Բաժիններ՝

Այս տարվա կտրվածքով դրամի արժեզրկում չենք ունենա. Մեսրոպ Առաքելյան

«Նավթի կտրուկ գնանկումը շարունակվում է, և դա վերջին մի քանի ամիսներին կանխատեսելի էր, քանի որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը նավթի գնի նկատմամբ բացասական սպասումներ առաջացրեց ու, թեև Իրանը դեռևս չի արտահանում այն ծավալներով նավթ, որ կանի պատժամիջոցների վերացումից հետո, սակայն պարզ է, որ առաջիկա շատ կարճ ժամանակահատվածում նավթի առաջարկը գերազանցելու է պահանջարկին և հենց դրանով է պայմանավորված վերջին օրերին նավթի գնի նվազումը, որը հասել է 2009 թ. մակարդակին: Դա, իհարկե, իր անդրադարձն է թողնում ռուսական ռուբլու վրա, քանի որ ՌԴ համար նավթի արտահանումը շատ կարևոր ազդեցություն ունի տնտեսության վրա, նավթի գինն ու ռուսական ռուբլին անընդհատ հակառակ ուղղություններով են շարժվում և վերջին օրերին ռուբլին կտրուկ արժեզրկվում է՝ 1 դոլարը հասել է արդեն 70 ռուբլու: Կարծում եմ, որ նավթի գնանկումը կշարունակվի, ինչով պայմանավորված էլ ռուբլին կշարունակի արժեզրկվել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:

Հայկական դրամը, ըստ նրա, նավթի գնի կամ ռուսական ռուբլու հետ ճիշտ չէ կապելը, քանի որ էներգակիրների հետ մեր տնտեսությունը որևէ առնչություն չունի: Սակայն, նշեց Մ.Առաքելյանը, ռուբլու արժեզրկումն անդրադառնում է տրանսֆերտների վրա, ինչն էլ ազդում է դրամի վրա, քանի որ պակասում է արտարժույթը, իսկ հիմնական տրանսֆերտների երկիրը համարվում է ՌԴ-ն, որտեղից ստանում ենք տարեկան 1.5 մլրդի չափով տրանսֆերտ. «Նախորդ տարվա համեմատ այս տարվա 6-7 ամսների կտրվածքով ՌԴ-ից տրասնֆերտները նվազել են մոտ 2 անգամ: Սակայն միայն այդ գործոնը չէ, որ ազդում է մեր արժույթի վրա: Արտարժույթի ներհոսքի և արտահոսքի վրա ազդում է նաև մեր արտաքին ապրանքաշրջանառությունը: Մենք վերջին տարիներին միշտ ունենում ենք 3 մլրդի բացասական ապրանաքաշրջանառություն, երբ ներմուծումը գերազանցում է արտահանմանը, ինչը հենց պայմանավորում է դրամի արժեզրկումը, քանի որ մոտ 3 մլրդ դրոլարի չափով արտարժույթ դուրս է գալիս երկրից: Սակայն այս տարի ներմուծման կտրուկ նվազում կա, և բացասական սալդոն մոտ 2 մլրդ կկազմի: Դա կկոմպենսացնի տրանսֆերտների նվազումը և գոնե այս տարվա կտրվածքով դրամի արժեզրկում չենք ունենա: Այսինքն՝ եթե լինի էլ, ապա միայն փոքր տատանումներ կլինեն՝ 480 դրամի սահմաններում, որ այս տարվա ընթացքում տեսնում ենք:

Բայց դրամն ուղղակի կապել ՌԴ ռուբլո, կամ ղազախական տենգեի արժեզրկման հետ, կամ այս մի քանի օր է նաև Ադրբեջանում է մանաթի արժեզրկում ակնկալվում դոլարի պակասորդի հետ կապված, ճիշտ չէ: Այդ բոլոր երկրների արժույթն ուղղակիորեն կապված է նավթի հետ, քանի որ բոլորն էլ նավթարտահանող երկրներ են և իրենց արտարժույթի մուտքերը ձևավորվում են հենց նավթից: ՀՀ դրամի վրա այլ գործոններ ևս ազդում են: Հաշվի առնելով դրանք՝ ընդհանուր համատեքստում, կարծում եմ, որ գոնե առաջիկա կես տարում դրամը կպահպանի այսօրվա մակարդակը: Երեկվա դրությամբ դրամ-դոլար փոխարժեքը մի քիչ բարձրացել է, 1 դոլարը 485 դրամ է դարձել, բայց դա ավելի շատ պայմանավորված է ռուսական ռուբլու փոխարժեքով և ավելի շատ սպեկուլյատիվ բնույթ է կրում՝ փոխանակման կետերը այդ ֆոնի վրա փորձում են գումար աշխատել: Բայց մեկ շաբաթում, կարծում եմ, այդ իրավիճակը կկարգավորվի և փոխարժեքը մի քիչ կիջնի»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս