«Ո՛չ»-ի շարժմանը ԲՀԿ-ն չի մասնակցելու. Միքայել Մելքումյան
«Իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել. եկեք մենք տարբեր տիպի ձևեր չընդունենք, թե ոչինչ չի փոխվել: Մինչև փետրվար ամիսը կար ոչ իշխանական հզոր կոնսոլիդացիա, և կար իշխանություն: Եկավ, հասավ մի կետ, երբ ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիան որոշում կայացրեց, որ մի կողմ է քաշվում այդ գործընթացից, և եթե մեր ժողովրդի մեջ կային այնպիսի առաջնորդներ, որոնք պետք է գային առաջնորդեին այդ ամբողջ շարժումը, խնդրեմ, թող գային առաջնորդեին: Ես չեմ ուզում շատ դաժան բան ասել, որ քաղաքական դաշտը վերջնականապես փոշիացավ դրա արդյունքում, բայց տեղի ունեցավ փոփոխություն, այսինքն՝ իշանափոխության ռեալ հայտ ներկայացնող չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Սահմանադրական բարեփոխումների մասին ԲՀԿ կարծիքը ներկայացնող պատգամավորն ասաց, որ վերարտադրության հարցը «հստակ հանում են».
«Վերարտադրությունը հանված է՝ այն առումով, որ ներկա փուլում շատ պաշտոնապես հայտարարվել է՝ այն վերարտադրության մեխանիզմը, որ ակնկալվում էր՝ հետո պետք է լինի, գոյություն չունի: Դեռևս 2012թ. «Բարգավաճ Հայաստանի» ծրագրային դրույթների մեջ էր գրված, որ մենք պառլամենտական համակարգին ենք հասնելու, բայց դա չի նշանակում, որ մենք ռիսկեր չենք տեսնում:
Մենք միշտ ասել ենք, որ այսօր մեր երկրի ամենամեծ խնդիրը քաղաքական որոշումների ընդունման մենաշնորհն է: Այսինքն՝ այսօր կառավարությունը չի կարող իրականացնել գործադիր իշխանությանը բնորոշ իր գործառույթները, որովհետև կաշկանդված է նախագահի ինստիտուտով»:
Պատգամավորն ասաց, որ իրենց կուսակցության առաջին մտահոգությունն է՝ երկրորդ փուլ լինելո՞ւ է, թե՞ ոչ: Երկրորդ՝ ընտրիչների ժողով լինելո՞ւ է, թե՞ ոչ. «Իմ ունեցած տեղեկատվությամբ՝ այստեղ բավականին փոփոխություններ են լինելու, և իհարկե, լուրջ մտահոգություններ կան՝ կապված ներքին և արտաքին կայունության և անվտանգության խնդրի հետ: Ընդունենք, որ լինելու է երկրորդ փուլ. Հանրապետականը ստացավ բարձր ձայներ, է՜, թող երկրորդ փուլում մյուս կուսակցությունները համախմբվեն երկրորդ հերթ ստացածի շուրջը:
Վերարտադրութան խնդիրները լուծում է ժողովուրդը. ժողովուրդն ում քվե տվեց, նա էլ կընտրվի, եթե մեզ հաջողվելու է արդար ընտրություններ անցկացնել: Իսկ եթե մենք ի վերուստ ասելու ենք, որ արդար ընտրություն Հայաստանում չի լինելու, կարևոր չէ՝ թե ով է ընտրվելու, եղա՞վ»:
Պատգամավորը նշեց, որ ի թիվս այլ կուսակցությունների, վաղը ժամը 10:00-ին ԲՀԿ ներկայացուցիչները հանդիպելու ենք Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ և մի քանի ուղղություններով լուրջ մտավախություններ են հայտնելու:
Նա նաև նշեց, որ Հանրապետության նախագահի կողմից հրավիրվող կոնսուլտացիաներին անպայման կմասնակցեն. «Կարծում ենք՝ Հանրապետության նախագահի ինստիտուտը պետք է հարգել, և եթե կա հրավեր, պետք է մասնակցենք, որովհետև Սահմանադրությունն այն հիմնարար փաստաթուղթն է, որը վերաբերում է մեր ամբողջ ժողովրդի և պետության ճակատագրին»:
Մ. Մելքումյանը ասաց, որ հստակ է՝ «Ո՛չ»-ի շարժմանը ԲՀԿ-ն չի մասնակցելու: