Ինչու Հայ Առաքելական եկեղեցին հրաժարվեց մկրտել Դերսիմի հայերին. Կոմիտաս վարդապետը պարզաբանում է

Արևմտյան Հայաստանի Դերսիմ և Տիգրանակերտ գավառից Համահայկական 6-րդ ամառային խաղերին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ծպտյալ հայերը ցանկացել էին մկրտվել Հայաստանում, բայց Հայ Առաքելական եկեղեցին հայտարարեց, որ Պատրիարքարանի կողմից նրանց ինքնության և խորհրդին պատրաստ լինելու հաստատումից հետո միայն Ս. Մկրտությունը կարող է կատարվել հայկական որևէ եկեղեցում:

Մայր Աթոռի միաբան Կոմիտաս Վարդապետ Հովնանյանն ու ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այսօրվա բանավեճի ընթացքում փորձեցին գտնել այս հարցի լուծումը:
Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ կրոնը մարդու ընտրությունն է, և եթե մարդը որոշում է, որ իր ինքնությամբ և հավատով այսինչ կրոնին է պատկանելու, ապա փաստաթղթի կարիք և իրավունքի ձևակերպում չի կարող լինել:

Կոմիտաս վարդապետը, սակայն, նշեց այն պատճառները, որոնց համար Հայ Առաքելական եկեղեցին նման որոշում է կայացրել. «Թուրքերը միշտ հետևողականորեն հսկողություն են սահմանել հայկական եկեղեցու գործունեության վրա, որ հանկարծ մահմեդականացած հայերին թույլ չտրվի նորից քրիստոնեություն ընդունել: Բայց հետագայում, որպեսզի կարողանան հայկական ապրանքների, գույքի վրա հսկողություն ունենալ, թուրքական ԿԲԳ-ն հատուկ մարդկանց ուղարկեց, որպեսզի ներկայանան որպես հայեր, մտնեն հայ համայնք, ազդեցություն ունենան, և քանի որ այնտեղ ոչ թե պատրիարքն է հայ ապրանքների գույքի տերը, այլ եկեղեցական վարչական խորհուրդը, մտնել խորհրդի մեջ և նրանց միջոցով կարողանալ ձեռք նետել հայկական ապրանքներին, գույքին:

Այս քաղաքականությունն էր Թուրքիայում, այդ իսկ պատճառով պատրիարքարանն սկսեց շատ խիստ լինել: Բացի այն, որ թուրքերը ճնշում էին պատրիարքարանին, որ որևէ ձուլված հայի կրկին եկեղեցի չբերեին, իրենք էլ սկսեցին խիստ քննության ենթարկել:

Ես Գերմանիայում հանդիպել եմ քրդախոս մի աղջկա, որն ամուսնացած էր քրդի հետ և ուզում էր ամբողջ ընտանիքով մկրտվել մեր եկեղեցում, որպեսզի Գերմանիայում կացության թուղթ ստանար: Կային թուրք աղջիկներ, որոնք մկրտվում էին, հետո հայտարարում՝ ի՜նչ է, ջուրը մտնելով ես դադարեցի մահմեդական լինել և դարձա քրիստոնյա՞:

Այսինքն՝ այստեղ ոչ թե կրոնն է խոսում, այլ անձնական և քաղաքական շահը: Մենք՝ հայերս, քանի որ շատ էմոցիոնալ ենք, տրվում ենք այս բոլոր երևույթներին, և ամեն ինչում մեղադրում ենք Հայ Առաքելական եկեղեցուն»:

Հայր սուրբը նշեց, որ անձն իր հավատքը փոխելու ժամանակ պետք է դիմում ներկայացնի իր համայնքին. «Այսինքն՝ նա պետք է մահմեդական մզկիթից ներս ներկայացնի իր դիմումը, որ հրաժարվում է մահմեդականությունից, ստանալով թույլտվություն, նոր կարող ենք նրան ընդունել մեր եկեղեցում, սովորեցնել մեր եկեղեցու հավատամքը, դավանանքը, հետո նոր մկրտենք»:

Հրանուշ Խառատյանն ասաց, որ կան նաև այդպիսիններ, բայց դա դարձնել զանգվածային չի կարելի. «Թուրքիայում պատրիարքարանն իսկապես դժվարություններ ունի՝ մկրտությունների հետ կապված, բայց փակել է մկրտությունների ճանապարհը և փոխարենը մարդիկ գնում ու մկրտվում են Հայ ավետարանական եկեղեցում: Ընդհանրապես, գուցե մարդը հայ չէ, բայց գալիս է Հայ առաքելական եկեղեցի և ուզում դավանել նրան, այս բոլոր տարբերակների վերաբերյալ որևէ պատասխան ունե՞նք, թե՞ միանշանակ փակ է բոլորի ճանապարհը դեպի Հայ առաքելական եկեղեցի»:

Կոմիտաս վարդապետը նկատեց՝ Հայ եկեղեցին ազգային եկեղեցի է. «Դավանաբանական իմաստով՝ ասորիներն էլ են նույն դավանանքին պատկանում, բայց նրանք հայ չեն: Մի խնդիր է նույն դավանքն ունենալ, մի այլ խնդիր՝ նույն ազգությունը հայտարարվել: Հայ և դավանանք, հայ և կրոն, տարբեր բաներ են:
Սկզբից մենք էլ տիկին Խառատյանի նման ասում էինք՝ եթե հայ է, քրդերի մեջ է ապրել, ինչո՞ւ չմկրտենք, բայց տեսանք, որ մեծ մասը ոչ թե քրդախոս հայեր են, այլ քրդեր»:

Հրանուշ Խառատյանն էլ հակադարձեց՝ Հայ առաքելական եկեղեցին մոտեցում չունի իսլամացած հայերի նկատմամբ, դրա համար էլ իսլամական հայերի միջավայրից Հայ առաքելական եկեղեցի իսկապես դիմում են կամ անձնական , կամ քաղաքական նպատակներով մարդիկ, կամ պատահական մարդիկ:

Կոմիտաս վարդապետն ասաց, որ իր անձնական տեսակետից՝ մարդուն չպետք է հայ ընդունել կրոնով, այլ ծագումով. «Եթե մենք կարևորում ենք ազգությունը, ուրեմն կարևորություն տանք ազգությանը, ոչ թե կրոնին: Հայ եկեղեցին, որպես Հայ առաքելական քրիստոնյա ուղղափառ եկեղեցի, ունի իր մոտեցումը այս հարցի վերաբերյալ. նա ով ընդունում է հայ եկեղեցու հավատամքը, դավանանքը, կարող է դառնալ հայ եկեղեցու անդամ: Ասյօր նոր խնդիր է ծագել, որը պետական մակարդակով պետք է լուծվի»:

Հրանուշ Խառատյանը դրան ևս դեմ էր. «Հայ առաքելական եկեղեցին կարող է որոշում ընդունել ամբողջ աշխարհի հայության համար, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ միայն իր քաղաքացիների»:

Տեսանյութեր

Լրահոս