհամեմատ էժան ռապսի, սոյայի կամ այլ յուղեր, նաև բուրավետ ներկող և քաղցրահամ նյութեր, որոնք կարող են դառնալ դիսբակտերիոզի և ալերգիայի պատճառ։

Կարևոր է իմանալ, որ համեմունքի կծվության աստիճանն առանձնապես չի անդրադառնում մարդու առողջության վրա։

Մանրացրած սերմից պատրաստված համեմունքը պարունակում է մշկընկույզ, ռեհան, մեխակ, դարչին, համեմի սերմ, թարխուն (դաղձ), կոնյակ (սպիտակ գինի)։ Կծվությունը մեղմացնում են քունջութի սերմով կամ սերուցքով, իսկ ուժեղացնում` ծովաբողկի արմատով։

Պարտաճանաչ արտադրողի կողմից պատրաստված համեմունքն ունի բարերար ազդեցություն նյարդային համակարգի, մաշկի, տեսողության վրա, կանխարգելում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը։

Տեսանյութեր

Լրահոս