«Հանրապետության նախագահին բարև տալուց՝ տասը ձեռք իրար հետևից էր գնում». Վարդան Բոստանջյան
«Որքան հասկանում եմ, շատերը վիրավորված են, որ աշխատակազմն իրենց չի ընդունում, ես կարծում եմ, որ կարելի էր ընդունել բոլորին էլ, բոլորն էլ, ըստ էության, իրար հերթ չեն տալիս, շնչահեղձ այնտեղ են գնում, և իշխանությունները կարող են սա ներկայացնել որպես հոյակապ պրոցես»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով Բաղրամյան 26-ում նախագահի հետ տարբեր ուժերի ներկայացուցիչների հանդիպումների և սահմանադրական բարեփոխումների շուրջ տեղի ունեցած քննարկումների մասին՝ նման տեսակետ հայտնեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը:
Հարցին՝ հիմա է՞լ եք վտանգներ տեսնում սահմանադրական բարեփոխումների նախագծի հետ կապված՝ Վ. Բոստանջյանը պատասխանեց, որ այդ մտահոգությունները միայն ինքը չի տեսնում, այլ բոլորն են տեսնում, «նույնիսկ հանրապետականներն են տեսնում, մինչև անգամ Հրայր Թովմասյանն է տեսնում»:
Խոսելով մի քանի առավել մտահոգիչ դրույթների մասին՝ Վ. Բոստանջյանն ասաց. «Թաքնված ձևով գրված է, որ տղամարդը կարող է տղամարդու հետ ամուսնանալ»:
Դիտարկմանը, թե Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ նման կետ չեք գրել, Վ. Բոստանջյանն այսպես արձագանքեց. «Լավ դե, լավ չեք գրել, բացահայտ չեք գրել էլի: Ուրիշ օրինակ՝ եթե երկիրը հայտնվի պատերազմական վիճակում, կարծես, պատասխանատվություն ոչ մեկն իր վրա չի վերցնելու»:
Վ. Բոստանջյանը կածում է՝ իշխանություններն այս պրոցեսով վերարտադրվելու խնդիր են լուծում: Դիտարկմանն էլ, թե բայց գրեթե բոլոր ուժերը ողջունեցին այդ նախագիծը՝ բացառությամբ 3 ուժի, Վ. Բոստանջյանն այսպես պատասխանեց. «Հա, ես ասում եմ, նրանք շնչահեղձ ուզում էին գնային: Այնքան ազդվեցի այդ նկարներից, որ, ասենք, Հանրապետության նախագահին բարև տալուց՝ տասը ձեռք իրար հետևից էր գնում: Եթե մենք այդպիսին ենք, ուրեմն՝ արժանի ենք ամեն ինչի»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: