Ինչո՞ւ ԲՀԿ-ն փոխեց իր դիրքորոշումը. պարզաբանում է քաղաքագետ

«2015 թվականի փետրվարի 13-ից հետո այն ԲՀԿ-ն, որին մենք իմացել ենք մինչ այդ, փլուզվեց, և հիմիկվա ԲՀԿ-ն բացարձակ այն ԲՀԿ-ն չէ, որը եղել է Գագիկ Ծառուկյանի ժամանակաշրջանում, և ինձ համար շատ սպասելի էր, որ սահմանադրական բարեփոխումներին կտրականապես դեմ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն Նաիրա Զոհրաբյանի օրոք պետք է ավելի մեղմ վերաբերմունք արտահայտեր և հետագայում պետք է իր կարծիքը փոխեր, ու արդեն հիմա իրենք հայտարարում են, որ պատրաստ են գնալ Բաղրամյան 26 և բանակցել նախագահի հետ»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու ՀԱԿ-ի «Ո՛չ»-ի շարժմանը, և պատրաստ են մասնակցել նախագահի կողմից հրավիրված սահմանադրական բարեփոխումների կոնսուլտացիաներին, այնինչ նախկին ԲՀԿ-ն, ՀԱԿ-ի և «Ժառանգության» հետ միասին, շարժում էր սկսել նույն սահմանադրական բարեփոխումների նախագծի դեմ:

Գ. Համբարյանը 20152. փետրվարի 12-ից հետո սպասում էր նման զարգացումների: Մեր այն հարցին, թե ստացվում է՝ ԲՀԿ-ից միայն Գագիկ Ծառուկյա՞նն էր դեմ սահմանադրական բարեփոխումներին, քաղաքագետն այսպես պատասխանեց. «Ո՛չ, բացարձակ, բոլորն էին դեմ, բայց հիմա իրենք բացատրում են, որ երկար-բարակ մտածելուց հետո գտել են, որ կարելի է գնալ բանակցությունների նախագահի հետ, և նախագահի կողմից առաջադրված բարեփոխումներում կան շատ դրական և և շատ լավ կետեր, ու դրանց վերաբերյալ իրենք ուզում են բանակցել: Այս ԲՀԿ-ն անկախ ԲՀԿ չէ, այդ կուսակցությունը հովանավորվում է համապատասխան ուժերի կողմից, և ինքը չի կարող լինել այն նույն ԲՀԿ-ն, ինչը եղել է Գագիկ Ծառուկյանի օրոք»:

Նրա խոսքով՝ «ով վճարում է, նա էլ պատվիրում է»:

Մենք նաև հետաքրքրվեցինք քաղաքագետից՝ ինչքանո՞վ է հավանական, որ ՀԱԿ-ի նախաձեռնած «Ո՛չ»-ի շարժումը կհասնի հաջողության, երբ երկրորդ քաղաքական ուժն էլ արդեն դեմ չէ սահմանադրական բարեփոխումներին: Ի պատասխան մեր հարցին՝ քաղաքագետն ասաց, որ մեր ընդդիմությունը միշտ էլ աչքի է ընկել իր պառակտվածությամբ: Ըստ նրա՝ վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները, երբ հասարակությունը «հաղթանակներ» տարավ, ցույց տվեց, որ մեր ընդդիմադիր դաշտն ընդհանրապես դուրս է մղված քաղաքական խոշոր գործընթացներից:

«Այդ շարժումները ղեկավարում և հաջողության են հասցնում մեծ մասամբ քաղաքացիական ակտիվիստները՝ հասարակական կազմակերպությունների հետ, քաղաքական ուժերը դուրս են մղված: Այնպես որ, եթե ընդդիմությունը ցանկանում է այդ «Ո՛չ»-ի շարժումն ակտիվացնել և որևիցե հաջողության հասնել, ապա, եթե իրենք չհամագործակցեն քաղաքացիական ակտիվիստների և հասարակական կազմակերպությունների հետ, որոնք մատչելի լեզվով ժողովրդին կբացատրեն, թե ինչ վտանգներ և ինչ բացասական կողմեր ունի Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված սահմանադրական բարեփոխումները, իրենք որևիցե հաջողության չեն հասնի»,- նշեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս