«Հայաստանի դեմ գործելու ԻՊ հնարավորությունները սահմանափակ են». Ռուբեն Սաֆրաստյան
Որոշ փորձագետների կարծիքով` Թուրքիան «Իսլամական պետության» գրոհայիններին կարող է ուղարկել ուր ցանկանա, այդ թվում՝ Հայաստան, և Թուրքիան ցուցադրական է պայքարում այդ խմբավորման դեմ: Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանից 168.am-ը փորձեց պարզել, թե ի՞նչ կարծիք ունի նա այս ամենի վերաբերյալ:
Թուրքագետը համաձայն է հնչող կարծիքների հետ, թե Թուրքիան «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ստեղծված կոալիցիային ձևական է միացել, իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի դեմ գործելու ԻՊ հնարավորություններին, ապա դրանք, ըստ նրա՝ սահմանափակ են. «Մենք չունենք մուսուլման ազգաբնակչություն, մեր սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ են, որ այնտեղից կարողանան ներթափանցել, Իրան մտնել դժվար թե կարողանան, իսկ Վրաստանում նրանց գործունեությունն էլի սահմանափակ է, այնպես որ՝ մեզ մոտ մտնել չեն կարող: Թուրքիայի հետ սահմանն էլ հսկվում է ռուսական զորքերի կողմից, մենք էլ, այսպես ասած, Ռուսաստանի հովանու ներքո ենք»:
Մեր հարցին, թե Հյուսիսային Կովկասում ինչպե՞ս կարողացան ստեղծել վիլայեթ, չէ՞ որ այնտեղ էլ ռուսական զորքեր կան, նա պատասխանեց, որ այնտեղ ԻՊ-ն հիմք ունի՝ տարբեր մուսուլման ազգեր կան, հետևաբար Կովկասում նրանց գործունեությունը ռեալ է, բայց Կովկասում էլ դեռ չեն սկսել իրական գործունեությունը:
Թուրքագետը նկատեց՝ «Իսլամական պետության» գործունեությունը մի քանի փուլով է տեղի ունենում. «Առաջին փուլում նրանք փորձում են ուղարկել «քնած բջիջներ», այսինքն՝ հատուկ պատրաստված մարդիկ, որոնք տարբեր տեղերից մտնում են այդ երկիր, ու ոչինչ չեն անում, սպասում են հրամանների: Հյուսիսային Կովկասում այդ փուլն արդեն սկսվել է: Հաջորդ փուլում արդեն գործելու հրաման է գալիս: Սկսում են ահաբեկչական գործողություններ անել, պանիկա տարածել, ինչը հնարավորություն է տալիս անցնել երրորդ փուլին, երբ ջոկատներ են ստեղծում ու սկսում են զինված պայքար ծավալել: Այնպես որ՝ մեզ մոտ գալ նրանք դեռ չեն կարող»: